Իմ դիմում-բողոքներից հետո ծակել են տանիքի թիթեղը, կոյուղու խողովակի մեջ քիմիական նյութ լցրել

Իմ դիմում-բողոքներից հետո ծակել են տանիքի թիթեղը, կոյուղու խողովակի մեջ քիմիական նյութ լցրել

Աբելյան փողոցի թիվ 13 շենքի բնակիչ Սվետլանա Օհանյանն արդեն 10 տարի պայքարում է իր խախտված իրավունքների համար։ Մասնավորապես, 3-րդ կարգի վթարային համարվող իրենց շենքում տարիներ շարունակ ապօրինի գործունեություն է ծավալում 3 կազմակերպություն՝ 2 կաբելային՝ «Inter Aktiv», «TV NET», եւ մեկ լարային ինտերնետ։

Այս տարիների ընթացքում թե՛ թաղապետարանը, թե՛ քաղաքապետարանը աչք են փակել շենքի անվտանգության հարցերի վրա, չնայած նրա կողմից հնչեցրած ահազանգերին։ Ստիպված՝ Ս․ Օհանյանն իր միջոցներով է վերանորոգել տանիքը, որն արժեցել է, ընդհանուր առմամբ, 400 հազար դրամ։

Սակայն վերանորոգումից անմիջապես հետո ինտերնետ սպասարկող կազմակերպություններից մեկը ծակել է տանիքի մետաղե թիթեղը, տեղադրել հենասյուն, որը, ըստ նրա, կարող էին նաեւ ուրիշ հատվածում տեղադրել։ «Տանիքից ավազ էին լցրել կոյուղու խողովակի մեջ, արդյունքում խցանում էր առաջացել։ Ես կարծում եմ, որ դա հենց նրանք են արել, որովհետեւ ինձ չներեցին այն բանի համար, որ բողոքում էի եւ բնակիչների ստորագրահավաք էի անում, որպեսզի վերանորոգեն տանիքը։ Բայց դե՝ վերջում ես իմ հաշվին վերանորոգեցի տանիքը մետաղյա թիթեղներով, իսկ հիմա եթե տեսնեք, թե ինչ վիճակում է՝ գլխամասի թիթեղները չկան, մեխերը հանած, որովհետեւ այդ ամբողջ անցուդարձը մեր տանիքի վրայով է, քանի որ ինտերնետ ապահովող այդ կազմակերպությունները սնուցման աղբյուրը դրել են մեր տանիքում ու սպասարկում են կողքի շենքի բնակիչներին»,- ասում է նա ու հավելում, որ տանիք տանող ճանապարհին հակասանիտարական վիճակ է ստեղծվել։  

Սվետլանա Օհանյանը ցույց է տալիս այս տարիների ընթացքում պատկան մարմիններին՝ ոստիկանություն, թաղապետարան, քաղաքապետարան, ուղարկված իր նամակները․ «Դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականն ինձ ուղարկված իր նամակում փաստել էր, որ «TV NET-ը» մինչեւ 2017-ն աշխատել է առանց պայմանագրի թույլտվության։ Այսինքն՝ ներխուժել է տանիք՝ առանց իմ համաձայնության, ու սկսել ապօրինի գործունեություն ծավալել՝ խաթարելով իմ հանգիստը եւ պատճառելով բարոյական եւ նյութական վնաս»։

Նա նկատում է՝ ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն, «Inter Aktiv»-ն աշխատում է պայմանագրով․ ««Inter Aktiv»-ը սպասարկում է 42 շենքերի բնակիչների, որի համար համատիրությանն ամսական վճարում է 48 հազար դրամ։ Փաստորեն, այս խղճուկ գումարի համար վնասել եւ շարունակում են վնասել 42 շենքերի անվտանգությունը։ Դիմել եմ թեժ գծին, այն ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, նրանից առաջ՝ Հովիկ Աբրահամյանին, բայց նրանց համար կարեւոր չէր իրականությունը, թեեւ հանձնարարականներ տրվել են, բայց ոչինչ չի արվել»։

Ս․ Օհանյանն այժմ ուզում է տունը վաճառել, բայց ով գալիս՝ տանիքը տեսնում է, թողնում գնում է, որովհետեւ տանիքի պատճառով նաեւ տան ներսն է վնասվել, ամենուր ջրի հետքեր են․ «Եթե ես այդ ջրերը չթափեմ, ամբողջ շենքը կհեղեղվի։ Իմ պահանջը սա է՝ քանի որ առանց թույլտվության է աշխատել «TV NET-ը», բնակիչներին թող տան ժամանակ՝ հեռարձակման պայմանագիր կնքելու ավելի ժամանակակից, գրագետ եւ հարկային դաշտում աշխատող կազմակերպությունների հետ, որոնց աշխատանքն ուղղակիորեն չի առնչվում տանիքի հետ։ Նաեւ կասեցնել այդ կազմակերպությունների աշխատանքը, ապամոնտաժել բոլոր լարերը։ Ամրացնել բնակարանի վթարային տանիքը։ Վերականգնել տանիքի նախկին վիճակը։ Փոխել կոյուղու խողովակը, որը խիստ վտանգավոր է առողջության համար, որովհետեւ իմ դիմում-բողոքներից հետո վնասել, ծակել են տանիքի թիթեղը, տանիքում գտնվող կոյուղու խողովակի մեջ քիմիական նյութ են լցրել, որի պատճառով այն վնասվել է»։  

Սվետլանա Օհանյանը ներկայիս քաղաքային իշխանություններին չի դիմել մի պարզ պատճառով՝ չի հավատում նրանց։ «Հիմա կստացվի, որ բողոքավոր եմ, բայց ասեմ, որ ես շատ էի ուզում հանրապետականները հեռանան, բայց ես դեմ եմ նաեւ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը։ Քանի որ մեր նոր թաղապետը ոչ մի կադրային փոփոխություն չի արել եւ թողել է նախկիններին, այդ թվում՝ կոմունալ բաժնի պետին։Հիմա եթե ես նորից դիմեմ թաղապետին, էլի նույն մարդկանց պետք է ուղարկի, նրանք էլ գնան, սխալ զեկուցեն իրեն, իսկ ես չեմ ուզում նորից այդ ամենի միջով անցնել։ Երեկ զանգել եմ քաղաքապետարանի թեժ գիծ եւ խնդրել եմ՝ քանի որ իրենց կոմունալ վարչության աշխատակիցը՝ Խաչատրյան Հարությունը, տեղյակ է, այս գործով թող ինքը գա-ուսումնասիրի, որ գոնե ճիշտը զեկուցի քաղաքապետին ու թաղապետին։ Իմ նպատակը դա է։ Ես չեմ վստահում թաղապետարանին, թող քաղաքապետարանից գան նկարեն տանիքը, տեսնեն՝ ինչ հակասանիտարական վիճակ է, ու այդ մասին զեկուցեն թաղապետին»,- ասում է նա ու ընդգծում, որ այս 10 տարիների ընթացքում խախտվել է ոչ միայն սեփականության խաղաղ տնօրինման իր իրավունքը, այլ նաեւ առողջ ու խաղաղ ապրելու։