Աշակերտների ծնողները տնօրենին մեղադրում են կաշառակերության մեջ

Աշակերտների ծնողները տնօրենին մեղադրում են կաշառակերության մեջ

«Հրապարակը» Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի ծնողներից նամակ է ստացել, որտեղ դպրոցի 7բ դասարանի ծնողներից մեկը խնդրել է մեզ բարձրաձայնել դպրոցում տիրող արատավոր երևույթների մասին: 

Նամակում մասնավորապես ասվում է, որ բոլոր հարցերը դպրոցում լուծվում են «ծրարով»։ Երբ որեւէ ուսուցչից իրենք բողոքում են, դա ոչ մի ազդեցություն չի ունենում: Իսկ ուսուցիչներից մեկը «ժամասպանությամբ է զբաղված դասարանում, դաս չի անում, չի բացատրում, ցածր գնահատականներով ահաբեկում է երեխաներին»։
Եւ մեզ հորդորում են` դուք ուղիղ հարց տվեք իրեն` «եկե՞լ է իր մոտ 7բ- ի ծնողկոմիտեն և իրեն ծրար տվե՞լ են թե ոչ»:

«Հրապարակը» զրուցեց դպրոցի տնօրեն Նելլի Ղազարյանի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ են 7բ դասարանի ծնողներից իրեն նման ծանր մեղադրանքներ ուղղում: Նա մեզ հետ զրույցում զարմացավ, խնդրեց երկրորդ անգամ ընթերցել նամակը, որպեսզի հասկանա, թե ինչում են իրեն մեղադրում և շեշտեց. «7բ դասարանի դասղեկը հինգերորդ դասարանից Արևիկ Հայրապետյանն է, որը շարունակում է տվյալ դասարանում մաթեմատիկա դասավանդել հինգերորդ դասարանից մինչ այսօր, ես չգիտեմ, թե ինչ նամակ է դա: Ես այստեղ մեկ տարի է, ինչ տնօրեն եմ, երբ եկա դպրոց, ձեր նշած դասարանը 6բ դասարանն էր: Հայրապետյանը դասղեկությունը ստանձնել է նախկին տնօրենի ժամանակվանից, շարունակում է իր աշխատանքը մինչ օրս: Հոսքեր էլ չկան, որ ասենք` մյուս հոսքից են ասել», - ասաց Ղազարյանը:

Իսկ դպրոցում կա՞ Հարությունյան ազգանունով մաթեմատիկայի ուսուցիչ, ումից ծնողները դժգոհում են. հարցրինք տնօրենին. «Հարությունյան ազգանունով մաթեմատիկայի ուսուցչուհի ունենք, որը դասավանդում է 7գ դասարանում, նա մեր դպրոց է ընդունվել աշխատանքի հոկտեմբեր ամսից, 7գ դասարանում փոքրիկ խնդիր է եղել, ծնողների հետ հանդիպում ենք ունեցել և ունեցել պրոդուկտիվ քննարկում, փոխելով ուսուցչին, ես պարտավոր եմ լսել ծնողին և լուծում տալ նրա բարձրացրած խնդրին: Ի սեր Աստծո, ի՞նչ 50 000 դրամի մասին է խոսքը, յուրաքանչյուր ծնող, ով ինձ ճանաչում է, շատ լավ գիտի իմ սկզբունքները: Ես սկզբունքորեն չեմ ընդունում, երբ դպրոցը վերածում են շուկայի, նման երևույթներին ես հարգանքով չեմ մոտենում»,- ասաց տնօրեն: Մենք նաև հարց ուղղեցինք` Վերջին զանգի համար դրամահավաքություն եղե՞լ է դպրոցում, նա ասաց. «Այսօր մեր դպրոցում Վերջին զանգ էր, անգամ դպրոցի փոքրիկ ձևավորումը կատարվել է դպրոցի արհմիության միջոցներով, որևէ լումա ծնողները չեն հավաքել, անգամ ծաղիկներ և այլն դպրոց չի մտել, վստահեցնում եմ Ձեզ», - խոսքը եզրափակեց տնօրենը: