Իրանը ե՞րբ է, ի վերջո, հարվածելու Ադրբեջանին 

Իրանը ե՞րբ է, ի վերջո, հարվածելու Ադրբեջանին 

Անցյալ տարվա ընթացքում երեւի երեք-չորս անգամ, ընդսմին ինչպես 2023-ի հոկտեմբեր 7-ին հերթական արաբ-իսրայելյան պատերազմի բռնկումից հետո, այնպես էլ դրանից շատ առաջ, դեռ 2023-ի մարտին Չինաստանի միջնորդությամբ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման օրերին, Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումների մասին գրելիս, շարունակաբար նշել ու կրկնել ենք, որ կարեւոր անհայտներից մեկը Մերձավոր Արեւելքում այն է, թե արդյո՞ք կլինի ուղիղ բախում Իրանի եւ Իսրայելի միջեւ, իսկ եթե լինի, ապա Իրանը մեծագույն հավանականությամբ ռազմական գործողությունների է դիմելու Ադրբեջանի դեմ, քանի որ այդտեղ 2020-ից տեղակայվել են կարեւոր իսրայելյան լրտեսական տեխնիկա եւ կառույցներ՝ ուղղված Իրանի դեմ։ 

Նույնիսկ այս պահին, երբ Մերձավոր Արեւելքի մի քանի թատերաբեմերում տեղային ռազմական գործողություններ են մղվում, որոնցում ուղղակի ներգրավված է Իսրայելը եւ անուղղակի՝ Իրանը, դարձյալ դժվար է ասել բախումը Իսրայելի եւ Իրանի կիջեւ կդառնա՞ ուղիղ, թե՞ կմնա միջնորդավորված՝ մի կողմից Իսրայելի, մյուս կողմից՝ Իրանի գեներացրած Դիմադրության առանցքի (Axis of Resistance) միջեւ։ Գլխավորապես Գեներալ Քասեմ Սուլեյմանիի ուժերով ձեւավորված այս Դիմադրության առացքին մաս են կազմում թե Հեզբոլլահը, թե HAMAS-ը, թե Եմենի հութիները, թե այլ զինված շիա խմբավորումներ Իրաքում ու այլուր։ Թեեւ հոկտեմբերի 7-ից ի վեր եւ ներկա պահին բախումները Դիմադրություն առանցքը կազմող իրանյան proxy-ների եւ Իսրայելի միջեւ են ընթանում, այդուհանդերձ այս ավարտվող շաբաթում մի վճռորոշ տեղաշարժ կատարվեց, Իրանը հայտարարեց Zionist entity-ի (թարգմանաբար՝ Սիոնիստական սուբյեկտի, Իրանում այդպես են կոչում Իսրայելը) հակաիրանյան լրտեսական ցանցերը վերացնելու գործողություն  սկսելու մասին։ 

Սա ավելի քան ողջունելի հայտարարություն էր եւ մեկնարկ, որովհետեւ Իսրայելի հակա-իրանյան լրտեսական տեխնիկան եւ միջոցները առանձնակի արդյունավետությամբ գործում են Ադրբեջանում, քանի որ տեղակայված են գրեթե Իրանի հետ սահմանին, 2020-ի 44-օրյա պատերազմի արդյունքում արբեջանական վերհսկողության տակ անցած Ֆիզուլիում, Ջեբրաիլում, Զանգելանում եւ այլն։ Այդ մասին ոչ միայն փորձագետներ, լրագրողներ եւ կողմնակի այլ անձինք են խոսել, այլ բառացի հայտարարել են իրանյան ռազմական պաշտոնյաները։ Ընդսմին, 2021-ից ի վեր բազմիցս են հայտարարել։ 

Այդքանով էլ հասկանալի է, թե Իրանի եւ Իսրայելի միջեւ դիմակայությունը ինչու է Հայաստանի համար հետաքրքիր։ Եթե Իրանը այս շաբաթվա ընթացքում Իրաքում Էրբիլին հարվածեց, Պակիստանում Բելուջիստանի տարածքին, երկու դեպքում էլ փաստարկելով, թե ահաբեկիչներ կամ լրտեսներ է վերացնում՝ տեղական իշխանությունների հետ գուցեեւ առնչություն չունեցող, ապա Ադրբեջանի տարածքում պետության, Ալիեւի ռեժիմի կողմից հովանավորվող լրտեսական կայաններ, տեխնիկա, կառույցներ են գործում, որը Իրանի մասին լրտեսական տեղեկությունները փոխանցում են Իսրայելին։ Հետեւաբար, ո՞ր տրամաբանությամբ պետք է Իրանը Իրաքի ու Պակիստանի սահմաններ խախտելով ինչ-որ բիզնեսմեն կամ մի-երկու ահաբեկիչ թիրախավորի եւ վերացնի, փոխարենը հանկարծ ուղիղ իր սահմանին տեղակայված իսրայելյան լրտեսական կառույցները հանդուրժի։ Նման վարքում չի լինի տրամաբանություն։ 

Անցնող ամբողջ շաբաթվա ընթացքում, երբ տարբեր մասնագետներ միջազգային լրատվամիջոցներում վերլուծում էին Իրաքին եւ Պակիստանին հասցված Իրանի հարվածները,  դրանց մոտիվացիան, հաճախ այն տեսակետն էր հնչում, որ Իրանը գուցե իրականում այլ հարվածների է նախապատրաստվում, Էրբիլի ու Բելուջիստանի հարվածները ուղղակի նախազգուշական քայլ էին թե կողմնակիցներին ուղղված, թե հակառակորդներին, որ Իրանը տեղայնացված ռազմական գործողություններ է իրականացնելու։ Այսպես ասած՝ սկզբի մասին ազդարարում էին։

Ամեն պարագայում, 2024-ի անցած քսան օրվա ընթացքում մի քանի ահաբեկչություններ իրականացվեցին Լիբանանում՝ Իսրայելի կողմից, Իրանի Կերման քաղաքում՝ ISIS-ի կողմից, որի պատասխասնատվությունը Իրանը նորից Իսրայելի վրա դրեց, մինչ այդ անցյալ տարեվերջին Իսրայելը Սիրիայում Իրանի հեղափոխության պահապանների գնդի բարձաստիճան գեներալներից մեկին ահաբեկչությամբ վերացրեց, որը Քասեմ Սոլեյմանիի աջ ձեռքն ու տեղակալն էր եղել։ Թիրախային ահաբեկչությունները, որ կարողանում է իրականացնել Իսրայելը, կենսականորեն անհրաժեշտ են դարձնում, որպեսզի proxy-ների միջոցով մղվող ռազմական գործողություններից բացի, Իրանը ուղղակիորեն ներգրավվի եւ ինքը ոչնչացնի իսրայելին սպասարկող լրտեսական կառույցները։ Այդ թվում, ինքնաբերաբար, իրանյան սահմանին այնքան մոտ գտնվող, տեխնիկապես հագեցած, Իսրայելի համար հասանելի լրտեսական կենտրոնները Ադրբեջանում, վերջինիս կողմից 2020-ին գրաված ԼՂՀ տարածքներում։

Այդքանով էլ այլեւս երկրորդական է Իրանն ու Իսրայելը ուղիղ կբախվեն, թե ոչ, վճռորոշ տեղաշարժը այս շաբաթ եղավ՝ Իրանը հայտարարեց, որ վերացնելու է իր դեմ գործող իսրայելյան լրտեսական կառույցները, որտեղ էլ դրանք լինեն։ Հետեւաբար, Իրանի կողմից Ադրբեջանի տարածքում գործողությունները եւ ինտերվենցիան դառնում են օրակարգային։ Արդյո՞ք  Պակիստանին հարվածելով, Իրանը նախազգուշացնում ու զսպում էր, որ իր հետագա քայլերին դիմադրություն կամ միջամտություն չլինի․․․

Իրադրությունը զարգանում է, եւ Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունները Իրանի կողմից դառնում են զգալիորեն ազդարարված եւ սպասելի, ի դեմս Ադրբեջանում գտնվող իսրայելյան լրտեսական տեխնիկայի եւ կառույցների գոյության հանգամանքի։ Մնում է տեսնել երբ գործողություններ եւ ինտերվեցիա կլինի եւ Ալիեւի վերընտրության ու ռեժիմի համար դա ինչ կնշանակի։