Հեռավոր մարզեր ուսուցիչների գործուղման նոր կարգ է գործում

Հեռավոր մարզեր ուսուցիչների գործուղման նոր կարգ է գործում

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։
Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։

Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի.
• մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում չի հատկացվել),
• գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),
• տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),

• բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ),
 • կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000),
• աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով (նախկինում չի հատկացվել),
• վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Համաձայն նոր կարգի` ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն։ Ցանկացողները կդիմեն՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձև։ Մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերն էլ մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը նախարարություն կներկայացնեն մարզպետարանները՝ (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում)։ Ընդ որում՝ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

ՀՀ ԿԳՄՍՆ