Ով ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը

Ով ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած «Հայաստան» դաշինքին, ինչպեսեւ գրվել էր, մաս կազմեցին Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Վերածնվող Հայաստան»  կուսակցությունները։ 

Քաղաքական մեկնարկը տրվեց Ազատության հրապարակում մայիսի 9-ի բազմամարդ հանրահավաքով։ Այս քաղաքական հայտն անհանգստություն է առաջացրել երկրում եւ հատկապես՝ իշխանական հատվածում։ Ակնհայտ է, որ Քոչարյանն իր ռադիկալ իմիջի շնորհիվ հավակնում է իշխանություն վերցնել, եւ հանրահավաքում էլ ռեւանշիստական հայտարարությունների պակաս չկար։ Ռ․ Քոչարյանը հայտարարեց՝ «այս իշխանությանը պետք է քշել, եթե պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»։ Ինչպե՞ս են ընդունում Քոչարյանի հայտը․ զրուցել ենք ընդդիմության ներկայացուցիչների հետ։ 

«Հայրենիք» կուսակցության անդամ Արտակ Ավետիսյանին հարցրինք՝ Քոչարյանին իրենց մրցակից չե՞ն ընկալում՝  ընդդիմադիր դաշտում մինչ այս պահն ամենաազդեցիկ դաշինքն է։ Ավետիսյանը ողջունեց «Հայաստան» դաշինքի նորամուտը՝ ցանկացած  ընդդիմադիր ուժ իրենց դաշնակիցն է, բայցեւ չհերքեց, որ գրեթե նույն ընտրազանգվածի կրողներն են․ ««Հայաստան» դաշինքը, ըստ իս, գեներացնելու է ավելի ուլտրաընդդիմադիր քվեները, իսկ մեր դաշինքը տանելու է մի քիչ ավելի նվազ հականիկոլական հռետորաբանություն ունեցողը։ Մարդիկ, որոնք  որեւէ պարագայում քվե չէին տա ո՛չ Քոչարյանի դաշինքին, ո՛չ իշխանությանը, բայց նաեւ ընդդիմադիր են, այդ ձայների բացարձակ մեծամասնությունը գալու է մեր դաշինքին»։

Այսինքն՝ հավակնում եք երրորդ բեւե՞ռ դառնալ, իսկ Սերժ Սարգսյանի գործո՞նը։ «Այլընտրանքը կեղծ կատեգորիա է․ կա՛մ դու դեմ ես իշխանությանը, կա՛մ՝ կողմ։ Այս պահին մենք հստակ հակաիշխանական բեւեռում ենք, այդ բեւեռում է նաեւ «Հայաստան» դաշինքը, գուցե լինեն այլ ուժեր, որ առանձին հանդես գան,  բայց որեւէ մեկին չի կարելի բնութագրել որպես երրորդ ուժ։ Մարդիկ ավելի շատ ցանկանալու են քվեարկել  հաղթելու առավել մեծ շանսեր ունեցող ուժի օգտին։ Ես համոզված եմ, որ ընտրողները հենց այդպիսի ֆավորիտ ուժին են տալու իրենց քվեն՝ ձայները չփոշիացնելու համար»։ Ուզում եք ասել, որ ձեր դաշինքը լինելու է փոշիացնո՞ղ ուժ։ «Այդպես կլիներ, եթե խոսքը չգնար ընդդիմադիր դաշտի 2 հզոր ուժերի մասին։ Հայրենիքի փրկության շարժման կազմում անցած 6 ամիսների պայքարը ցույց տվեց, որ նշված 2 ուժերն ունեն լրջագույն դերակատարում ե՛ւ հանրահավաքների կազմակերպման, ե՛ւ խնդիրների  լուծման, ե՛ւ բոլոր առումներով։ Փողոց դուրս եկած մարդկանց մեծ մասը մոտիվացված էր կուսակցական լինելու հանգամանքով նաեւ, դրանք ՀՀԿ-ականներ ու հայրենիքականներ էին,  ձերբակալվածների մեծ մասն էլ մեր կուսակցության եւ Դաշնակցության անդամներ էին»։ 

Իսկ ինչո՞ւ է ձեր դաշինքը պակաս ռադիկալ։ «Մենք  շատ ռադիկալ չենք, որովհետեւ կարծում ենք, որ պետք է փակել սեւի ու սպիտակի, ներկայի ու նախկինի էջը։ Եթե ինչ-որ մարդ էլ պետք է անցած երեք տարիների համար պատասխան տա, ապա դատարանում օրինական հարուցված քրեական գործի շրջանակներում»։ Իսկ ինչո՞վ է արտահայտվում Քոչարյանի ռադիկալությունը։ «Ռադիկալության մասին ես կարծիք եմ հայտնում իր էլեկտորատի հետ շփումների արդյունքում։ Մարդիկ, որոնք ասում են, որ Քոչարյանի դաշինքի էլեկտորատն են, հակված են ռադիկալ գործողությունների, որ այս մարդկանց պետք է սարսափելի պատիժ սահմանել եւ այլն»։

Ավետիսյանի կարծիքով, ցանկացած ռադիկալություն, ի վերջո, դատապարտված է մարգինալության․ «Ռադիկալ էլեկտորատն ինչ-որ պահից սկսած՝ մարգինալացվում է եւ չի կարող դիտարկվել լրջագույն թիրախ։ Մեր էլեկտորատն առավել կառուցողական է տրամադրված»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի կարծիքով՝ ԼՀԿ-ն մտահոգվելու առիթ չունի, հետպատերազմական Հայաստանի հասարակության բեւեռացած իրողությունում լուսավորյալները շահեկանորեն լավ դիրքերում են․ «Մեր ուղիները բացարձակ չեն խաչվում։ Այո, ցավոք  սրտի, հասարակությունը 2 թեւի է բաժանված՝ սեւի ու սպիտակի, բայց ես դրականորեն պետք է արձանագրեմ, որ մենք որեւէ թեւում չկանք։ Ավելին, վստահ եմ, որ իշխանությունն արհեստական ստեղծեց այդ բաժանումը, որ եթե իրենք գնան, նախկիններն են գալու, որ շահի այս ընտրություններին։ Բայց մենք մնում ենք մեր գծի՝ «երրորդ ճանապարհի» մեջ, եւ կարծում եմ, որ ովքեր ո՛չ իշխանությանն են ուզում ձայն տալ, ո՛չ ընդդիմությանը, մեզ են ձայն տալու»։

Մեր դիտարկմանը, որ ԼՀԿ-ն անցած 3 տարիներին ավելի շատ դիրքավորվել է իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի դաշտում եւ փողոցային պայքարին էլ չմասնակցեց, այլ ստվերային պայմանավորվածության գնաց՝ արտահերթի մասին, պատգամավորն արձագանքեց․ «Դա ստվերային պայմանավորվածություն չէր, այլ այն քայլն էր, որը բերեց ընտրությունների, մարդիկ վերադարձան ինստիտուցիոնալ դաշտ, իսկ դա տեղի ունեցավ մեր ջանքերի շնորհիվ։ Մենք դուրս եկանք մեր կոմֆորտի զոնայից, ունենք 17 պատգամավոր, բայց գնացինք իշխանափոխության ճանապարհով, որ երկրի ապագան տեսանելի լինի»։ Այսինքն՝ վստահ եք, որ իշխանափոխություն է լինելու։ «Եթե վստահ չլինեինք, չէինք գնա այդ քայլին»։ 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւս վստահեցնում է՝ ԲՀԿ-ն անհանգստանալու առիթ չունի։ «Մենք վստահ ենք առաջին հերթին մեր բռնած դիրքի, տեսլականի, մեր ծրագրային դրույթների հարցում»,- ասաց նա ու եւս մեկ անգամ շեշտեց, որ ԲՀԿ-ն չի գնալու դաշինքով եւ վարչապետի իր թեկնածուն ունի՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի։ Իսկ «Հայաստան» դաշինքին իրենց մրցակից չեն  դիտարկում․ «Այստեղ ամենակարեւորն այն է, որ այդ մրցակցությունը կայանա բովանդակային քննարկումների համատեքստում։ Խոսքը չի գնում ընդդիմադիր թեւի մասին, այլ ընդհանրապես քաղաքական դաշտի։ Իրականում ամենակարեւորն այն է, որ մարդիկ հասկանան՝ այն ուժերը, որ գալիս են, իրականում ինչ ալտերնատիվ առաջարկ են անում, բացի էմոցիոնալ հայտարարություններից՝ կապ չունի իշխանություն, թե ընդդիմություն դաշտից։ Այս համատեքստում ես կարող եմ հավաստիացնել, որ ԲՀԿ-ն՝ մեր լիդերը, առաջնորդվում է շատ պարզ տրամաբանությամբ, եթե դու մատնանշում ես խնդիրը, պետք է ներկայացնես նաեւ լուծումը։ Մենք ներկայացնում ենք նաեւ լուծման եղանակներ»,- ասաց Աբովյանը։

Արտախորհրդարանական Դեմկուսի ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը դեմ է ընտրություններին․ «Հայաստանում այս պայմաններում իրականացնել ընտրություններ՝ նշանակում է երկիրը տանել կործանարար ճանապարհով։ Համոզված ենք, որ հայհոյանքի, ատելության այս մթնոլորտում, ուր ամեն մեկն իրեն մեսիա է ներկայացնում, քաղաքացիական բախումների վտանգ է  սպառնում։ Ուստի պետք է հետաձգել ընտրությունները, իսկ գործող իշխանությունը պետք է հեռանա, նախագահի ինստիտուտը պետք է ստանձնի ժամանակավոր կառավարություն ձեւավորելու  պարտականություն՝ բարձրակարգ մասնագետներից կազմված, եւ ժամանակ տրվի կառավարությանը՝ շտկել այս իրավիճակը, ինչու ոչ՝ նաեւ սահմանադրական փոփոխություններ անցկացվեն, որից հետո նոր կարելի է նշանակել ընտրություններ։ Դա մոտ մեկ տարի ժամանակ է պահանջում։ Իսկ այսօր, երբ բոլորը բոլորին ժխտում են, դժվար է ընտրություն պատկերացնել։ Բանը հասել է նրան, որ կուսակցություն են բացում, սա ի՞նչ աննորմալություն է։ Մենք 30 տարվա կուսակցություն ենք եւ գիտենք, որ դրանք ձեւավորվում են, ոչ թե բացվում։ Իսկ հիմա ով տեղից վեր է կենում, կուսակցություն է բացում, հայտնի պատճառներով»։

Մեր հարցին՝ Դեմկուսը չի՞ մասնակցի ընտրություններին, պատասխանեց․ «Եթե կայանան ընտրություններ, մենք ստիպված կլինենք նորից քննարկել, հանրապետական խորհրդի նիստ հրավիրել եւ մեր Հայահավաքի գործընկերների հետ կքննարկենք այս իրավիճակը ու կորոշենք՝ ինչ ենք անելու»։