Դեգրադացիա

Դեգրադացիա

Չափանիշները փոխվել են: Առաջ հիանում էին խելացի վերլուծությամբ, հիմա հիանում են դիմացինի` շշպռելու ունակություններով: Քաղաքական հակառակորդին, օպոնենտին պորտը տեղը դնելու որակն այսօր ամենագնահատելին է դարձել: Առաջ, եթե ազգուտակի մեջ մի գիտնական, հաջողակ գործարար, բարձրաստիճան պաշտոնյա կար, բարեկամությունը հպարտանում էր նրանով, ամեն առիթով պատմում, թե` այսինչն իմ հորեղբայրն է, մորաքրոջս տղան, քեռուս աղջիկը: Վճռորոշ պահերին խորհուրդ էին հարցնում այդ ազգականից, անպայման հրավիրում էին ընտանեկան կարեւոր միջոցառումներին: Հիմա հարգում են գողականներին ու ճարպիկներին, որոնք կարողացել են առանց դիպլոմի ու կրթության, «քայլելու» եւ ՔՊ-ին ծառայություններ մատուցելու շնորհիվ առաջ գնալ:

Առաջ սոցիալական ցածր աստիճանի վրա գտնվողները, որոնք կրթության ու գիտելիքի, տեղեկացվածության ու փորձի պակաս ունեին, իրենց գրագետ հարեւաններին ու բարեկամներին խնդրում էին բացատրել այս կամ այն երեւույթի էությունը, խորհուրդ տալ, թե ընտրությունների ժամանակ ում տան իրենց քվեն, հիմա փորձիր 8-ամյա կրթությամբ ազգականիդ խորհուրդ տալ կամ բան բացատրել: Ինքը բոլոր պրոֆեսորներից ու Հարվարդ ավարտածներից լավ գիտի, թե ինչ է կատարվում ռուս-ուկրաինական ճակատում, թե ինչ են ուզում ԱՄՆ-ն ու Չինաստանը, ուր է գնում Հայաստանը, եւ ում է պետք ընտրել ՀՀ վարչապետ: Առաջ մարդիկ ձգտում էին զավակներին լավ կրթության տալ, իրենց բերանից կտրում էին, որ նրանց ուղարկեն արտերկիր` ուսանելու, խրախուսում էին գիտությամբ զբաղվելն ու գիտական կոչում ստանալը: Հիմա դրա անհրաժեշտությունը վերացել է` եթե բուհ չավարտած մարդը կարող է դառնալ պատգամավոր, իսկ կենսագրություն չունեցողը` նախարար, ի՞նչ իմաստ ունի սովորելն ու գիտական թեզ պաշտպանելը: