Ֆլեշմոբ՝ «Coronavirus pandemic forever»

Ֆլեշմոբ՝ «Coronavirus pandemic forever»

Ես իրավունք ունե՞մ չհավատալու ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հայտարարություններին, որոնք ամեն օր գուժում են կորոնավիրուսով վարակման նոր դեպքերն ու մահերը: Կարծում եմ՝ ունեմ: Նաեւ կարծում եմ՝ ես միակ մարդը չեմ, որ չեմ հավատում այս «էշի հարսանիքին»: Ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ հարց է լուծում, իսկ ես պետք է հավատամ, որ Հայաստանում կորոնավիրուս կա: Այ քեզ հետաքրքիր բան:

Ես բնույթով անհավատ չեմ, ընդհակառակը, նույնիսկ չափից ավելի դյուրահավատ եմ, բայց կորոնավիրուսին չեմ կարողանում հավատալ: Իսկ գուցե պատճառն այն է, որ ինձ ոչ ոք չի՞ կարողանում հավատացնել, որ կա այդպիսի վարակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն... բարձր է հնչում, բայց ո՞վ չգիտի, որ դա համաշխարհային բիզնես պրոյեկտ է, որի միջոցները գոյանում են անդամ երկրների վճարած գումարներից: Ինչքան շատ կատակլիզմ, այնքան շատ մուծումներ, այնքան մեծ շահ: Կհարցնեք՝ իսկ առանձին պետությունների շա՞հը որն է, որ այսպես միացել են «Coronavirus pandemic forever» համաշխարհային ֆլեշմոբին ու ամեն առավոտ բայղուշի պես հերթական բոթն են գուժում իրենց քաղաքացիներին: Այս հարցի պատասխանը Փաշինյանն է տվել, ասելով՝ կորոնավիրուսը հնարավորություն է: Այո, հնարավորություն է: Սա շատ լավ հնարավորություն է քաղաքական պայքարը կասեցնելու, բողոքի ցույցերը դադարեցնելու, ազգային տոներն ու հիշատակի օրերը սառեցնելու, սոցիալական խնդիրները հետին պլան մղելու, կյանքի հանդեպ անտարբերություն սերմանելու, պատասխանատվություններից խուսափելու համար: Մասնավորապես, ՀՀ գործող իշխանությունների պարագայում կորոնավիրուսը հրաշալի հնարավորություն է PR-վելու, արտաքին քաղաքականության իր ձախողումները մարսելու, կառավարման ոլորտում իր անճարակությունը թաքցնելու, Ֆեյսբուքում շատախոսելու, ստելու, օրեցօր դժբախտացող ժողովրդի վրա ծիծաղելու, նրան հիմարի տեղ դնելու համար: Ընդամենը մի հասարակ հարց՝ ո՞ր իշխանավորն է կորոնավիրուսի պատճառով սկսել վատ ապրել: Եվ ուրեմն՝ ի՞նչ, կորոնավիրուսը միայն խեղճերի՞ն է հարվածում: 

Երեկ ռեկորդային թիվ ասացին՝ 162 նոր դեպք: Հանրությունը սոսկաց, վախեցավ, ներքաշվեց իր պատյանի մեջ, կծկվեց: Բայց ես չեմ հավատում: Վախեցնելով մարդկանց կառավարելն ավելի հեշտ է: Ինչպե՞ս են հայտնաբերել այդ դեպքերը՝ թեստո՞վ: Թե՞ստն է, արդյոք, որոշում կորոնավիրուսի առկայությունը, թե՞ մասնագետը: Չկա, չէ՞, այնպիսի թեստ, որ հատուկ միայն կորոնավիրուս է հայտնաբերում: Հետեւաբար, թեստը կարող է եւ խաբել: Վերջնական ախտորոշումը կարող է տալ միայն մասնագետը, իսկ մենք այդ մասնագետը չունենք: Զավեշտ չէ՞, երբ ասում են՝ մեկ օրում առողջացել է 24 մարդ, ընդհանուր առմամբ, առողջացել է 1135-ը, բուժվում է 1600-ը, մահացել՝ 40-ը: Սա ի՞նչ ինքնանպատակ թվաբանություն է: Ինչի՞ց են առողջացել այդ մարդիկ, ինչի՞ց են բուժվում, ինչի՞ց են մահացել: Կորոնավիրուսի՞ց: Չեմ հավատում: Եթե Հայաստանում դուք կարողացել եք մերկ ձեռքերով առողջացնել կորոնավիրուսով վարակված 1135 մարդու, ապա ԱՄՆ-ում եւ եվրոպական զարգացած երկրներում կորոնավիրուսը վաղուց հաղթահարած կլինեին: Հետեւաբար՝ ՀՀ իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, պարետը եւ առողջապահության նախարարը պարզապես փչում են:

Ըստ իս՝ կորոնավիրուսային իրարանցման հիմքում, ի թիվս բազմաթիվ այլ «շուլլերությունների, նաեւ քաղաքական ենթաշերտ կա: Հայաստանում, օրինակ, իշխանությունը պահելու խնդիր է լուծվում: Ուշադրություն դարձրեք, որ ընդդիմության ակտիվացման հետ մեծանում է նաեւ վարակվածության նոր դեպքերի թիվը: Միքայել Մինասյանի եւս մեկ բացահայտում, եւ չի բացառվում, որ նոր դեպքերը 200-300-ով ավելանան: Հիշում եք երեւի՝ 20 հոգուց ավելի հավաքներն արգելելու մասին պարետի որոշումը: Լավ է, բողոքի ցույցեր այս օրերին չկան: Բայց երբ մարդիկ հասկանան, որ իրենց էշի տեղ են դնում, ու ոտքի կանգնեն, կարանտինը կրկին կխստացնեն, կվերականգնեն տեղաշարժման թերթիկները, կսկսեն բռնել մարդկանց: Եվ այսպես կարող են ձգել 1-2 տարի ու վերջում էլ զեկուցել, որ կորոնավիրուսից մի 20-30 հազար մարդ են բուժել:
Եվ վերջում կուզենայի եւս մեկ անգամ կրկնել անհավատիս հավերժական հարցը՝ ե՞րբ եք հաշվետվություն տալու, թե որքան գումար եք ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Հինգաստղանի հյուրանոցներ, սնունդ, դեղորայք, պարետ, պարետատուն, բժիշկների տասնապատկված աշխատավարձ, շտապօգնության բենզին, դիմակ, ձեռնոց, թեստ: Չեմ ասում՝ ծախսերը լումա առ լումա ցույց տվեք, բայց գոնե մի քանի տասնյակ միլիոն դոլարի սխալով երբեւէ կտա՞ք այդ հաշվետվությունը: