«Գազպրոմ Արմենիայի» ազգայնացման մասին անիմաստ է խոսել, կարող ենք մտածել միայն 10-20 բաժնետոմսը հետ բերելու մասին

«Գազպրոմ Արմենիայի» ազգայնացման մասին անիմաստ է խոսել, կարող ենք մտածել միայն 10-20 բաժնետոմսը հետ բերելու մասին

ԵԱՏՄ կոնֆերանսին ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի՝ Ալ․ Լուկաշենկոյին ու Նիկոլ Փաշինյանին տրված պատասխանից ակնհայտ է, որ գազի գնի հարցը քաղաքական հարթության վրա չի լուծվի։ Եվ այս ֆոնին կրկին ակտիվացել են ՌԴ-ի հսկողության տակ գտնվող էներգետիկ հզորությունները ազգայնացնելու կոչերը։
 «Հրապարակը» զրուցել է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանի հետ։

-Պարոն Դավթյան,հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում է զրոյից արտաքին քաղաքականություն սկսելու, և մյուս կողմից՝ հայաստանակենտրոն քաղաքականության մասին, Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ ռուսական գազիզ հրաժարվելու որոշում։ Եվ, օրինակ, գազը գնել Իրանից՝ լայնացնելով իրանական գազամուղի տրամագիծը։ Առհասարակ, կա՞ն իրավական հիմքեր հրաժարվելու ռուսական գազից։

-Կա 2013 թվականի դեկտեմբերի հայտնի գազային համաձայնագիր, որի համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է Ռուսաստանից գազ ներմուծել մինչև 2043 թվականը։ Սա հարցի իրավական կողմն է, այսինքն՝ միմիայն այս պայմանագրի խորքային վերանայման պարագայում մենք տեսականորեն կկարողանանք հրաժարվել ռուսական գազից։ Բայց։ Արդյոք մենք այսօր անցում կատարելով իրանական գազին՝ լիարժեքորեն ապահովում ենք մեր գազատրանսպորտային դիվերսիֆիկացումը։ Իհարկե՝ ոչ։ Ինչու՞։  Իրան-Հայաստան գազամուղն իրականում ունի այն թողունակությունը, որը կարող է ապահովել Հայաստանի պահանջարկը, գազամուղի թողունակությունը կազմում է տարեկան 2-3 միլիարդ խորանարդ մետր։ Մենք տարեկան սպառում ենք 2 միլիարդ, լավագույն դեպքում՝ 2,2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այսինքն՝ ներքին պահանջարկն ամբողջությամբ ապահովվում է։ Բայց խնդիրը ոչ միայն գազի ներկրումն է, այլև դրա բաշխումն է, որովհետև Հայաստանի ողջ գազատրանսպորտային համակարգը  ոչ միայն կառավարարվում է  «Գազպրոմ Արմենիայի» կողմից, այլև պատկանում է «Գազպրոմ Արմենիային» ։ Եվ հետևաբար՝ ներքին սակագնային քաղաքականությունը, միևնույն է, իրականացնելու է   «Գազպրոմ Արմենիան»՝ անկախ նրանից՝ մենք գազ կներկրենք Ռուսաստանի՞ց, Իրանի՞ց, Թուրքմենստանից, թե այլ երկրից։ Քանզի ողջ գազատրանսպորտային համակարգը պատկանում է ռուսական 100 տոկոսանոց ընկերությանը, որն էլ որոշում է մեր երկրում գազատրանսպորտային և սակագնային քաղաքականությունը։

-Իսկ դա վիճարկելու հնարավորություն չկա՞։

-Վիճարկելու հնարավորություն չկա, որովհետև մենք վաճառել ենք մեզ  պատկանող ենթակառուցվածքները վերջին 20 տարիներին ընթացքում՝ առանձին փաթեթներով։ Երբ  ստեղծվել էր «Հայռուսգազարդ» ընկերությունը, 90-ականների վերջին ՀՀ-ին էր պատկանում ընկերության բաժնետոմսեի 45 տոկոսը, այնուհետև նվազեց՝ դառնալով 20 տոկոս և 2013-ին՝  վերջին 20 տոկոսը հիշյալ պայմանագրով՝ ի մարումն այն 300 միլիոն պարտքի, որը գոյացել գազատրանսպորտային համակարգի։ Այսինքն՝ միակ խնդիրը, որը պետք է դրվի, Հայաստանի կողմից ընկերության բաժնետոմսերի ձեռքբերումն է։ Արդյոք մենք ունենք այսօր նման հնարավորություններ։  Գոնե 10-20 տոկոսը ձեռք բերելու։ Ես կարծում եմ՝ ոչ։

-Իսկ ազգայնացու՞մ։

-Ազգայնացում նշանակում է գնալ գրեթե անլուծելի խնդիրների ճանապարհով, որովհետև այն պահին, երբ Հայաստանը պաշտոնական մակարդակով հայտարարի իր տրանսպորտային համակարգային ազգայնացման մասին՝ մենք կհայտնվենք միջազգային արբիտրաժում։ Եվ ամենակարևորը՝ այնտեղ որևէ իրական հիմքեր չի ունենա իր շահերն առաջ տանելու։Կրկնում եմ՝ միակ ճանապարհը բաժնետոմսերի մի մասը հետ ձեռք բերելն է։ Բայց այդ խնդիրը այսօրվա դրությամբ մեր օրակարգում չկա։ Ազգայնացում կարող էր լինել, եթե Հայաստանում տեղի ունենար իրական, խորքային հեղափոխություն, բայց քանի որ նման բան տեղի չի ունեցել, եկեք պարզապես չանդրադառանք այնպիսի գործիքների, որոնք բացառապես խնդիրներ են առաջացնելու։