Արժանապատվություն եւ ճակատագիր
Համաշխարհային պատմությունը բազում օրինակներ ունի, թե ինչպես պատմական որեւէ անցքի՝ հակամարտության, պատերազմի կամ ճակատամարտի ելքը կախված է եղել կողմերի առաջին դեմքերի խիզախությունից, իմաստնությունից, լայնախոհությունից, կառավարչական հմտությունից եւ այլն։ Ցանկացած երկրի կամ պետության ճակատագիր նույնպես հաճախ կախված է լինում մեկ անձի՝ առաջնորդի կամ ղեկավարի վերոնշյալ արժանիքներից։
Պատմությունը նաեւ բազմաթիվ օրինակներ ունի առ այն, որ որեւէ երկրի կամ պետության ճակատագիր կախված է լինում մեկ անձի բարոյականությունից։
Մարդկային բոլոր որակներով՝ անիծված, այնուամենայնիվ, բարոյական մարդ էր Ներոնը․ նա ինքնասպան եղավ եւ հռոմեացիներին որպես երկիր ու պետություն շարունակվելու շանս տվեց։
Բարոյական մարդ էր, անտարակույս, Ադոլֆ Հիտլերը, որ ինքնասպանությամբ ճանապարհ եւ հեռանկար բացեց իր ավերակ երկրի համար։
Օրինակները բազում են։
Մեր փոքրիկ երկրի բախտն այս առումով, սակայն, չի բերել։ Քանզի մենք այսօր ունենք ոչ միայն վախկոտ, ոչ միայն նեղմիտ, ոչ միայն ապիկար խշխանություն եւ իշխանապետ, այլեւ անբարո մի մարդ, որն այդպես էլ չխիզախեց սեփական «կործանումով» փրկել մի ամբողջ երկրի արժանապատվություն եւ ճակատագիր։ Մեր ուզածն էլ ինչ էր՝ ոչ թե մահ, այլ ապիկարի հրաժարական, որ այդպես էլ չեղավ։
Եվ այսօր վտանգված է մեր ապագան՝ մեր ճակատագիրը, որովհետեւ ճակատագրերը բարեհաճ են լինում այն ժողովուրդների հանդեպ, ովքեր կարողանում են դրանք կառուցել արժանապատվության բարոյական հենքի վրա։
Մենք այդ հենքը չունենք։
Ու կողքից որքան էլ տպավորություն ստեղծվի, թե պատմական դժվարին իրավիճակում այսօր իբր երկիր ու պետություն ենք փրկում՝ ապագա կառուցում, դա սոսկ խաբկանք է, որովհետեւ մենք ամեն օր տանուլ ենք տալիս մեր երկրի գերագույն արժեքը՝ քաղաքացուն, նրան դարձնելով նվաստ ու թշվառ այնքան, որ համաձայն է կախված մնալ մի վախկոտ ապիկարի չունեցած բարոյականությունից։
Կարծիքներ