Իսկ ո՞վ ասաց, որ հենց օպերատիվ կառավարման շտաբն է ամենաօպտիմալ մոդելը

Իսկ ո՞վ ասաց, որ հենց օպերատիվ կառավարման շտաբն է ամենաօպտիմալ մոդելը

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՀՀ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովի հետ

- Պարո՛ն Սանդիկով, այս օրերին հայ հասարակությունն իր հայացքը հառել է դեպի Ռուսաստանը եւ ակնկալում է, որ հենց ՌԴ-ն պետք է միջամտի այս կոնֆլիկտի լուծմանը։ Ըստ Ձեզ՝ Ռուսաստանն ի՞նչ չափով պետք է միջամտի, որ մեզ բավարարի։

- Հայ-ռուսական հարաբերությունները եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված բոլոր պայմանագրերը ապրիորի ենթադրում են Ռուսաստանի անմիջական սատարումը Հայաստանին։ Դրանից բացի, գիտեք, մեզ միավորում են նաեւ տնտեսական միավորումները, Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը հենց Ռուսաստանն է, եւ հենց ՌԴ արտգործնախարարի ջանքերով փաստացի երկու անգամ հայտարարվել էր հրադադար, որը չպահպանվեց ադրբեջանական կողմից։ Այս պահին, բնականաբար, ՌԴ քաղաքական վերնախավի աջակցությունն ակնհայտ է, դրա մասին վկայում են թե՛ մեր երկու երկրների ղեկավարների ամենօրյա մշտական կոնտակտները, ԱԳ նախարարն էլ այս պահին գտնվում է Մոսկվայում՝ աշխատանքային այցով, ուստի քաղաքական ամենաբարձր մակարդակի աջակցությունը՝ օր առաջ հաստատման եւ կոնֆլիկտի՝ օր առաջ խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ, ակնհայտ է։

- Իսկ ռազմական աջակցությո՞ւն։

- Ինքներդ Ձեր հարցի պատասխանը, վստահ եմ, գիտեք, որ ՌԴ կողմից ռազմական աջակցության պարտավորությունները սահմանվում են ՀՀ պետական սահմաններով։ Բնականաբար, արցախյան հակամարտության համատեքստում Ռուսաստանի օգնությունը կրում է Մինսկի խմբի համանախագահների կողմից միասնական քաղաքական աջակցության բնույթ։ Եվ կարծում եմ՝ այդ թեման, որ հանրության մեջ տիրում է, թե Ռուսաստանն անմիջապես պետք է զորքեր ուղարկի եւ այլն, դա, գիտեք, այսօրվա օրակարգում չկա, եւ Ռուսաստանի կողմից ամենաբարձր, ամենապատշաճ մակարդակով քաղաքական աջակցությունն իրականացվում է։

- Բայց մենք արդեն 25 օր է՝ տեսնում ենք, որ ադրբեջանաթուրքական տանդեմն ուղիղ Հայաստանի սահմանների նկատմամբ է նաեւ ոտնձգություններ իրականացնում․ ՀՀ տարածքում խփված թշնամական ԱԹՍ-ները դրա վկայությունն են։ Սա հիմք չէ՞, արդյոք, որ այդ ռազմական աջակցությունը մենք ստանանք գոնե ՀԱՊԿ-ի շրջանակներում։

- Իսկ Ձեր կարծիքով՝ արդյոք ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ի վիճակի՞ չէ գնահատել եւ ինքնուրույն որոշել՝ այս ագրեսիայի ծավալը բավականաչա՞փ է, հիմք հանդիսանո՞ւմ է կամ ցանկություն, քաղաքական նպատակահարմարություն կա՞ դիմելու ՀԱՊԿ-ին։ Գիտեք, որ նախաձեռնությունը պետք է լինի հայկական կողմից։ Վստահեցնում եմ Ձեզ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ամբողջ վերնախավը տիրապետում է իրավիճակին, սա մեր կենաց-մահու կռիվն է, սա մեր էկզիստենցիալ պատերազմն է թուրք-ադրբեջանական ոսոխի դեմ, եւ այստեղ, էլի եմ ասում, աշխարհի հանրության ամենամեծ օգնությունը, որը մենք ակնկալում ենք եւ փաստացի ստանում ենք ամբողջ աշխարհից, դա քաղաքական աջակցությունն է։

- Տպավորություն է, որ ՀՀ քաղաքական իշխանությունը չի ցանկանում դիմել Ռուսաստանին, կա՛մ ինչ-որ արժանապատվության հարց է, կա՛մ գուցե հույսը դրել են Եվրոպայի եւ Արեւմուտքի վրա։

- Ըստ Ձեզ, եթե ՀՀ քաղաքական վերնախավը չցանկանար դիմել Ռուսաստանին որեւէ օգնության համար, արդյոք տեղի կունենայի՞ն ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի բազմաթիվ հեռախոսազանգերը, քննարկումները, արդյոք տեղի կունենա՞ր ուժային կառույցների մշտական ղեկավարների կոնտակտը, արդյոք տեղի կունենայի՞ն ԱԳ նախարարների հանդիպումները։

- Դրանք ֆորմալ առումով միշտ էլ տեղի ունենում են։

- Ֆորմալ առումով չեն տեղի ունենում, էլի եմ ասում՝ գործը խոսում է բոլորովին հակառակի մասին։ Հասարակությունում տիրող երեւույթները, կարծում եմ, ինչպես մինչեւ պատերազմն են եղել՝ արհեստականորեն ծնված, որովհետեւ կա հասարակության առանձին զանգված, որը խիստ մտահոգ է, թե մենք փոխելու ենք Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական կուրսը, բայց էս իշխանությունն ինչ արդեն երկու տարի է՝ քաղաքական ղեկն իր ձեռքն է վերցրել, որեւէ հակառուսական կտրուկ գործողություններ, կարծում եմ, չեք փաստի, որ կատարել է։

- Ցավոք սրտի, բազմաթիվ փաստեր են շրջանառվում, որ ձեր իշխանությունը փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, բազմաթիվ հակառուսական եւ դրան զուգահեռ՝ պրոարեւմտյան քայլեր են այս ընթացքում կատարվել ձեր կողմից։

- Ես հազարերորդ անգամ եմ ասում՝ դա կեղծ օրակարգ է, որն արհեստականորեն մտցվում է մեր քաղաքական օրակարգ, դա չի համապատասխանում մեր այսօրվա իրողություններին։ Եվս մեկ անգամ եմ ասում՝ գործերը խոսում են լրիվ հակառակի մասին։

- Ռուսական քաղաքական շրջանակներից կամ քաղտեխնոլոգների կողմից հրապարակային մեզ ասվում է, որ թող Հայաստանը դիմի, եւ Ռուսաստանը կաջակցի։ Ինչո՞ւ չի դիմում Հայաստանը։

- Եվս մեկ անգամ եմ ասում՝ արդյոք Դուք կարծում եք, որ ՀՀ իշխանությունը չունի՞ այդ գիտակցությունը, թե որ պահին ինչ ձեւաչափով եւ ինչ ընթացակարգերով դիմի այս կամ այն երկրի աջակցությանը։ Հազարերոդ անգամ եմ ասում՝ այսօրվա Հայաստանի եւ Ռուսաստանի մշտական կոնտակտները խոսում են Ձեր մտահոգությունների սին լինելու մասին։

- Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի նախկին նախագահները կամ ընդդիմադիր գործիչները փորձում իրենց անձնական կապերով Ռուսաստանից զենք բերել, ինչ-որ օժանդակություն ստանալ։

- Կարծում եմ՝ Դուք ունեք բոլոր հնարավորությունները՝ այդ հարցն ուղղելու անմիջապես իրենց։ Ես ո՛չ իրենց ներկայացուցիչն եմ, ո՛չ իրենց հետ բացարձակ որեւէ կապ ունեմ, ո՛չ էլ հետաքրքրված եմ իրենց այսօրվա ճակատագրով։

- Պարոն Սանդիկով, ինչո՞ւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից միավորվելու, աջակցելու առաջարկներին դուք ընդառաջ չեք գնում եւ մերժում եք նրանց։ Մարդիկ համախմբման կոչ են անում, իրենց աջակցությունն են հայտնում, իսկ ձեր որոշ թիմակիցներ ծաղրում են նրանց, հեգնում են այդ առաջարկը։

- Պետք է նախեւառաջ հասկանալ՝ այսօր Ֆեյսբուքում կամ մեդիադաշտում գոյություն ունեցող տարբեր առաջարկներն ինչ ենթատեքստեր են պարունակում։ Արդյոք դրանք հռետորակա՞ն են, արդյոք դրանց տակ գործնական օգնության ռեալ առաջարկներ կա՞ն, թե՞ ոչ։

- 13 կուսակցություն ռեալ առաջարկով հանդես եկավ, ասացին, որ պատրաստ են օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորել։

- Իսկ ո՞վ ասաց, որ հենց օպերատիվ կառավարման շտաբն է այն ամենաօպտիմալ մոդելը, որ այսօր պետք է պատերազմող երկրին։ Արդյոք դա չի՞ նսեմացնում լեգիտիմությունը այսօրվա մեր ռազմաքաղաքական իշխանության, որը հստակորեն կատարում է իր առջեւ դրված խնդիրը։ Կարծում եմ՝ այսօր մեր առաջին գծում կռվող զինվորն ապացուցում է բոլորովին հակառակը, որ ՀՀ ռազմաքաղաքական ամբողջ վերնախավը, Արցախի Հանրապետության ամբողջ ռազմաքաղաքական վերնախավը հստակորեն կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը։  

- Ի՞նչ նսեմացման մասին է խոսքը, երբ դուք կոչ եք անում համախմբման։ Ո՞վ ում պետք է նսեմացնի այս իրավիճակում։

- Խոսքը չի գնում համախմբման մասին, եթե համախմբման համար է, բարի եղեք՝ եկեք, օգնեք, աջակցեք, բայց ոչ ոք չի ասել, որ հենց ձեր առաջարկած շտաբը, հենց ձեր ասած պաշտոնները զբաղեցնելուց ամբողջությամբ պետք է խնդիրը լուծվի։

- Իսկ այդ դեպքում ինչպե՞ս պետք է աջակցեն։

- Իսկ Ձեր կարծիքով՝ այսօր ՀՀ-ում եւ սփյուռքում բնակվող հայերը չե՞ն գիտակցում այդ օգնության անհրաժեշտությունը եւ չե՞ն սատարում իրենց գործողություններով։