Ինքնապաշտպանական բնազդ էլ չունե՞ք

Ինքնապաշտպանական բնազդ էլ չունե՞ք

Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչն է խանգարում այս իշխանության ներկայացուցիչներին, տարբեր պաշտոններ զբաղեցնող այս անհայրենիք զանգվածին գոնե հիշել սեպտեմբերի 19-ը, խոսել Արցախի կորստի մասին, ցավի ու ափսոսանքի խոսքեր հնչեցնել, կարեկցել բնավեր արցախցիներին: Այս ի՜նչ համատարած վախ է տիրում իշխող կուսակցության եւ նրա արբանյակների շրջանում, որ սարսափում են Արցախ բառն անգամ արտաբերել, մի քանի տող գրել-ասել:

Հասկանալի է` իրենց մեղավոր են զգում, գիտեն, որ իրենք են կործանել մի ամբողջ պետություն, ամաչում են խոսել իրենց սխալներից, բայց դա պատճառ չէ մի ամբողջ պետություն, մեր հայրենիքի, մեր պատմության մի մեծ կտոր մոռացության տալու համար: Ձեւացնելու համար, թե չի եղել նման բան եւ մենք ոչ մի պարտք ու պահանջ չունենք Ադրբեջանից:

Տարրական խելքն ու տրամաբանությունը պետք է հուշեր նրանց, որ ինչքան արագ փակեցին Արցախի էջը, ինչքան շուտ մոռացության տվեցին այն, ինչքան շատ ենթարկվեցին հարեւան ագրեսորի թելադրանքին, այնքան մեծանալու է նրա ախորժակը: Եւ նա օրենցօր ավելի ու ավելի անիրականանալի պահանջներ է ներկայացնելու իրենց ու Հայաստանին: Եւ ճիշտ հակառակը` Արցախի թեման թեժ պահելը, միջազգային հանրությանն այդ դիսկուրսի մեջ ներգրավելը, պահանջատեր լինելը կարճացնելու է մեր թշնամու լեզուն, ստիպելու է, որ նա ավելի շատ ջանք թափի Արցախը պահելու վրա` ժամանակ չունենալով այլ թիրախների վրա կենտրոնանալու: Վաղը դրանք ոչ միայն ասելու են փակեք ձեր ատոմակայանն ու հանքերը, ոչ միայն սովետական տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիների ժառանգներին են փորձելու ուղարկել մեր երկիր, այլեւ նորանոր` մեկը մեկից սահմռկեցուցիչ պահանջներ են դնելու մեր, հենց` իրենց առաջ: 

Լավ` հայրենասեր չեք, Արցախը ձեզ համար վզից կախված ծանր բեռ էր, որից ազատվեցիք, մարդկային տարրական թասիբ, արժանապատվություն, ինքնապաշտպանական բնա՞զդ էլ չունեք: Վաղը հաբռգած քոչվորները ձեր անձնական ունեցվածքն են խլելու, ձեր կանանց ու զավակներին են սպառնալու, ձեր շնչած օդն են սահմանափակելու...