Էդմոն Մարուքյան, ասուլիս տալուց առաջ մի քիչ մտածիր

Էդմոն Մարուքյան, ասուլիս տալուց առաջ մի քիչ մտածիր

Ուժեղ, ծրագիր ու աշխարհայացք ունեցող մարդիկ, սկզբունքային մարդիկ չեն նայում աջուձախ, չեն լսում, թե՝ ով ինչպես է գնահատում իրենց, ով ինչ կարծիքի է իրենց գործունության մասին։ Ողջ օրը չեն «լռվում» ֆեյսբուքում եւ չեն կարդում անհայտ ծագման ֆեյքերի, կիսագրագետ պողոսների քոմենթներն ու ստատուսները։ Իրենց գծած ճանապարհով գնում են եւ իրականացնում են իրենց ծրագիրը, անշեղորեն մոտենալով նպատակակետին։ 
Միայն թույլ, չկողմնորոշված, սեփական ծրագիր ու հայեցակարգ չունեցող մարդիկ ու խմբերն են տերեւի պես դողալով հետեւում, թե ով, ինչ գրեց, ով ինչ գնահատական տվեց։ Խելացի մարդիկ հասկանում են, որ․
1. Գնահատական տվող մարդը կարող է թերի տեղեկացված լինել, թերի գիտելիքներ ու աշխարհայացք ունենալ եւ սխալ հիմքի վրա ի սկզբանե սխալ հետեւություններ անել։
2. Գնահատական տվող մարդը կարող է նաեւ ուղղորդված լինել եւ կառավարվել որոշ ուժերի կողմից՝ հենց իր նկատմամբ հոգեբանական եւ այլ ճնշում գործադրելու նպատակով։

Հիմա դառնանք բուն թեմային։ Երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը ճանապարհ անցած, քաղաքական պայքարի փորձ ունեցող կուսակցություն է, հայտարարում է, որ «հասեք, հայ հասեք՝ մեր դեմ արշավ է՝ մեզ քննադատում են, բայց քանի որ մեղավորը մենք չենք, այլ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ երկու աղջիկները, ուստի մենք որոշել ենք խմբակցության ղեկավարին՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչել ավագանուց, միանգամից մի քանի եզրակացություն է ծնվում»․

1. Հետկանչը ոչ թե իրենց որոշումն է, այլ Նիկոլ Փաշինյանինը կամ Հայկ Մարությանինը, ինչն ինքնին ամոթալի է ընդդիմադիր կուսակցության համար։

2. Իրեն ընդդիմություն հռչակած ԼՀԿ-ն ու նրա առաջնորդ Էդմոն Մարուքյանը հոգեկան անհավասարակշիռ, չկողմնորոշված, սեփական դիրքորոշում չունեցող մարդկանց խումբ է, եւ ֆեյսբուքյան արշավներով նրանց հնարավոր է լիովին կառավարել ու գործողություններ թելադրել։

3. ԼՀԿ-ում չեն գնահատում իրենց ունեցած ռեսուրսն ու աշխատող մարդկանց եւ պատրաստ են ամեն մի թեթեւ քամուց ճկվել եւ իրենց ամենաարժանի կադրերին «փուռը տալ»։

Երեք դեպքն էլ ամոթալի է ու կուսակցությանը վարկաբեկող։