Անգրագետ Պողոսի եւ նրա պատգամավորի Ամանորը

Անգրագետ Պողոսի եւ նրա պատգամավորի Ամանորը

Տարին ավարտվում է, մոտենում է տարեվերջյան ամփոփումների, պարգեւատրումների հաշվետվությունների ժամանակը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն արդեն հանդես է եկել իր ավանդական դարձող ուղերձով՝ խոզի բդերը հանգիստ թողնելու եւ նոր տարին վայելելու։ Թեպետ կոչի հիմքում հայ կնոջն ամանորյա չարչարանքից ազատագրված տեսնելու մղումն է, վարչապետի՝ Հայաստան այցելելու եւ այստեղ փող ծախսելու կոչերի ֆոնին սպառողական մարտահրավերի պես է հնչում։ Ցավոք, «անգրագետ Պողոսը» չի ստանում պատգամավորի աշխատավարձ, որ Ամանորին գնա ճամփորդության եւ գոնե վարչապետ էլ չէ, որ իր ընտանիքի անդամների հետ փախչի անվտանգության ծառայության աշխատակիցների աչալուրջ հսկողությունից եւ նմանատիպ արկածներով անմոռանալի դարձնի տոնը։ Առավելագույնը, որ կարող է թույլ տալ իրեն «անգրագետ Պողոսը», տանը հարեւանների ու բարեկամների հետ բաժակ չխկացնելու փոխարեն նույնն անելն է որեւէ սննդի օբյեկտում, կենդանի երաժշտության ներքո՝ պայմանով, իհարկե, եթե աշխատավարձը շատ չի զիջում փոխվարչապետի աշխատավարձին։

Ամանորյա այս անիմաստ թոհուբոհի, գերծախսերի ու կանանց չարչարանքի ավանդույթը սոցիալական ապահովության հետ կապված խնդիր է։ Տոնն ուտելիքի հետ կապելը եւ ճոխ սեղաններով նշելու ձգտումը աղքատի հոգեբանություն ու վարք է։ Տրամաբանությունը պարզ է՝ կա ուտելիք, ուրեմն տոն է։ Աղքատի հոգեբանության դրսեւորում են նաեւ հանրային ճոխ ու ծախսատար տոնական հանդիսությունները բարեգործների կամ համայնքային բյուջեի հաշվին։ Դրանք նաեւ կոմպենսացիոն գործառույթ են իրականացնում՝ սոցիալապես անապահով հանրությանը, որն ի վիճակի չէ սեփական միջոցներով իր համար տոն կազմակերպել, տրամադրում են որոշ հաց ու զվարճանք։ Սրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ հպանցիկ համեմատելով, թե որ երկրում որքան գումար են պատրաստվում ծախսել Ամանորի վրա, ինչքան է արժեցել երկրի գլխավոր տոնածառը, ինչ բարձրության է, ինչով է զարդարված եւ այլն։ Օրինակ, Նյու Յորքի գլխավոր տոնածառը քաղաքին նվիրել է մի կին, դա 20 մետրանոց մի եղեւնի է, որ մեր տոնածառի կողքին բավականին անշուք տեսք ունի։ Իսկ Լոնդոնի գլխավոր տոնածառը մերի կողքին պարզապես քրջոտ մի բան է։  Հարուստ երկրներում կան տոնածառեր, որ կարող են մեր տոնածառի հետ մրցել, Իսպանիայում նույնիսկ կա տոնածառ, որ կհաղթի մերին, բայց այն հյուրանոցի տոնածառն է՝ դրված այդ հյուրանոցի ընդունարանում՝ հյուրանոցի հաշվին եւ ոչ թե համայնքային բյուջեի։ Ակնառու է, որ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում կառավարող ուժը պատասխանատվությամբ է վերաբերվում հանրային միջոցներին։ Փոխարենը նախկին ԽՍՀՄ տարածքում ընդունված բան են շքեղ ու ծախսատար հանդիսությունները պետական բյուջեի հաշվին։  

Խնդրին առնչվում է տարեվերջի մեդիա-սկանդալներից մեկը՝ կապված վարչապետի դստեր անվտանգությունն ապահովելու համար ձեռք բերված թանկարժեք ավտոմեքենայի հետ, ինչին վարչապետը պատասխանեց ոչ միայն բացատրական լայվով, այլեւ «Փախուստ կառավարական առանձնատնից» հոլովակով՝ նկարահանված «Կարգին հաղորդման» անմահ ավանդույթներով։ Գնալով զավեշտալի են դառնում իշխող ուժ-պահանջատեր հանրություն հարաբերությունները։ Դրանք հիշեցնում են Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը, միայն թե այստեղ «չլինի՞ թե բարկանում ես» հարցին փոխարինում է «չլինի՞ թե հղփանում ես» հարցադրումը։ Իշխողները, իհարկե, սկսում են չքմեղանալ, որ եթե չհղփանան՝ ասենք, իրենք իրենց պարգեւատրումներ չանեն, օրենքի խախտում թույլ կտան։ Եվ, փաստորեն, մի անդերսենյան մանկիկ չկա, որ ասի՝ է, փոխեք օրենքը, որ ո՛չ մենք տանջվենք, ո՛չ դուք։ Կարելի է սկսել, օրինակ, աշխատավարձերից, քանզի անհասկանալի է, թե ինչու պիտի այդքան բարձր աշխատավարձ ստանան այնպիսի մի երկրի պատգամավորը, նախարարն ու վարչապետը, որի բնակչության կեսից ավելին՝ մարզաբնակները, ստանում են 20-30․000 դրամ։ Ընդ որում՝ այս մարդիկ պիտի հոգան նաեւ նրանց բնակարանի, ծառայողական ավտոմեքենայի, բենզինի ու այլեւայլ ծախսերը։

Մի՞թե արդեն միայն աշխատավարձերի այսպիսի տարբերությունը բավական չէ, որ նրանց միջեւ փոխըմբռնման վիհ առաջանա։ Պատկերացրեք՝ վարչապետը ստանար 150 հազար դրամ աշխատավարձ եւ Նոր տարվա շեմին չիմանար՝ այդ փողով երեխաներին խաղալի՞ք առնի, կոմունալ վարձե՞րը մուծի, թե՞ վերջապես այցելի բժշկի՝ արդեն ամիսներ շարունակ իրեն տանջող ինչ-որ մի ցավի համար։ Վստահեցնում եմ, որ հանրության լայն շերտերին վերաբերող փոփոխություններն իրենց երկար սպասեցնել չէին տա, եւ ոչ մի համակարգ ի զորու չէր լինի դիմադրել փոփոխություններին, վարչապետն էլ իր վարկը բարձր պահելու համար ստիպված չէր լինի զավեշտալի հոլովակներ նկարել։ Հասկանալի չէ, թե ինչու ուսուցիչը, դասախոսը, գիտնականը, զանազան այլ մասնագետներ կարող են աշխատել գրոշներով, գրողներն ու արվեստագետները կարող են աշխատել բոլորովին ձրի, իսկ պատգամավորը, նախարարն ու վարչապետը՝ միայն բարձր վարձատրությամբ։ Առաջիկա տարում հանրության գլխավոր խնդիրներից մեկը պիտի լինի պաշտոնյաների աշխատավարձերի վերանայումը եւ նրանց մերձեցումը ժողովրդին։ Եվ քանի որ Ամանոր է, մաղթենք, որ նոր տարում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նույնքան պաշտպանված լինի, որքան իշխողներն ու նրանց ընտանիքների անդամները։

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ