Դա հետապնդման փորձ էր, որպեսզի ազդեր ռեկտորի ընտրությունների ելքի վրա

Դա հետապնդման փորձ էր, որպեսզի ազդեր ռեկտորի ընտրությունների ելքի վրա

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները կրքեր բորբոքեցին թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո։ Դա կապված էր այն բանի հետ, որ իշխանությունը ռեկտորի պաշտոնում ուզում էր իր թեկնածուին անցկացնել, եւ դրա համար ընտրություններից մեկ օր առաջ «Հայկական ժամանակ»-ի կայքում՝ armtimes.com-ում, մի լուր հրապարակվեց՝ «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասներ են հասցվել կրթական հաստատությանը» վերնագրով: «Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրների համաձայն, Բրյուսովի անվան բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն իր պաշտոնավարման ընթացքում կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում իրավապահ մարմիններում գործ է քննվում։ «Նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգեւավճար, 10-ից ավելի ուսանողների անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ»,- մասնավորապես գրված էր հրապարակման մեջ։ 

Թե՛ այդ, թե՛ ընտրության օրը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ համալսարանը՝ նշելով, որ ռեկտորի ընտրության նախաշեմին հատուկ ուղղորդված եւ սխալ տեղեկություններ են տրամադրվել, իսկ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղեկանքը ստանալուց հետո, համաձայն կարգի, 5-օրյա ժամկետում համալսարանը կտա իր կարծիքը եւ մանրամասն կանդրադառնա յուրաքանչյուր կետի։ 
Համալսարանի Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն պատրաստ է նաեւ իրենց պատասխանը եւ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումներին ի պատասխան, որը 60 էջանոց փաստաթուղթ էր, ուղարկել են համալսարանի շատ ավելի մեծ ծավալով պատասխան պարզաբանումը, որտեղ կետ առ կետ հերքում են տարածված նյութում տեղ գտած տեղեկությունները։

Օրինակ, այն դիտարկմանը, որ ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգեւավճար, Ցոլակ Ակոպյանը նկատում է․ «Ռեկտորը պարգեւավճարներ նշանակել է ինչպես բոլորին, այնպես էլ իրեն, խոսքը 13-րդ աշխատավարձի մասին է, առանձին ինքն իրեն պարգեւավճար չի տվել։ Իրենց մեկնաբանությունն այն էր, որ ռեկտորն իրավունք չունի ինքն իրեն պարգեւավճար տալու, քանի որ գործատուն դա պետք է տա, բայց բուհերի մասով ռեկտորի գործատուն հոգաբարձուների խորհրդի նախագահն է, որը նման լիազորություն չունի, դեռ ավելին՝ կա պայմանագիր՝ 5 տարի առաջ ռեկտորի եւ հոգաբարձուների խորհրդի միջեւ կնքված, որի համաձայն, այդ լիազորությունները տրված են ռեկտորին։ Այսինքն, բոլորի հետ միասին ինքը կարող է պարգեւավճար տալ նաեւ իրեն»։

Ինչ վերաբերում է ուսանողության հետ կապված հարցադրումներին, ապա․ «Իրենք 13 ուսանողի մասին են խոսում, որից 4-ը պրակտիկայի է եղել, նախ, իրենք հղում են տվել մի կարգի, որն այդ պահին չի եղել, օրինակի համար՝ ուսանողը 2018թ․ ապրիլին գնացել է պրակտիկայի, կարգն ընդունվել է 2018-ի դեկտեմբերին: Իրենք ասում են, որ, այդ կարգի համաձայն, ուսանողը չի անցել պրակտիկա, կեղծ փաստաթուղթ է ներկայացվել, բայց այդ պահին այդ կարգը չի եղել: Ինչ վերաբերում է մնացած 9 ուսանողներին, որոնց մասով գրել էին, թե նրանք պարբերաբար չեն եղել Հայաստանում, իրականում մի կիսամյակի մասին է խոսքը, որոնք նախապես զգուշացրել են բուհին եւ մեկ շաբաթ շուտ են հանձնել քննությունը եւ մեկնել են արտասահման»: 

Նշվել է նաեւ, որ 10-ից ավելի ուսանողների անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ։ Այս մասով եւս համաձայն չէ Ց. Ակոպյանը. «Նման բան չի եղել, խոսքը պետական զեղչերի մասին է, իսկ դրանք սահմանամերձ ուսանողներն են, որոնք սահմանամերձ համայնքներում են բնակվում, առավել մանրամասն պարզաբանում տրվել է նաեւ այս հարցով»: 

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ «համալսարանի ռեկտորը հնոցապանի հաստիքում հրամանագրել է անձի, որը չի եղել հանրապետությունում, սակայն նրա անվամբ դուրս է գրվել 700 հազար դրամի շրջանակներում աշխատավարձ», Ակոպյանը նկատեց. «Այդ մասով, երբ իրենց ստուգումների արդյունքում դա բացահայտվել է, համապատասխան մարդիկ պատիժ են կրել, եւ դրան ընթացք է տրվել ժամանակին, այսինքն՝ չի քողարկվել, եւ այդ հաստիքի անմիջական ղեկավարը ո՛չ ռեկտորն է, ո՛չ պրոռեկտորը, որոնք չէին կարող իմանալ՝ այդ աշխատողը գալի՞ս է աշխատանքի, թե՞ ոչ։ Դա անմիջական ղեկավարի հսկողության տակ է եղել,-ասում է դեկանն ու հընթացս նկատում, որ ստուգումների մեջ կա նաեւ դրական հանգամանք, որովհետեւ,- յուրաքանչյուր ստուգում օգնում է նաեւ մեզ՝ բացահայտելու մեր թերությունները, եւ այս աշխարհում չկա իդեալական ոչ մի բան, որ 100 տոկոսով աշխատում է, հատկապես մեծ հիմնարկների մասով, բայց այն հանգամանքը, որ ռեկտորի ընտրություններից առաջ նրանք շատ արագ մեկ օրվա ընթացքում ներկայացնում են 60 էջ կարծիք եւ շատ կարճ ժամանակ են մեզ տալիս դրան պատասխանելու համար եւ միանգամից մամուլում` իրենց հավաստի աղբյուրներով, հրապարակում են այդ ամենը, ես վստահ եմ, որ դա հետապնդման փորձ էր, որպեսզի ազդեր ռեկտորի ընտրությունների ելքի վրա, կասկած չկա: Թե ինչքանով ազդեց, արդեն կյանքը ցույց տվեց, մարդիկ ճիշտ ընտրություն արեցին, եւ իրենց դեպքում դա հակառակ էֆեկտն ունեցավ»: 
Այս իրավիճակում, երբ բուհը եւս ներկայացրել է իր պարզաբանումները, վերջնական որոշումը պետք է կայացնի վարչապետը։ «Հիմա պետք է վարչապետը որոշում կայացնի՝ տալի՞ս է իրավապահ մարմիններին, թե՞ ոնց, եւ գործն ի՞նչ ընթացք է ստանում»,- հավելում է Ց. Ակոպյանը: