Սոթքում սպասում են դելիմիտացիայի եւ դեմարկացիայի

Սոթքում սպասում են դելիմիտացիայի եւ դեմարկացիայի

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ դեռ մարտական գործողությունները Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում չէին սկսել

Հուլիսի 25-ի գիշերային կրակոցներից հետո, որոնք Սոթքի հանքավայրի հատվածում լարված վիճակ էին ստեղծել, իրավիճակը կարգավորվել է։ Հանքավայրը կրկին աշխատում է ողջ ծավալով։ «Աշխատողներին ժամանակավորապես էվակուացրել էին կրակոցների ժամանակ, բայց դրանից հետո իրավիճակը կայունացել է, գնում են, նորմալ աշխատում են»,- հաղորդում է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Իսկ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնում է, որ հանքավայրում լիարժեք ծավալով աշխատանքներ են ընթանում։ «Երեկ առավոտյան հանքավայրը վերսկսել է աշխատանքը։ Այսօր 670 աշխատողներ ունենք հանքում։ Աշխատանքի ծավալը հստակորեն չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ արտադրական պլաններ են նախանշված, եւ հանքը դրանց համապատասխան շահագործվում է»։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից առաջ հանքավայրն ուներ մոտ 900 աշխատակից, եւս 600 մարդ աշխատում էր Արարատի ոսկու կորզման կոմբինատում։  

Ինչպես հիշում ենք, ձեռնարկությունը դադարել էր աշխատել պատերազմի առաջին իսկ օրվանից: Հանքավայրն անցել էր ՊՆ վերահսկողության տակ, ապա մեկ ամիս անց այն հատվածը, որտեղ արդյունահանում էր իրականացվում, անցավ Ադրբեջանին։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբից լուրեր էին սպրդում, որ ռուսները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ։ Դեկտեմբերից հանքավայրը կրկին բացվել է։ Հիմա կա՞ն տարածքային խնդիրներ, դարպասն առաջ-հետ տանելու հարցեր էլ չե՞ն առաջանում, ի՞նչ եք պայմանավորվել ադրբեջանցիների հետ։
Այս հարցերին «Գեոպրոմայնինգի» ներկայացուցիչը պատասխանում է․ «Ես բանակցությունների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեմ։ Կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք Հայաստանի տարածքում։ Ամեն ինչ կարգավորվել է, բայց ամեն դեպքում սպասողական վիճակ է։ Բոլոր կողմերը սպասում են պաշտոնական դեմարկացիայի եւ դելիմիտացիայի»։ 

«Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, շահագործում է Հայաստանի ոսկու ամենամեծ հանքավայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի, եւ Ագարակի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը՝ կորզելով մոտ 4 մլն տոննա խտանյութ: Այն որոշիչ դեր ունի նաեւ Հարավկովկասյան երկաթուղու եկամուտներում, ապահովում է այս ընկերության շրջանառության 55 տոկոսը: Սոթքի հանքը փակվելուց հետո երկաթգիծն էլ խոշոր կորուստներ ունեցավ եւ ստիպված էր  կրճատել իր աշխատողների եկամուտները։