Մենք պետք է այս գործընթացից ուժեղացած դուրս գանք

Մենք պետք է այս գործընթացից ուժեղացած դուրս գանք

Ամուլսարի իրադարձությունները եւ հանքի շահագործումը կասեցնել-չկասեցնելու հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը պառակտում է մտցրել առանց այն էլ բազմաշերտ «Իմ քայլում»։ Հատկապես այն պատգամավորները, ովքեր քաղաքականություն են մտել որպես բնապահպան-ակտիվիստներ կամ, այսպես կոչված, սորոսականներ, առաջին անգամ հստակ դեմ արտահայտվեցին՝ Փաշինյանի «լայվին» զուգահեռ գրառումներ ու հայտարարություններ անելով, թե «Ամուլսարը հանք չի դառնա», եւ հանքի շահագործման հարցում իրենց հակառակում չեն համոզի։ Նրանց թիվը երկու տասնյակից ավելի է՝ Լենա Նազարյան, Էդգար Առաքելյան, Վարազդատ Կարապետյան, Միքայել Զոլյան, Սոֆյա Հովսեփյան, Մերի Գալստյան  եւ ուրիշներ։ Նրանք թե՛ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ թե՛ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ընթացքում չեն թաքցրել իրենց կարծիքը։ Ոմանք կանխատեսում են, որ այս խումբը ոչ հեռավոր ապագայում կարող է առանձնանալ «Իմ քայլից» եւ առանձին միավոր ձեւավորել։

«Ըմբոստները» զայրացել են Փաշինյանի որոշումից, իսկ վերջինս էլ՝ նրանց ըմբոստության փաստից։ Փաշինյանի զայրույթը շարժել է այն, որ իր կարծիքն օրենք չէ այս մարդկանց համար, ում ինքն է ասպարեզ բերել, մանդատի տեր դարձրել։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, օրինակ, վարչապետի «լայվից» րոպեներ առաջ գրառում կատարեց Ֆեյսբուքում, որ փորձաքննություն իրականացրած ԷԼԱՐԴ-ի զեկույցի հետ կապված իր մտահոգությունները չփարատվեցին, եւ ինքը մնում է իր դիրքորոշմանը, որ զեկույցն առավելապես հակասական է՝ կոնկրետ, առավել եւս հանքը շահագործելու, որոշում կայացնելու համար։  

Հանքի շահագործմանը դեմ օրենսդիրների առաջնագծում է նաեւ Միքայել Զոլյանը՝ Սուրեն Զոլյանի որդին։ «Եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։ Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը եւ բաց եմ ցանկացած փաստարկների եւ նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է»,- Փաշինյանի հետ հանդիպումից երկու օր առաջ գրել էր պատգամավորը։

Գայանե Աբրահամյանն Ամուլսարի նոր մետաղական հանքի բացման անընդունելի ծրագրի ՇՄԱԳ-ը դեռ տարիներ առաջ կարդալուց հետո հասկացել է, որ Հայաստանում առկա այս ոլորտի օրենսդրական կարգավորումներով, կոռուպցիոն ահռելի ռիսկերով, ոլորտը կարգավորող ինստիտուտների թերզարգացած, վերահսկող ողջ համակարգի գրեթե չգոյության պայմաններում հնարավոր չէ ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն: Եղան նաեւ պատգամավորներ, ովքեր անգամ վարչապետի խոսքից հետո չփոխեցին իրենց կարծիքը։

Մերի Գալստյանը տեղեկացրեց, որ ««Լիդիան» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) առկա են լուրջ բացեր եւ թերացումներ, որոնք առհասարակ հարցականի տակ են դնում եղած եզրահանգումների եւ գնահատականների վստահելիությունը: Էդգար Առաքելյանը հարցեր էր ուղղել ՔՊ վարչության ընկերներին։ Նախ հարցրել էր, թե արդյոք կազմակերպությունը, որն ընտրվել էր նախորդ տարվա աշնանը, համապատասխանո՞ւմ է «անառարկելի հեղինակություն ունեցող» սահմանմանը։ «Էլ չենք խոսում նրա մասին, թե արդյոք այն միջազգայի՞ն է, թե՞ պարզապես օտարերկրյա»: Ապա գրել էր, որ Փաշինյանը կրկին դիմել է բնապահպանության նախարարությանը՝ նոր ՇՄԱԳ կազմելու անհրաժեշտությունը քննարկելու հարցով։

Կարելի է, անշուշտ, թիմում տարբեր կարծիքներ ունենալ, ներթիմային քննարկումներ ծավալել, բայց Ամուլսարի հարցով իմքայլականներից ոմանք գերազանցեցին ամենամոլի ընդդիմադիրներին եւ հատկապես այն դեպքում, երբ  պրոփաշինյանականները հանրությունից վստահություն են աղերսում՝ խոստանալով, թե կառավարությունը կվերահսկի հանքի շահագործման ռիսկերը։ Եվ ստացվում է, որ թիմի ներսում անգամ Փաշինյանին չեն վստահում եւ չեն լսում։ Ինչով կավարտվեն այս դրամատիկ իրադարձությունները, Ամուլսարի հարցը կբերի՞ «Իմ քայլի» պառակտման, կլինե՞ն մարդիկ, որոնք մանդատով կհատուցեն Նիկոլ Փաշինյանի կամքին դեմ գնալը։

Պատգամավոր Էդգար Առաքելյանը դեմ է թվարկված 3 տարբերակին էլ, նախընտրում է «չորրորդ ճանապարհը», այն է․ «Բազմակարծիք ֆրակցիայի կայացում։ Բազմակարծությունը, ներառականությունը՝ սրանք ոչ թե թերություններ ու խնդիրներ են, այլ առավելություններ, եւ պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ որպես կառավարող ուժ, այդ առավելություններն օգտագործել հօգուտ թիմի, պետության ու ժողովրդի»։ Պատգամավորը շեշտեց, որ ինքն անձամբ բոլոր ջանքերն օգտագործելու է իր պատկերացրած այդ ուժը կերտելու ուղղությամբ։ Հետաքրքրվեցինք՝ մյուս կողմում կընդունե՞ն իր առաջարկած ճանապարհը։ «Միանշանակ։ Մեզ մոտ կողմ չկա, մենք գործընկերներ ենք, յուրաքանչյուրն անհատականություն է։ Այո, այս հարցի շուրջ չունենք միասնական դիրքորոշում, կոնսենսուս։

Ընդհանրապես, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դասական քաղաքականության իմաստով սա ստանդարտ իրավիճակ չէ՝ հաշվի առնելով նաեւ, որ մեկ-երկու պատգամավոր չէ, որ կարող է թողնել-հեռանալ, այլ ֆրակցիայի մի զգալի հատված։ Այսինքն՝ սա գործոն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Մենք ուժ ենք, որը եկել է սպասարկելու հանրության շահերը, պետք է այս գործընթացից ուժեղացած դուրս գանք»։