ՄԻՊ Կարենը չէր հարգի գործող արդարադատության նախարարին

ՄԻՊ Կարենը չէր հարգի գործող արդարադատության նախարարին

«Ժողովրդի իշխանության» արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը այսօր կարճատև մամուլի ասուլիս է անցկացրել՝ ընդամենը 10 րոպեանոց, բայց հասցրել է մի քանի անգամ գլխիվայր շրջել հայաստանյան իրականությունը: Օրինակ՝ ասել է, որ նախկինների ժամանակ մեր դատական համակարգն ամենաքիչ վստահությունն ունեցող ոլորտն էր, և այսօր գործող իշխանությունը հաջողություններ է գրանցում համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցում: Ասել է, որ օրինական որոշումներ կայացնող դատավորներին զտում են ապօրինի որոշում կայացնողներից: Դա կատարվում է վեթինգի (անգլերեն՝ զտում) միջոցով, և հանրության սպասումներն էլ աստիճանաբար արդարանում են դատավորների վեթինգի առումով: Եվ որպես վկայություն հիշատակել է հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը: 

Ասել է, որ այսօր ԲԴԽ-ն (Բարձրագույն դատական խորհուրդը) իր բարձրության վրա է, և ինքը, որպես նախարար, գոհ է դրա աշխատանքից՝ նույնիսկ այն դեպքում, եթե ԲԴԽ-ն չի կասեցնում որևէ դատավորի գործունեությունը (արդեն եղել է նման դեպք), երբ նախաձեռնողը լինում է նախարարությունը: Եվ դա գալիս է նրանից, որ ինքը վստահում է ԲԴԽ անդամների արհեստավարժությանը (բառացի չի ասել, բայց միտքը դա է եղել): Եվ էլի մի երկու բան է ասել, բայց հիմնականը դա է: Հա, քիչ մնար մոռանայի. սսել է նաև, որ ինքը ետ չի կանգնում Նիկոլի նկարի հասցեին ասված իր հուզիչ (գնահատականն իմն է՝ Վ. Ս) խոսքերից:

Քանի որ մի ժամանակ խիստ հարգում էի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանին (ես հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության և դրա աշխատակազմի անդամ էի, իսկ ինքը բացահայտում էր դատական համակարգի կոռումպացվածության աստիճանը), ապա խոստովանեմ, որ այսօր բացարձակ հարգանք չեմ տածում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նկատմամբ: Եթե չգիտեք, ապա ասեմ, որ դա նույն անձն է: Չեմ հարգում, քանի որ իրեն հարգող որևէ հայաստանցի այսօր չէր կանգնի Փաշինյան Նիկոլի կողքին՝ լրագրողներին հանած: Որովհետև, իմ կարծիքով, ՄԻՊ Կարենը հաստատ դեմ կլիներ քաղաքական դրդապատճառներով դատավորներին վեթինգի ենթարկելու պրակտիկային: Իսկ Նիկոլի օրոք և իր մասնակցությամբ վեթինգի ենթարկված (լիազորությունները դադարեցված) առաջին դատավորը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը ոչ թե ձեռնարկատիրական գործունեության պատճառով է նման պատժի արժանացել, այլ որովհետև ծնունդով գավառեցի լինելով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությանն իր ծննդավայրում աջակցել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքին: Եվ այդ պատճառով էլ հայտնվել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի սև ցուցակում: Իսկ ի՞նչ է դա՝ եթե ոչ քաղաքական դրդապատճառներով դատավորին պատժի ենթարկելու գործընթաց:

Այնպես որ նախկինների առումով ասվածին համաձայն եմ, սակայն, որպես հայաստանյան հանրության անդամ, կարող եմ ասել, որ գործող իշխանության նկատմամբ չունեմ դույզն իսկ վստահություն: Եվ, բնականաբար, չեմ կարող ունենալ հարգանք նախկին ՄԻՊ, իսկ այսօր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նկատմամբ: Եթե անկեղծ, ապա ենթադրում եմ, որ ՄԻՊ Կարենը ևս չէր հարգի գործող արդարադատության նախարարին: