Խոսնակը մոռանում է՝ ԱՀ նախագահը նաև ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահն է

Խոսնակը մոռանում է՝ ԱՀ նախագահը նաև ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահն է

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թերևս ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի մոտ այնքան մեծ է գայթակղությունը հակադարձելու, հակառակվելու Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին և մասնավորապես ինձ, որ մոռանում է, որ Արցախի Հանրապետության նախագահը նաև ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահն է, որին էլ դիմել եմ Հանրապետության համար այս ծայրահեղ անհրաժեշտ և նշանակություն ունեցող հարցով: Վերջում մի փոքր խորհուրդ՝ ուշադիր եղեք»:

Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն անդրադառնալով Աղավնո գյուղի ճակատագրին, նշել էր, որ Արցախի Հանրապետության նախագահը կա'մ պետք է հերքի Աղավնոյի մասին լուրերը, կա'մ գործուն քայլեր ձեռնարկի:

Հարցի առնչությամբ «Արցախպրես»-ը դիմել էր ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին։
 «Քաշաթաղի շրջանի`  մեր վերահսկողության տակ գտնվող երեք բնակավայրերի ապագան մեկ անգամ չէ, որ  քննարկվել  է ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում։ Այդ քննարկումներին մասնակցել են նաև ԱՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Որոշ նիստերի` նաև պրն. Գալստյանն անձամբ։ Հաշվի առնելով խնդրի նրբությունը, բնականաբար, նաև կարևորությունը` ծագած  հարցերի պատասխանների համար պրն Գալստյանին առաջարկում եմ դիմել ԱՀ Անվտանգության խորհրդին»,- ասել էր Ավանեսյանը: