Ցմահ դատապարտյալին զրկում են նույնիսկ խոսքի իրավունքից 

Ցմահ դատապարտյալին զրկում են նույնիսկ խոսքի իրավունքից 

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով, բանդայի կազմավորման և սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանին, որը կալանավայրում անցկացրել է 22 տարի և որի վաղաժամկետ ազատման վերաբերյալ առաջին ատյանի դատարանը դրական որոշում է կայացրել, համաձայնել է «Հրապարակի» հարզրույց տալ, մինչդեռ արդարադատության նախարարությունը ամեն կերպ խոչընդոտում է դատապարտյալի՝ խոսքի ազատության իրավունքը և լրատվամիջոցի աշխատանքը։ Այն, որ Տեր- Սահակյանը համաձայնել է հարցազրույց տալ, հավաստում է նրա որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը, նրա խոսքով՝ Հայրը նույնպես դիմել է քրեակատարողական հիմնարկի համապատասխան վարչությանը, որպեսզի թույլ տան՝ հանդիպի լրագրողի հետ․

Մենք գրավոր դիմումով խնդրել էինք նախարարությանը՝ թույլատրել Տեր-Սահակյանի հետ հանդիպումը, սակայն ստացանք մերժում․ իբր  անվտանգության ապահովման բաժինը գերծանրաբեռնված է աշխատում և հնարավոր չէ այդ հանդիպումը կազմակերպել․

«Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի համալրվածությունը լիարժեք չէ, ինչի պատճառով բաժինն իր գործառութային պարտականությունները կատարում է գերծանրաբեռնված ռեժիմով: Ըստ այդմ՝ ներկայումս հնարավոր չէ ապահովել անվտանգությունը ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հետ հարցազրույց իրականացնելու ընթացքում»։ 

Տեսնելով, որ պտճառաբանությունը ակնհայտ կեղծ է, ևս մեկ դիմում ուղարկեցինք՝ նշելով, որ անվտանգության հետ կապված բոլոր հարցերի պատասխանատվությունը պատրաստ ենք ստանձնել, այս անգամ ևս պատասխանը բացասական էր․

«Անդրադարձ կատարելով Արմեն Տեր-Սահակյանի հետ հանդիպման անվտանգության հետ կապված բոլոր խնդիրների պատասխանատվությունը ստանձնելու Ձեր առաջարկին՝ հարկ է նշել, որ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման կազմակերպումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահպանումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անվտանգության ապահովման բաժինների խնդիրներից է և ենթակա չէ պատվիրակման իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին»,- նշված է նախարարության պատասխանում։