Խանգարում է պետության մոտեցումը հուշարձաններին

Խանգարում է պետության մոտեցումը հուշարձաններին

Հարցազրույց ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի հետ

- Պարոն Պողոսյան, տարեսկզբին ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման եւ հանրահռչակման իրազեկման արշավ իրականացրին՝ քաղաքացիներին տեղեկացնելով պատմամշակութային հուշարձանների հանդեպ իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին։ Ինչպե՞ս եք այս քայլը գնահատում։ 

- Լավ են անում, բայց այդ թերթիկները, առաջին հերթին, թող իրենք ուշադիր կարդան։ Իրենց պարտականությունն է՝ այդ հուշարձանները պահել-պահպանել, եւ ընդհանրապես, երբ խոսում ենք հուշարձանների մասին, պետք է միանգամից մի հարց առաջանա մեր մտքում․ հուշարձաններն այնքան կարեւոր են մեր կյանքում, ընդ որում՝ բոլորը, որ նրանց հանդեպ հարկավոր է ունենալ համակարգված մոտեցում։ Ճիշտ այնպես, ինչպես գրքերը պահում ենք Մատենադարանում, ուսումնասիրում գիտականորեն, պահպանում, որ չփչանան, նույնն էլ՝ հուշարձանների դեպքում, մի տարբերությամբ, որ նրանք թղթից են, սրանք՝ քարից։ Մեզ մոտ չկա այդ համակարգված, խորը մոտեցումը, հանկարծ կարող է գտնեն մի հուշարձան ու ասեն՝ պահպանենք, բա մնացա՞ծը։

- Այսինքն, գործնական մակարդակում հուշարձանների պահպանության ուղղությամբ չեք տեսնում ռեալ իրականացվող քայլեր։ 

- Նախարարությունը հուշարձանների պահպանության մասով ունի մի քանի մարդ, որոնք նստած՝ այսօրվա խնդիրներն էլ չեն կարողանում լուծել, ուր մնաց թե՝ մեր հազարավոր հուշարձանները, որոնց մեջ համաշխարհային գլուխգործոցներ ունենք, որ կործանվում են։

- Այս օրերին քննարկվում է նաեւ Հանրապետության հրապարակի ստորգետնյա շերտը թանգարանի վերածելու նպատակահարմարությունը։ Ի՞նչ կասեք այս մասին։ 

- Պեղումներն արած կինը շատ բարձր կարծիքի է այդ շինությունների մասին, եւ ես նրան հասկանում եմ, դա իր համար թանկ է, բայց հուշարձանները, ամեն դեպքում, պետք է համեմատել իրար հետ եւ համեմատելի բաների մասին խոսել, որովհետեւ Հանրապետության հրապարակը նույնպես հուշարձան է։

- Այսինքն՝ կարծում եք, որ ստորգետնյա շերտի տակ գտնող հուշարձանները չունեն այդ արժեքը, որ բացվեն եւ ներկայացվեն հանրությանը։

- Հրապարակի նման արժեքավոր չեն, բայց, իհարկե, հնարավոր է որեւէ անկյունում մի կտոր բացվի՝ ցույց տրվի, որ եղել է նման բան, ու հետո ապակիով փակվի։ Ընդհանրապես, դա չպետք է օգտագործվի, ուղղակի մարդիկ գան, որպես հնություն տեսնեն, որ այդպիսի հիմքեր կան։ Մաքսիմում՝ դա, ո՛չ ավելի։

- Բայց դա ինչքանո՞վ եք հնարավոր համարում, որովհետեւ մասնագետներից շատերը մատնանշում են հրապարակի հարթությունը, բարձրությունը, որը կխախտվի ստորգետնյա շերտը բացելու դեպքում։       

- Եթե բարձրացնենք, այո՝ կփոխվի, բայց եթե ուղղակի բացենք ու ապակիով 3 մետրը 3 մետրի վրա կամ 5 մետրը 5 մետրի վրա մի հատված ծածկենք, ուրիշ բան կլինի։ Այստեղ այլ խնդիր կա․ այն հուշարձանները, որ պեղվել են, եւ ինչի մասին խոսում ենք, դրանք եղել են «Արարատ» ռեստորանից սկսած, մինչեւ ժամացույցը, կառավարական շենքի աշտարակը, այսինքն՝ հրապարակի ամենակենտրոնում։ Եվ ենթադրենք, եթե ապակիով այդ տարածքը փակվեց, դա ի՞նչ է նշանակում, որ տուրիստ պետք է բերեք՝ այդ տարածքը նայելու, իսկ որպեսզի այնտեղ մարդ բերեք, պետք է տրանսպորտն այնտեղով չանցնի, որովհետեւ ինտենսիվ տրանսպորտային շարժում է, չես կարող միաժամանակ տուրիստ տանել այնտեղ՝ առանց տրանսպորտային շարժը դադարեցնելու, դա անհնար է։ Այսինքն՝ կան բազմաթիվ խնդիրներ, որ լուծում են պահանջում, պետք է լուրջ մտածվի, քննարկվի այդ հարցը, նոր քայլ արվի, ընդ որում չեմ կարծում, որ այդ քայլը պետք է անպայման արվի։

- Դեկտեմբերի վերջին Ալավերդուն հարակից Սանահին կայարանի՝ ցարական շրջանում կառուցված շենքեր քանդվեցին։ Նախարարությունից ասացին, որ հուշարձանների պահպանության ցանկում գրանցված չէին։ Պետությունն այս դեպքում ի՞նչ ճանապարհ կամ քաղաքականություն պետք է որդեգրի հուշարձանների ցուցակից դուրս հուշարձանները պահպանելու համար։

- Առաջինը, իհարկե, պետք է այդ ցանկը վերանայվի, որովհետեւ այդ ցանկում բազմաթիվ պահպանվող հուշարձաններ կային, պայմանական մի թիվ ասենք, ենթադրենք՝ 100 անուն, որից հետո մնաց 20-ը։ Այ, հարաբերակցությունը մոտավորապես այդպես է։ Հազարավոր անուններ կային այդ ցուցակի մեջ, բայց հետո կրճատեցին այնպես, որ մնացին հազվագյուտ բաներ, եւ դա արվեց նրա համար, որ իշխանություններն իրենց ձեռքերը կապված չզգան, երբ պետք է, ասենք, մի հուշարձան քանդվեր եւ դրա փոխարեն մի նոր շենք կառուցվեր։ Այդ ցուցակը պետք է անպայման վերանայել, որից հետո հարց է ծագում․ հուշարձանն այդ ցուցակում կա՞, թե՞ չկա։ Անգամ փոքր խաչքարի մի կես, որ ընկած է մի տեղ, այդ ցուցակի մեջ չի էլ եղել, նույնպես հնություն է, որին պետք է վերաբերմունք եւ ուշադրություն դարձնել՝ անկախ նրանից՝ ցուցակում կա, թե չկա։ Մատենադարանի օրինակը դրա համար բերեցի, հիմա, օրինակ, մի գրքից հարյուրավոր օրինակներ կան, դա հո չի՞ նշանակում, որ մի հատը պետք է պահենք, մյուսները դեն գցենք։

- Խոսեցինք չգրանցված հուշարձանների մասին, բայց կան նաեւ գրանցվածները, ինչպես, օրինակ, Արամի 23-ը, որի պատը մի տարի առաջ փլուզվեց եւ մինչ օրս չի ամրակայվել, թեպետ այս ընթացքում եղավ թե՛ վարչապետի, թե՛ գլխավոր ճարտարապետի ցուցումը։ Այս դեպքում ո՞րն է խնդիրը, եթե ցուցումը կա, որոշումը՝ նույնպես։

- Խանգարում է պետության մոտեցումը հուշարձաններին։ Պետական բյուջեն, որ ամեն տարի կազմվում է, դրա առաջին տողը պետք է լինի մշակույթի մասին, 2-րդ տողը՝ բանակի մասին, հետո՝ մնացած ոլորտները։ Ինչո՞ւ․ որովհետեւ մշակույթ չունեցող ազգը բանակ ունենա, թե չունենա, միեւնույն է՝ ոչնչանում է։ Այդ մոտեցումը պետք է փոխվի, այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզ կլինի։ Հիմա Երեւանի կողքը՝ Պտղնիում, կա մի հուշարձան եկեղեցի, որը նույն բանն է, ինչպես Հռոմի Կոլիզեյը, համաշխարհային արժեք է, փուլ է գալիս մեր աչքի առաջ, բայց մինչեւ չփոխվի վերաբերմունքը հուշարձանների հանդեպ, ոչինչ չի փոխվի։

- Վերաբերմունքի մասին խոսեցիք․ տարբեր նախարարների օրոք Մնջախաղի թատրոնին հատկացված Գրապալատի շենքի հանդեպ վերաբերմունքը տարբեր եղավ։ Նախարարների փոփոխությունից շենքի հուշարձանի կարգավիճակն էլ փոխվեց։ Ինչո՞ւ։

- Մի բան կարող եմ ասել՝ հուշարձաններին ուղղակի չի կարելի ձեռք տալ, հուշարձանը պետք է պահպանել, հիմա մեջը թատրոն ես սարքում, թե խանութ, դա կարեւոր չէ։ Թե ինչու է նախարարության դիրքորոշումը փոխվում, չգիտեմ, ամեն դեպքում՝ հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ը թե՛ նախկինում, թե՛ հիմա նույն մարդն է ղեկավարում, այսինքն՝ այդ շենքի հուշարձան լինելու մասին էլ թե՛ նախկինում, թե՛ հիմա իմացել են։

- Այսինքն, մեծ հաշվով, անհատներից են կախված այդ որոշումները։ 

- Այն էլ այնպիսի անհատներից, որ այս գործին մատների արանքով են վերաբերվում, որովհետեւ ինչ էլ որ պահպանում են, շատ վատ են պահպանում, բազմաթիվ օրինակներ կան, երբ վերականգնման աշխատանքներն էլ չհիմնավորված ձեւով էին անում եւ փչացնում հուշարձանը՝ վերականգնելու փոխարեն։ Իսկ դրա համար, նորից եմ ասում, պետք է 180 աստիճանով վերաբերմունքը փոխվի, եթե ուզում ենք մի քանի տարի հետո հուշարձան ունենալ։