Մինչեւ երկիրը դառնա Հայաստան՝ առանց Նիկոլի

Մինչեւ երկիրը դառնա Հայաստան՝ առանց Նիկոլի

«Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը նախօրեին մի քանի տասնյակ մտավորականների մասնակցությամբ երկրորդ հանդիպում-հավաքն էր կազմակերպել: Եթե նրանց մի մասի խոսքը հուզական էր, ապա շատերն էլ հանդես եկան կոնկրետ առաջարկներով: Օրինակ՝ առաջարկ եղավ խմբերով այցելել սահման եւ զրուցել զինվորների հետ, ելույթներ ունենալ նրանց համար: Իսկ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանն էլ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերություններին, էլ կայքերին առաջարկեց՝ չլուսաբանել «վարչապետ կոչվածի» աշխատանքները, ընդգծելով, որ հեռուստաընկերություններն ունեն դրա իրավունքը, եւ Նոր տարվա գիշերը նրանցից շատերն օգտվեցին այդ իրավունքից եւ չհեռարձակեցին վարչապետի ամանորյա ուղերձը: Մանասյանն իր խոսքում նաեւ ընդգծեց, որ ամերիկահայությունը մոտ 70 մլն դոլար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին։ Դրանից մի կլորիկ գումար փոխանցվել է պետբյուջե եւ ծախսվել կառավարության բյուջեի տողերի համաձայն, մինչդեռ գումարը հավաքագրվել էր բարեգործության նպատակով: Նա ամերիկացի եւ ամերիկահայ մեր բարեկամներին հորդորեց՝ դատի տալ Նիկոլ Փաշինյանին: 

Բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Ձայն հայրենյացը» կմնա շարժում այնքան ժամանակ, մինչեւ երկիրը դառնա Հայաստան՝ առանց Նիկոլի. «Դրանից հետո այլեւս կզբաղվենք մեր մշակութային գործերով»:

Անդրադառնալով մտավորականների` սահման գնալու եւ զինվորների հետ հանդիպումներ ունենալու առաջարկին, Սրապիոնյանը նշեց, որ հիմա այն իրագործելու մեխանիզմներ են մշակում: Իսկ առաջին այցելությունն ուզում են սկսել Սյունիքից, հատկապես՝ Կապանից ու Քաջարանից, որպես ամենավտանգված քաղաքներ: Քանի որ կազմակերպչական խնդիրներ կան լուծելու, հստակ ժամկետ չեն կարող ասել, թե առաջին այցելությունը երբ կլինի: Հանդիպումների ձեւաչափը լինելու է տարբեր` կատարումներ, պարեր, զրույցներ. «Դրանով մենք երկու նպատակ ենք հետապնդում` ամրապնդել մշակութային գիտակցությունը, վերականգնել խաթարված հիշողությունը հայ մարդու մեջ՝ ի հեճուկս այս մարդկանց ծրագրի: Եվ ուզում ենք այս անընդհատ ելույթները, որն ի վերջո բերում են ձանձրույթի եւ ուշադրության շեղման, ցրել, որովհետեւ ինչ էլ որ լինի, հայը կենսական մարդու տեսակ է, եւ ինքն իր մշակութային նկարագրով, ազգային արժեքների նվիրումով մնում է հայ եւ վերջ»:

Նախաձեռնությունը բաց է, եւ դրան կարող են միանալ մշակույթի գործիչներ, ստեղծագործողներ, մտավորականներ, գիտնականներ։ «Նույնիսկ առաջարկ եղավ, որ այն զինվորականները, ովքեր պատիվ ունեն, եւս մասնակցեն մեր հավաքներին: Մեզ համար որոշիչ է գործող վարչակազմի հեռացումը, դրանից հետո մենք որեւէ քաղաքական նկրտումներ չենք ունենալու, կուսակցականացում չի լինելու: Շարժումը մի գերագույն գլխավոր նպատակ ունի` Հայաստանում քաոսային վիճակը վերացնել այս վարչակազմի հեռացման ճանապարհով, իսկ ընտրություններն արդեն կկազամակերպեն քաղաքական ուժերը։ Մենք մեր վերաբերմունքը նաեւ դրա նկատմամբ կարտահայտենք, բայց ինքնահաստատվել այդ ճանապարհով՝ բացառված է մեր կողմից: Մենք չենք ուզում լինել իշխանություն, մենք ուզում ենք օգնել՝ Հայաստանում ձեւավորել ազգային կառավարություն եւ ազգային իշխանություն: Մեր հավատամքը, անկախ մեր ունեցած վերաբերմունքից հայ առաքելական եկեղեցու գործունեությանը, հավատարմությունն է հայ առաքելական եկեղեցուն՝ իբրեւ հայ ժողովրդի հավերժական արժեքի»,- ասում է Սրապիոնյանն ու հավելում, որ շարժումը որպես նշանաբան որդեգրել է ոչ թե քաղաքականությունը, այլ` քաղաքացիությունը, որովհետեւ հիմա գործ ունենք հայ ժողովրդի քաղաքացիության հետ: 

«Ձայն հայրենյաց» շարժմանն այս պահին միացել է 350-ից ավելի գործիչ, բայց, ինչպես նկատում է Սրապիոնյանը, երկրորդ հանդիպումից հետո նախաձեռնությանը միանալ ցանկացող մարդկանց զանգերը, դիմումները բավականին շատ են, ինչը վկայում է այն մասին, որ շարժումն արագորեն մեծ ժողովրդավարություն է ձեռք բերում: 

Սերժ Սրապիոնյանից բացի, նախաձեռնության անդամների թվում են նաեւ Սամվել Հարոյանը, Սամվել Թադեւոսյանը, Գագիկ Մանասյանը: «Խորհուրդ, որպես այդպիսին, չկա, կա կորիզ, որն ավելի շատ տեխնիկական խնդիրներ է լուծում»,-ասում է Ս. Սրապիոնյանն ու ընդգծում` «Ձայն հայրենյաց»-ը բաց է նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների առաջ. «Մենք, օրինակ, սերտ կապերի մեջ ենք Հովսեփ Նալբանդյանի հետ, որը քաղաքական դեմք չէ, այլ մշակութային խոշոր դեմքերից մեկը: Էլի շատ մարդիկ կան սփյուռքյան մեր կառույցներից, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով եւ կապվել են մեզ հետ: Մեր խնդիրներից մեկը սփյուռք-Հայաստան ավերված կապը վերականգնելն է, քանի որ սփյուռքը մեր հիմնական հենարանն է, որի միջոցով պետք է փորձենք շտկել մեր մեջքը, եւ դա՝ ոչ միայն գումարային առումով, դա չէ մեր հիմնական խնդիրը։ Սփյուռքը պետք է շատ ակտիվորեն մասնակցի մեր երկրի ներքին օրակարգին` քաղաքականությանը, տնտեսությանը, ու իրեն զգա երկրի տերը եւ ոչ թե որպես խնամատար՝ սփյուռքից փայփայի իր բալիկին: Այդ «բալիկը» սփյուռքի նկատմամբ պարտականություններ ունի, եւ սփյուռքն էլ՝ իր երկրի նկատմամբ»:

Այս իրավիճակում մշակույթի գործիչները, բացի բարոյական աջակցությունից, ինչպե՞ս կարող են ռեալ ազդել իրավիճակի վրա։ «Հիշում եք` անհայտ կորածների, գերի ընկածների համար լուրջ ակցիաներ արեցին Հրանտ Թոխատյանն ու մյուսները, հիմա նրանք մեզ հետ են, եւ մենք արդեն միասին գործում ենք բոլոր ուղղություններով: Օրինակ, Հրանտ Թոխատյանն իր կապերով, սփյուռքի հնարավորություններով պատրաստվում է Արցախի տարածքներից մեկում 100 տուն կառուցել՝ բնավեր եղած արցախցիներին տեղափոխելու համար: Մենք, օգտագործելով մեր կապերը, սփյուռքի, հայաստանյան ներքին ռեսուրսները, կփորձենք զոհվածների ընտանիքներին շոշափելի օգնություն ցուցաբերել, որովհետեւ կառավարական հայտարարությունները հաճախ դեմ են առնում պատին այս կամ այն տեխնիկական, փաստաթղթային պատճառաբանություններով: Հնարավոր միջոցները գործադրելու ենք՝ օգնելու նախեւառաջ այդ խավին»,- ասում է նա ու նկատում, որ ինչ-որ չափով նաեւ սոցիալական գործառույթ են իրականացնելու, որպեսզի մարդիկ չվարակվեն երկիրը լքելու գաղափարով:

Սրապիոնյանն ընդգծում է` փորձում են մեկտեղել դաշտում գործող բոլոր մտավորականների ջանքերն ու քայլերը, որպեսզի արթնանան նաեւ այն մշակութային գործիչները, որոնք մինչեւ այսօր բազմոցին նստած՝ իրենց դաստիարակիչ դերն են թելադրում երկրին, մարդկանց ու դրանով բավարարվում. «Այսօր յուրաքանչյուր մտավորական պետք է առաջնորդվի Նեկրասովի` Սմբատ Շահազիզյանի մեկնաբանությամբ` պոետ դու կարող ես եւ չլինել, բայց քաղաքացի` պարտավոր ես: Սա պետք է լինի մեր հիմնական մոտեցումը»: