Դատախազությունը դատավորներին պատժելու պրակտիկա է ձեւավորում 

Դատախազությունը դատավորներին պատժելու պրակտիկա է ձեւավորում 

Երկու օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն տվեց դատախազության միջնորդությանը՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցնելու եւ նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Դատավորին մեղադրանք է առաջադրվել․ նա մեղադրվում է գործերից մեկով դատական ակտը ուշ տրամադրելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Ստեփանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանից երեկ հետաքրքրվեցինք՝ այս գործը չէ՞ր կարող կարգապահական վարույթով լուծվել, ի վերջո, բոլոր դատավորներն են ուշացնում որոշումների տրամադրումը եւ նման բովանդակությամբ բազմաթիվ գործեր են քննարկվել ԲԴԽ-ում ու ավարտվել դատավորին նկատողություն տալով, փաստաբանը պատասխանեց․ «Դե, երկրում պրակտիկա են փոխում։ Որոշումը, որ` եթե դատավորն ուշ է ուղարկել, որի արդյունքում վաղեմության ժամկետ է լրացել, դատախազությունը պրակտիկա է փոխում, փորձում է դա քրեական իրավունքի տիրույթում դիտարկել, այն դեպքում, երբ միշտ քննարկվել է կարգապահական վարույթի շրջանակներում։ Ուղղակի ցավում եմ, որ որոշ ներգրավված սուբյեկտներ բավարար կամք չեն դրսեւորում, որ նմանատիպ իրավիճակները կանխեն»։

Դատավորների նկատմամբ այս արատավոր պրակտիկան ձեւավորելու «քավորն», ի դեպ, ԲԴԽ-ն է՝ նորընտիր նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորությամբ․ նրա միջոցով էլ դատախազությունը դատավորներին «պատժելու» նոր գործընթաց սկսել դատավորների դեմ։