Քովիդի անվան տակ թալանում են

Քովիդի անվան տակ թալանում են

Թոշակառու Անահիտ Մանուկյանն օրերս է վերադարձել Մոսկվայից, ուր մեկնել էր ութ օր առաջ՝ եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար: Ասում է՝ մեկնելիս 15 հազար դրամ վճարել է, արագ թեստ է հանձնել, որը, նրա պնդմամբ, այլ երկրներում անվճար է: 

«Որդիս Գերմանիայում է ապրում, պետական ծառայող է: Չի պատվաստվել, չի էլ պատրաստվում: Ասում է` շաբաթը մեկ անգամ անվճար թեստ է հանձնում, ու դրանով բավարարվում են: Ո՛չ պատվաստվել են պարտադրում, ո՛չ վճարովի թեստ: Իսկ այստեղ, մինչեւ օդանավ բարձրացա, բառացիորեն քթիցս բերեցին: Քսուկը, որ վերցրին, սրվակի վրա առանց նշում անելու տեղադրեցին ընդհանուրի կողքին: Թե հետո ոնց էին տարբերելու՝ որը որինն է, երեւի արդեն կարեւոր չէ: Կարեւորն այդ պահին վճարած գումարն էր ու բացասական պատասխանը, որը 5 րոպե հետո տվեցին բոլոր թեստ հանձնածներին»:

Տիկնոջ կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում «Զվարթնոց» օդանավակայանում, առերեւույթ թալան է՝ քովիդի անվան տակ, որովհետեւ Մոսկվայում թեստը որեւէ մեկին չի հետաքրքրել: Չեն ստուգել, չեն պահանջել: Իսկ 8 օր անց, երբ վերադարձել է, «Զվարթնոցում» դարձյալ պահանջել են, որ թեստավորվի: «Ասացի՝ 8 օր առաջ եմ թեստ հանձնել, բացի դա՝ կորոնայով վարակվել-բուժվել եմ, հակամարմիններ ունեմ: Ասածս որեւէ մեկին չհետաքրքրեց: Ավելին, ոստիկանական ուժեր էին լցրել ու ելքի դռներն այնպես փակել, որ առանց թեստավորման դուրս եկողներ չլինեն: Ստիպված՝ նույն պրոցեդուրան երկրորդ անգամ անցա՝ եւս 15 հազար դրամ վճարելով… 350-ից ավելի ուղեւոր, իրար գլխի լցված, շունը տիրոջը չի ճանաչում, ի՞նչ դիմակ, ի՞նչ սոցիալական հեռավորություն, իսկական կրկես՝ 30 հազար դրամ արժողությամբ»,- իրավիճակն այսպես ներկայացրեց տիկին Անահիտը:

Բայց ամենավատը, ըստ նրա, ամենավերջում է եղել. որեւէ մեկը թեստի պատասխանով չի հետաքրքրվել: Ասում է՝ ուշադրության կենտրոնում միայն 15 հազարանոց կտրոնն էր: «Ես մի բան չեմ հասկանում. եթե վերադարձից հետո կարող եմ իմ տանը մեկուսանալ, ապա ինչո՞ւ են ստիպում 8 օրվա մեջ երկու անգամ թեստ հանձնել: Իմ ստացած թոշակն ի՞նչ է, որ 30 հազար միայն թեստին տամ: Բա էս պետությունը չի՞ ասում՝ էդ թոշակառուն ինչո՞վ է ապրելու: Եթե երեխաներիս աջակցությունը չլինի, չեմ պատկերացնում, թե ամիսը ոնց եմ յոլա տանելու»:

Թոշակառու կնոջը հիասթափեցրել է նաեւ մեր օդանավերի խղճուկ վիճակը: «Լացս եկավ մեր ինքնաթիռների վրա: Ամբողջ տարածքում մի հատ նորմալ օդանավ չտեսա: Այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած ինքնաթիռների կողքին մերոնք շատ քրջոտ տեսք ունեին… Մի տեսակ վիրավորված ու նվաստացած եմ զգում ինձ: Էս ի՞նչ ենք դարձել…»։

Իսկ Երեւան-Մոսկվա թռիչքի համար 110 հազար դրամ է վճարել: Տոմսն էլ ձեռք է բերել մեծ դժվարությամբ: «Բայց, օ՜ զարմանք, ինքնաթիռն օդ բարձրացավ համարյա դատարկ: Իսկ վերադարձի համար շատ ավելի էժան վճարեցի՝ 4 հազար 500 ռուբլի, մոտավորապես 30 հազար դրամ, այսինքն՝ այնքան, որքան հանձնածս երկու թեստի արժեքն է»: