Ադրբեջանից ստանալ երաշխիքներ ճանապարհի համար նույնն է, ինչ ՀՀ վարչապետի խոստացած պայծառ ապագան
Նախորդ ամիս կարծես, թե ազգովի «փրկում էինք» Բերձորը, բայց Բերձորի փրկության անհիմն ու անհասկանալի ամսաթիվ հռչակված հուլիսի 1-ից հետո բոլորը հանդարտվեցին, տպավորություն է, որ այլևս Բերձորը «փրկված է» ու «Լաչինի միջանցքի» հանձնման թեման փակված: Այնինչ այն այսօր էլ շարունակում է հանձնվել թշնամուն:
Միայն առանձին ընդդիմադիր գործիչներ են մեկ-մեկ խոսում այս թեմայի մասին: Իսկ որ ամենատարօրինակն է` Արցախում նույնպես լուռ են: Այս ընթացքում Բերձորի հանձնման անթույլատրելիության, մարտահրավերների ու սպառնալիքների մասին հայտարարություն է տարածել միայն Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցությունը: Քանի որ ցանկացած հասարակության զարգացման շարժիչ ուժը երիտասարդությունն է եւ հատկապես ուսանողությունը, եւ 1988-ին ու 2018-ին էլ ուսանողությունը ոտքի կանգնեց, որոշեցինք զրուցել մի խումբ արցախցի ուսանողների հետ:
Հարցերն էին. ի՞նչ կարծիք ունեն Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունների մասին, բացի Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների կորուստից` ի՞նչ այլ վտանգներ են տեսնում Արցախի համար, իարդյո՞ք, այդ նոր ճանապարհին հնարավոր է հայտնվեն ադրբեջանական հսկիչ կետեր, ի՞նչ քաղաքական, անվտանգային, տնտեսական, հումանիտար մարտահրավերների առաջ կկանգնի արցախահայությունը, եթե թշնամուն հանձնվի Բերձորը:
Ներկայացնում ենք ուսանողների պատասխանները.
Շուշանիկ Լալայան
Իր ողջ պատմության ընթացքում Թուրքիան երբեք չի իրականացրել իր կողմից ստորագրված որևէ համաձայնագիր։ Սա վերաբերում է նաև նոյեմբերի 9-֊ին ստորագրված համաձայնագրին։ Ինչո՞ւ եմ նշում Թուրքիան, որովհետև պարզ է, որ այսօր կա ոչ թե ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետություն, այլ Թուրքիայի ազդեցության տակ գտնվող Ադրբեջան։ Թուրքերը փորձում են ամեն կերպ խեղաթյուրել վերը նշված համաձայնագրի կետերը` ի շահ իրենց։ Համաձայնագրի ռուսական տարբերակում չկա Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնման վերաբերյալ որևէ կետ, բայց այսօր մենք կանգնած ենք այդ տարածքների հանձնման խնդրի առաջ։ Կնքեցինք համաձայնագիր երրորդ երկրի միջնորդությամբ, ՌԴ֊-ն հաստատվեց տարածաշրջանում, բայց այսօր չի հետևում, որպեսզի համաձայնագրի կետերը ճիշտ իրականացվեն։ Ինչ վերաբերում է ՀՀի և ԱՀ իշխանությունների հայտարարություններին, թե իբր Մայր Հայաստանն ու Արցախը կապող նոր այլընտրանքային ճանապարհն անվտանգ է լինելու, ասեմ, որ Արցախի ժողովուրդը վաղուց վստահություն չի տածում իշխանությունների նկատմամբ: Նրանք խոսում են միայն նոր տարածքներ հանձնելու մասին: Ինչպե՞ս կարող է թուրքի կառուցած ճանապարհը անվտանգ լինել հայի համար։ Այս պայմաններում մեր առաջ նոր մարտահրավերներ են առաջանալու՝ ինչպես հումանիտար, այնպես էլ՝ անվտանգային։
Անգելինա Ղուկասյան
Առայժմ կարող եմ ասել, որ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի ճակատագիրը չպետք է վստահել ՀՀ և ԱՀ ներկայիս իշխանություններին, քանի որ վերջիններս ապացուցել են, որ չեն տիրապետում իրավիճակին։ Այս տարվա մարտ ամիսը նույնպես լարված էր Արցախում, ինչի հետևանքով Արցախի համար կարևոր մի շարք ռազմավարական հենակետերի կորուստ եղավ։ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի կորուստը անհետևանք չի լինի արցախահայության համար։ Միգուցե, այսպես ասած, այդ նոր ճանապարհը «ավելի բարեկարգ» ճանապարհ է լինելու նրանց համար, ովքեր կլինեն Արցախի սահմաններից դուրս, իսկ Արցախում ապրողներն ու Արցախ ելումուտ անողներտ ենթարկվելու են ադրբեջանական զինվորների հակահայ քաղաքականությանը։ Այդ ճանապարհը միտված է ևս մեկ անգամ Արցախի բնակչության նվաստացմանը։ Ադրբեջանից ստանալ երաշխիքներ ճանապարհի համար նույնն է, ինչ ՀՀ վարչապետի խոստացած պայծառ ապագան։ Ոչ մի դրական քայլ Ադրբեջանը չի անի Արցախի համար և մենք չպետք է թույլ տանք այդ տարածքների հանձնումը։ Համոզված եմ, որ առանց ադրբեջանական հենակետերի այդ ճանապարհը չի հանձնվելու արցախահայությանը: Սա փաստացի նշանակում է, որ Արցախը անպաշտպան է հիմա։ Իրականում յուրաքանչյուր տարածքի կորուստ էլ իր հետևից բերում է ինչպես տարածքային, այնպես էլ հումանիտար, անվտանգային ու տնտեսական աղետի, Բերձորը ևս բացառություն չէ, այն նույնպես իր բացասական հետքը կթողնի արցախահայության համար:
Ալիսա Շամիրյան
Թե ՀՀ վարչապետի, թե ԱՀ նախագահի կողմից տրված պատասխանների մեջ որևէ լուրջ բան այդպես էլ չնկատեցի։ Հող հանձնելը իրենց համար սովորական դարձած երևույթ է, որը ցավոք շատ վատ է անդրադառնում հայ ժողովրդի համար։ Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների հանձնումը նախ հենց այս համայնքների բնակչության համար է առաջ քաշում մի շարք խնդիրներ, ինչպիսիք են օրինակ` սոցիալական խնդիրները, աշխատանքի բացակայությունը, ապրելու նոր միջոցներ գտնելը։ Մենք պետք է պարտադիր ընդգծենք նաև այն փաստը, որ հարյուրավոր տեղահանվածներ դեռևս փոխհատուցում չեն ստացել, սա վկայում է այն մասին, որ վերոնշյալ համայնքների բնակիչները դեռ շատ երկար պետք է պայքարեն ուղղակի ապրելու համար։ Իմ կարծիքով չի կարելի բացառել, որ այդ մասին պայմանավորվածություն է եղել, պարզապես մեզ նոր են ասում դրա մասին՝ հաշվի առնելով Արայիկ Հարությունյանի ճանապարհի մասին այդքան վստահ արտահայտվելը։ «Լաչինի միջանցքը» դեռ արցախյան գոյամարտից սկսած ունի կենսական նշանակություն արցախահայության համար։ Նորը նույնպես մեզ կապելու է Մայր Հայաստանին, բայց թե ինչ անակնկալներ են սպասվում, դժվարանում եմ պատասխանել։ Ներկայիս իշխանություններից ամեն ինչ սպասելի է և ճանապարհի վրա ադրբեջանական հսկիչ ուժեր հայտնվեն, և ստիպեն, որ նրանց ենթարկվենք: Տարբեր տեսակի խնդիրների առաջ ենք մենք կանգնելու՝ հումանիտար աղետից մինչև քաղաքացիների անվտանգություն։ Բոլոր դեպքերում էլ մեր ժողովուրդը պետք է լինի համախմբված, միասնական, ու հիշի, որ մենք միասին կարող ենք անել ամեն ինչ: Քանի դեռ հնարավոր է, պետք է ամեն կերպ պահենք Սուսը,Աղավնոն ու Բերձորը։
Վերգուշա Ղահրամանյան
Բերձոր,Աղավնո,Սուս համայնքների կորստից հետո կանգնելու ենք լուրջ խնդիրների առաջ՝ թե անվտանգային առումով, թե կոմունիկացիանների: Արցախահայությունը իրոք կկանգնի դժվարին խնդրի առաջ: Կառավարության կողմից տված դրամական միջոցները չեն կարող ետ վերադարձնել կորցրած հայրենիքը: Կասկածում եմ, որ այդ նոր ճանապարհը ծառայի մեզ, այն չի կարող լինել անվտանգ: Ինչպես ասում են՝ ավելի լավը, ավելի բարեկարգ, ավելի արագընթաց, ավելի անվտանգ։ Եթե թշնամուն հանձնվի Բերձորը, ապա հայտնվելու ենք դժվարին իրավիճակում, քանի որ մեր ամբողջ կոմունիկացիաներն անցնում են հենց Բերձորով: Եթե հաշվի առնենք, որ հին ճանապարհը վերահսկվելու է ադրբեջանցիների կողմից, ապա գալու է ժամանակ, երբ հնարավոր է զրկվենք էլեկտրականությունից, գազից, ինտերնետից, ինչպես եղավ մարտ ամսին։
Ձեր կարծիքով, արդյո՞ք, նշված ճանապարհն որևէ առնչություն ունի նոյեմբերի 9֊ի հայտարարության 6֊րդ կետի հետ, թե՝ ոչ։
Արդյո՞ք այս նոր ճանապարհը նույնպես համարվելու է «միջանցք, թե այն լինելու է պարզապես, ինչպես ասում են "ավելի լավ, ավելի բարեկարգ, ավելի արագընթաց, ավելի անվտանգ" ճանապարհ։ Արդյո՞ք մենք պատրաստվում ենք հանձնել այսպես ասած «Լաչինի միջանցքը» փոխարենը ստանալով անհասկանալի երաշխիքներով ճանապարհ։
Կարծիքներ