Լեւոն Քոչարյանը Փաշինյանին հիշեցրեց Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունը
Խորհրդարանում շարունակվում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։ «Հայաստան» խմբակցության անդամ Լեւոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանում անկախ դատական համակարգ կա, հիշեցնելով՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնված ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի մասնակցությամբ գատնալսումը, երբ ձայնագրության մեջ վերջիններս քննարկում էին Ռոբերտ Քոչարյանի կալանքի տանելու հարցը, և թե ինչ ցուցումներ պետք է տալ դատավորին։
«Ես ցանկանում եմ մեր հասարակությանը հիշեցնել մի բանի մասին, որը եղել է ուղիղ 6 տարի առաջ՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին։ Խոսքը հայտնի խոսակցության մասին է, որը հայտնվել է համացանցում այդ օրը։ Այդ խոսակցության ընթացքում ՀՀ վարչապետը, ԱԱԾ ղեկավարը, ՀՔԾ պետը քննարկում են, թե ինչպես են կալանքի տանում մարդկանց, ինչպես են դրա մասին տեղեկացնում դատավորներին, ինչ պետք է անի դատավորը, ում հանդեպ, ինչ պետք է կիրառվի՝ գրավ, կալանք, այսինքն՝ մինչև դատարանի վերջնական որոշումը իրենք արդեն գիտեն ինչ է լինելու, և ցուցումներ է լինում ու սրա մասին զեկուցվում է ՀՀ վարչապետին։ Ինչո՞վ է սա կարևոր, որովհետև 2018 թվականի ապրիլի իրադարձություններից հետո՝ իշխանության հեղափոխությունից հետո և այդ ընթացքում շատ սկզբունքներ որդեգրվեց, շատ բաների մասին խոսվեց, շատ խոստումներ տրվեց, և սա երևի թե առաջին ամենացցուն ապացույցն էր, թե ինչքան կեղծ էին շատ բաներ, շատ խոստումներ՝ ժողովրդավարության բաստիոնը, մնացածը, դատավորների զանգեր չի լինելու։ Իհարկե, շատ հմուտ կերպով այդ ժամանակ իրենք այնպես արեցին, որ ամբողջ ուշադրությունը սրեռվեց նրա վրա, թե այ ո՞վ է արել այդ գաղտնալսումը, այլ ոչ թե բովանդակության վրա, ինչը ինքնին շատ ավելի կարևոր և էական էր։ Դրան հետևեցին արդեն տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումները, դատարանների վրա ճնշումները, կոնկրետ դատավորների հետևից ընկնել ու հասնել նրան, որ նրանք չլինեն, սահմանադրական դատարանը, մնացածը։ Հիմա հարցը հետևյալն է․ նույն ձև՞ է մինչև հիմա արվում այդ ամեն ինչը, թե՞ ինչ-որ սխեմա է փոխվել, որովհետև այն, արվում է, դա փաստ է, դրա ականատեսն ենք մենք»։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Նախ ձեր նշած իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը հիմա ձեր շարքերում է, և կարծում եմ՝ կարող է մամուլի ասուլիս հրավիրել և պատմել՝ ոնց է եղել, ինչ է եղել: Հետո, էլի բարձրաստիճան պաշտոնյաներ կան, այդ թվում՝ ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից, էլի ձեր շարքերում են»: Փաշինյանը նկատի ուներ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանին, որն այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էր։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարծիքներ