Երեխաների սեքսուալ դաստիարակության մասին․ Meduza․io-ի անդրադարձը

Երեխաների սեքսուալ դաստիարակության մասին․ Meduza․io-ի անդրադարձը

Մանկաբույժները, հոգեբաններն ու մանկական զարգացման մասնագետները երեխաների սեքսուալ դաստիարակությունը համարում են ժամանակակից աշխարհում համար չափազանց կարեւոր։ Սակայն հետխորհրդային տարածքում, եւ հատկապես մեզ մոտ, տարատեսակ հանգամանքներով պայմանավորված, սեքսուալ հարցերի մասին խոսելն այնքան էլ ընդունված չէ։

Մասնագետները կարծում են, որ ընդունված կարծրատիպերը խանգարում են  ծնող-երեխա հաղորդակցությանը, խաթարում ծնող-երեխա փոխվստահությունն ու էմոցիոնալ մտերմությունը։ Սակայն, եթե նույնիսկ ծնողների համար մարդու մարմնականության եւ սեքսուալ հարցերի մասին խոսելը երեխաների հետ այնքան էլ ընդունված չէ, ապա մինչ այս կարծրատիպին տուրէ տալը պետք է մտածել, իսկ որքանով է այն անհրաժեշտ երեխաների համար։

Չէ որ ծնողների կողմից սեքսուալ դաստիարակության պակաս ունեցող երեխան կարող է նույնիսկ որոշակի անզգուշություն ցուցաբերել եւ վնասել ինքն իրեն բոլոր առումներով։ Ուստիեւ ծնողները պետք է հիշեն, որ սեքսուալ հարցերի մասին խոսելը, ընտանիքում սեքսուալ դաստիարակությունը կարեւոր է երեխայի համար ոչ միայն որպես գիտելիք եւ վստահություն, այլ նաեւ որպես երեխայի անվտանգության գործոն։ Պետք է հիշել, որ երեխան ծնվում է այսպես ասած սեռականությամբ օժտված եւ ըստ տարիքային առանձնահատկությունների՝ սեփական մարմնի ուսումնասիրումը լիովին բնական է եւ դրանից ամաչելու կամ կաշկանդվելու հարկ չկա։ Ի վերջո, կարծրատիպերը չպետք է հանգեցնեն նրան, որ երեխան սկսի ամաչել սեփական մարմնից։ Ի վերջո, պետք է հիշել, որ եթե երեխան սեքսուալ ոլորտի գիտելիքներ չի ստանում ընտանիքում, նա այդ պակասը կլրացնի դրսում։