Ինչ է մեզ սպասվում

Ինչ է մեզ սպասվում

Կանխատեսումներ անելը, անշուշտ, անշնորհակալ գործ է, մանավանդ՝ Հայաստանի նման անկանխատեսելի երկրում։ Բայց փորձենք պատկերացնել այն իրավիճակի շարունակությունը, որի հետ գործ ունենք այսօր․ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի դիմում չի գրում եւ իշխանությունը ոչ մեկին չի փոխանցում։ Իշխող ուժը փորձում է ինչ-որ կերպ կայունացնել վիճակը՝ որոշ հարցեր լուծել, որոշ դժգոհություններ մարել, Արցախում կամ Հայաստանի սահմաններին նոր կորուստները կանխել։

Մի խոսքով՝ ժամանակ է շահում, հույսով, որ «ժամանակը բուժում է վերքերը», եւ որոշ ժամանակ անց դժգոհությունը կնվազի, ընդդիմության «շնչառությունն» էլ այնքան երկարատեւ չէ, որ ամիսներով փողոց փակեն, ու ամեն ինչ կընկնի իր տեղը․ իրենք կշարունակեն իշխել՝ պարգեւավճարներ բաշխելով, գործուղումների մեկնելով, ժողովուրդն էլ կբավարարվի նոր պատերազմի բացակայությամբ եւ իր գոյությունը քարշ տալով։

Աշխատող սցենա՞ր է․ կարծում եմ՝ այո։ Բայց այս սցենարը «թերություններ» էլ ունի։ Օրինակ այն, որ պետական ինստիտուտներն այսօր արդեն կա՛մ ոչնչացված են, կա՛մ ոչնչացման եզրին են։ Պետական տարբեր կառույցներ եւ անհատներ արդեն իսկ հրաժարականներ են տվել կամ հայտարարել անհնազանդության մասին, թերեւս առաջիկայում այդ ալիքը կշարունակվի՝ ամեն օր ավելի ու ավելի բարդացնելով Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի կառավարումը։

Սակայն Փաշինյանն էլ այս նվաստացված վիճակի հետ չի հաշտվի․ եթե մնաց վարչապետի աթոռին, ռեպրեսիաների, կադրային խայտառակ փոփոխությունների, ուժայիններին իր շահերին ծառայեցնելու նոր քայլեր է ձեռնարկելու։ Եվ դրանք ամեն օր ավելի արտառոց են լինելու, քան նախորդները։ Նաեւ նոր հայտարարություններ է անելու, նոր պատմությունների մեջ է ընկնելու, եւ երկրի կաթվածահար վիճակն ավելի է խորանալու։