Խարանն ուղեկցելու է Պոլսո պատրիարքին, որովհետեւ ընտրվել է թուրքական իշխանությունների «դաբրոյով»

Խարանն ուղեկցելու է Պոլսո պատրիարքին, որովհետեւ ընտրվել է թուրքական իշխանությունների «դաբրոյով»

Վաղը պաշտոնապես հայտնի կդառնա Պոլսո 85-րդ հայոց պատրիարքի անունը։ Ըստ նախնական տվյալների՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ձայներն ավելի շատ են, քան Արամ եպիսկոպոս Աթեշյանինը։ Պետք է նշել, որ շատ են նաեւ այն մարդիկ, ովքեր անվավեր են դարձրել իրենց քվեաթերթիկը՝ այդկերպ բոյկոտելով պատրիարքի ընտրությունները։ Հատկանշական է, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես չի ողջունել այս ընտրությունը, ավելին՝ իր թվիթերյան էջում նա մասնավորապես գրել էր, որ «պատմության սեւ էջերի վրա են արձանագրվելու այն պաշտոնյաների անունները, որոնք համայնքի պատիվը խաղալիքի վերածեցին, նաեւ այն հոգեւորականների ու հիմնադրամների նախագահների անունները, որոնք համագործակցեցին իշխանությունների հետ։ Ընտրվածին էլ չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սահմանափակում մտցրեց պատրիարքի ընտրության կանոնակարգում, համաձայն որի՝ պատրիարքի ընտրություններին կարող են մասնակցել միայն Պոլսո պատրիարքարանին ենթակա եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: 

Թուրքագետ Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ այն, որ ընտրությունների անցկացման կանոնադրությունը փոփոխությունների ենթարկվեց, պատճառն ակնհայտ էր՝ թույլ չտալ այլ հոգեւորականների մասնակցել ընտրություններին, իսկ հիմնական թիրախը Հայաստանը ներկայացնող Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն էր, ով, ըստ նրա, համարվում էր ֆավորիտ թեկնածուն եւ կարող էր ընտրությունների ժամանակ որոշակի անախորժություններ պատճառել թուրքական իշխանական սցենարին։ «Չնայած թեկնածուները՝ Սահակ Մաշալյանը եւ Արամ Աթեշյանը, հայտարարեցին, որ այդ փոփոխությունները խնդրահարույց են, եւ ճիշտ չէ, որ այլ հոգեւորականներ իրավունք չեն ստանում մասնակցել, բայց, այնուամենայնիվ, նրանք թուրքական պետական սցենարի մասը կազմեցին եւ մասնակցեցին այդ վատ իրադարձության իրականացմանը»։  

Պատրիարքի 2 թեկնածուն էլ անսացին իրենց հոգեւոր եղբայրների կոչերին՝ չմասնակցել ընտրություններին եւ դրանով չեղարկել այն։ «Որպես դրան հակափաստարկ՝ նշվում էր, որ եթե այս անգամ չկայանան ընտրությունները, ապա թուրքական իշխանություններն էլի տարիներով ընտրությունները կհետաձգեն, ուրեմն քանի թույլ են տվել, եկեք անցկացնենք։ Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ թուրքական իշխանությունները հայկական շրջանակների տարբեր խմբերին, որոնք ունեին հակադիր շահեր, կարողացան իրար դեմ հանել եւ անցկացնել իրենց համար ցանկալի սցենարը։ Այսինքն՝ թուրքական սցենարն իրականացվեց նաեւ հայերի օգնությամբ, որտեղ մեր մեղքը նույնպես պետք է տեսնենք»։  

Անդրադառնալով Կարո Փալյանի հայտարարությանը՝ Մելիքյանը նկատեց, որ միայն նա չէ կոշտ դիրքորոշում հանդես բերել, պարզապես Փալյանի հայտարարությունը խորհրդանշում է Թուրքիայում ապրող հայ հասարակության որոշակի հատվածի տրամադրությունները, որովհետեւ «հայ համայնքի մի հատված հասկացավ, որ ընտրություններն արվում են ոչ մրցակցային եւ արվում են, որպեսզի իշխանությունների համար նախընտրելի 2 թեկնածուներից որեւէ մեկն ընտրվի։ Այս պարագայում պետք է նկատենք նաեւ, որ համայնքում մեծ թիվ են կազմում բոյկոտի կոչ անողները, որոնք չմասնակցեցին ընտրություններին, եւ դրանցից մեկն էլ Կարո Փալյանն էր»։  

Թուրքագետը կարծում է, որ ընտրություններն ինչ ելք էլ ունենան, խնդիրը չեն լուծելու եւ տարիներ տեւած այս թնջուկը հանգուցալուծման չեն տանելու․ «Նաեւ համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտում առողջացումը շատ դանդաղ է լինելու, որովհետեւ արդեն իսկ Կարո Փալյանի խոսքում նկատվում էր, որ համայնքի մի մասը թեկնածուներից եւ ոչ մեկին չի ճանաչելու ընտրյալ պատրիարք եւ այս ընտրությունները չի համարում լեգիտիմ, որովհետեւ դրանք կայացել են կանոնակարգի եւ եկեղեցական կարգի խախտման արդյունքում։ Սա, կարծում եմ, բավականին մեծ պրոբլեմ է, որովհետեւ Պոլսո պատրիարքությունը Թուրքիայի հայության, հայապահպանման կարեւոր բաստիոններից է, եւ այն անառողջ մթնոլորտը, որ կա պատրիարքությունում եւ դրա շուրջ, բնականաբար, ազդելու է հայապահպանության, հայ համայնքի տարբեր խնդիրների վրա»։ 

Պոլսո պատրիարքի ընտրությունները, ըստ Ռ․ Մելիքյանի, ունեն միաժամանակ թե՛ հոգեւոր, թե՛ քաղաքական բաղադրիչ․ «Մենք միշտ տեսնում ենք, որ թուրքական իշխանությունները, խախտելով նաեւ Լոզանի պայմանագիրը՝ չմիջամտել հայ համայնքի կրոնական ներքին գործերին, միշտ միջամտել են, սա այդ միջամտության օրինակներից մեկն է»։

Ի պատասխան այն հարցին, թե Պոլսո պատրիարքի ընտրություններն ինչ նշանակություն եւ ազդեցություն կարող են ունենալ հայաստանյան հոգեւոր կյանքի վրա, Մելիքյանն ասաց․ «Պոլսո աթոռը հայ եկեղեցու 4 նվիրապետական աթոռներից մեկն է՝ Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղեմ, Պոլիս։ Եվ բնական է, որ այդ աթոռի շուրջ տեղի ունեցող զարգացումներն անպայմանորեն վերաբերում են ընդհանուր եկեղեցուն եւ հայության խնդիրներին։ Իսկ այն անձը, ով ընտրվում է թուրքական իշխանությունների, այսպես ասած՝ «դաբրոյով» եւ փորձելու է հոգեւոր գործառույթներ իրականացնել, հենց սկզբից ունենալու է չընկալվածության որոշակի խնդիր, եւ այդ խարանն ուղեկցելու է ընտրված պատրիարքին, որ, այնուամենայնիվ, խախտել է որոշակի բարոյական օրենքներ եւ մաս է կազմել իր հոգեւոր եղբայրների իրավունքների ոտնահարմանը։ Սա մի նոր պրոբլեմատիկ փուլի սկիզբ է, ինչն առաջին հերթին ստամբուլահայ համայնքի համար բավական լուրջ հետեւանքներ կարող է ունենալ»։

Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի համար նշանակություն չունի, թե ով կընտրվի պատրիարքի պաշտոնում, կարեւորը՝ պատրիարք լինի, որովհետեւ «պատրիարքական աթոռը շատ կարեւոր աթոռ է մեզ համար։ Իհարկե, ճիշտ չէ, որ թուրքական կառավարությունը որեւէ ձեւով միջամտի մեր եկեղեցու ներքին գործերին։ Կուզենք, որ որեւէ սահմանափակում չլինի, բոլորը մասնակցելու հնարավորություն ունենան, որպեսզի համայնքն էլ կարողանա ճիշտ կողմնորոշվի եւ իր ուզած թեկնածուին ընտրի։ Թեկնածուներից ով էլ ընտրվի, ուրախ կլինենք եւ կուզենք, որ թե՛ Պոլսո համայնքին, թե՛ Արեւմտյան Հայաստանի մեր վանքերին նորմալ պատրիարքություն անի․ այնտեղ շատ եկեղեցիներ ու վանքեր կան, որ խնամքի եւ հոգածության կարիք ունեն։ Փառք Աստծո, Սեպուհ սրբազանը Գուգարաց թեմում էլ շատ հարգված եւ սիրված է, ինքը բազում անելիքներ ունի նաեւ Գուգարաց թեմում, որտեղ շատ մեծ ծառայություն է մատուցում։ Այսինքն՝ իր կարիքը մենք այստեղ էլ ունենք, իհարկե, եթե Պոլսում ընտրվեր, այնտեղ էլ մեծ աշխատանք կաներ, բայց Պոլսի պատրիարքի թեկնածուներից որ մեկն էլ ընտրվի, նորմալ կծառայի Պոլսո համայնքին»։