Վիկտոր Մնացականյանի դիմումը ստորագրել են

Վիկտոր Մնացականյանի դիմումը ստորագրել են

Երեկ տեղեկություն ստացանք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական է տվել։ Լուրը փորձեցինք ճշտել քաղաքապետի մամուլի խոսնակից՝ «խնչելու» մեծ մասնագետ Հակոբ Կարապետյանից, ով նախընտրում է հարցերին պատասխանելու փոխարեն հումոր անել։ Նա քաղաքապետի հրաժարականի լուրերը բամբասանք անվանեց․ «Ես Ձեզ շնորհավորում եմ, Դուք այս տարի քաղաքապետի հրաժարականի մասին հետաքրքրվող հոբելյանական՝ 10-րդ լրագրողն եք»,- փորձեց հեգնել նա։ Ասաց, որ քաղաքապետն արձակուրդ է մեկնել հոկտեմբերի 21-ին, սակայն իրեն հայտնի չէ, որ նոյեմբերի 4-ին պետք է վերադառնար․ «Վերադառնալու է այս շաբաթվա վերջին, եթե նույնիսկ երկարաձգել է, դա չի նշանակում, որ հրաժարական է տվել»։ Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 30-ին, մեր հարցին, թե ինչու չի ստորագրվում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիմումը, խոսնակն ասել էր, որ դիմումը չի ստորագրվում, որովհետեւ քաղաքապետը քաղաքում չէ՝ արձակուրդում է, կվերադառնա երկուշաբթի օրը, այսինքն՝ նոյեմբերի 4-ին, եւ կստորագրի։

Մենք տեղեկացանք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ՝ նոյեմբերի 4-ին պետք է արձակուրդից վերադառնար, չի վերադարձել, դիմել է արձակուրդը մինչեւ նոյեմբերի 8-ը երկարացնելու խնդրով։ Տեղեկացանք նաեւ, որ քաղաքապետը մոտ 20 օր առաջ 10 օրով արձակուրդ գնալու մտադրություն է ունեցել, անգամ ձեւակերպել է արձակուրդը, ապա ինքն իր արձակուրդի հրամանը հետ է կանչել եւ այն վերցրել ավելի ուշ՝ 10 օր առաջ։ Քաղաքապետն արձակուրդն անցկացրել է կնոջ հետ՝ Եվրոպայում, մասնավորապես, Պրահայում։ Թերեւս այն պատճառով, որ արձակուրդը վերջանալուն պես քաղաքապետը չի վերադարձել, հավանաբար դա էր պատճառը, որ նման լուրեր էին տարածվել։ Իսկ Վիկտոր Մնացականյանի դիմումը ստորագրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նոյեմբերի 1-ի ամսաթվով, սակայն անգամ քաղաքապետարանում այդ մասին իմացել են երեկ։