Հեն է, գլխներիս նստած են թուրքերը՝ գյուղից 9 կմ հեռավորության վրա 

Հեն է, գլխներիս նստած են թուրքերը՝ գյուղից 9 կմ հեռավորության վրա 

Նախօրեին կրակում էին Երասխում եւ մենք կրկին բախվեցինք սահմանի անվտանգության եւ ադրբեջանական լկտի ոտնձգությունների փաստի հետ։ Կրկին հառնեց Սյունիքի անվտանգության հարցը։ Hraparak.am-ը զրուցել է Սյունիքի սահմանամերձ գյուղերի գյուղապետերի հետ և հետաքրքրվել է, թե ինչ վիճակում են այսօր գտնվում գյուղերը, որքանով է անվտանգ կյանքը սահմանամերձ գոտում։

«Նորմալ հունով է ապրում այսօր Սալվարդ գյուղը՝ իր գարնանային աշխատանքներով, համայնքի բնակիչները տեղում են։ Գյուղում ոչինչ չի փոխվել, միջին չափանիշի մեջ է մնացել համայնքի բնակիչների թիվը։ Առայժմ ոչ զարգացում կա, ոչ էլ՝ հետընթաց։ Մենք, սահմանամերձ ենք, գյուղից դեպի Նախիջևան ընկած հեռավորությունը մոտ 7 կմ է, ուստի պաշտպանական առումով, մենք զգոն ենք, և ամեն ինչ իր տեղում է»,- մեզ հետ զրույցում ասաց Սալվարդի  գյուղապետ Վարդան Մեսրոպյանը։

«Հրավիրում եմ ձեզ Արևիս։ Եկեք և տեղում ծանոթացեք գյուղում առկա բոլոր խնդիրներին։ Երիտասարդությունը հիմնականում դուրս է եկել գյուղից, մնացել են ծերերը։ Մեր ամենակարևոր խնդիրն այս պահին ճանապարհն է, որն ընդհանրապես չունենք։ Ճանապարհը կառուցեն՝ մեզ բավական է։ Մեր գյուղից Սիսիան մոտ  20 կմ է։ Գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ։ Մեր գյուղի տեղը ոչ ոք կարծես չգիտի, ոչ գալիս են, ոչ էլ հետաքրքրվում մեզանով»,- մեզ հետ զրույցում ասաց Արևիսի գյուղապետ Սասուն Սահակյանը։

«Համեմատած նախորդ տարիների, Նժդեհ գյուղը առաջընթաց ունի։ Ճանապարհը ասֆալտապատված է, փողոցային լույսերը քաշած, խմելու ջրագիծը 50 տոկոսով է կատարված։ Երկու բնակավայր ունենք Նժդեհ և Ցղունի։ Վերաբնակեցված Նժդեհ գյուղը, որտեղ նախկինում ադրբեջանցիներ են ապրել, հայկական տարածք է միշտ եղել, ոչ թե գրավված տարածք։ Գյուղը սահմանակից է Նախիջևանին և գտնվում է  5-6 կմ  հեռավորության վրա։ Հողագործության և բնակիչների առումով  որևէ արգելք չկա, որովհետև տարածքը Սյունիքի լեռնաշղթայի անմիջապես 2030 մ բարձրության վրա է գտնվում։ Լեռնային պայմաններն այնպիսին են, որ սահմանի հետ կապված մեզ նեղություն չեն տալիս։ Լինում են դեպքեր, երբ հեռվից լսելի են լինում կրակոցի ձայներ։ Հաշվի առնելով արցախյան պատերազմը, այն, ինչ մենք տեսանք, զգոն ենք և պաշտպանական առումով ամեն ինչ իր տեղում է, գյուղում էլ այս պահին հանգիստ է։ Գյուղի երիտասարդները բոլորն էլ այստեղ են, և պատրաստ են ամուր պահել մեր սյունյաց հողը։ Մեր սահմանն անվանել ենք Տիգրան Մեծի անունով։ Գտնվելով լեռնային բարձրադիր գոտու վրա, այն ավելի ապահով է, քան մեր հարևան գյուղերի հարթավայրային սահմանները։ Արցախից ունենք վերաբնակեցված 4 ընտանիք։ «Հայ օգնության» ֆոնդի աջակցությամբ բազմազավակ մի ընտանիքի էլ տուն ենք կառուցել և նվիրել»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Գեղամ Օհանյանը։ 

«Նորավանում ամեն ինչ կարգին է։ Մարդիկ իրենց գարնանային գործերին են։ Հենակետերը սահմանում դրված են, զինվորը կանգնած է»,- ասաց Նորավանի գյուղապետ Սլավիկ Պապյանը։

«Հեն է, գլխներիս նստած են, էլի, թուրքերը՝ գյուղից 9 կմ հեռավորության վրա է գտնվում թշնամին։ Բայց այս պահին ամեն ինչ նորմալ  է Որոտնավանում, բոլորն իրենց գործին են։ Մենք  մեր հողն ու ջուրը ամուր ենք պահում»,-մեզ հետ զրույցում ասաց Որոտնավանի գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը։