Պատասխանատուն անմեղսունակ մեղսունակների իշխանությունն է

Պատասխանատուն անմեղսունակ մեղսունակների իշխանությունն է

Հարցազրույց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հետ

- Պարոն Չալիկյան, պատերազմի առաջին օրերին, երբ զրուցում էինք, շատ լավատես էիք, ասացիք, որ ի սկզբանե մենք հաղթանակած ենք ցանկացած կռվում, որովհետեւ մեր մեջ կրում ենք այդ լույսը: Հիմա, գրեթե 2 ամիս անց, երբ պատերազմի ելքը հայտնի է բոլորիս, դարձյա՞լ նույնկերպ եք մտածում: 

- Ես նույն կարծիքին եմ, թեպետ մենք մեր ճակատամարտում խայտառակ պարտություն կրեցինք, բայց սա ընդամենը ճակատամարտ է, որը, իհարկե, եթե չենք ընկալում որպես վերջ: Ու որպեսզի սա վերջ չլինի, մենք այն պետք է դիտարկենք որպես հզոր ապտակ՝ սթափվելու եւ հասկանալու, որ մեր խնդիրները միայն մենք կարող ենք հաղթահարել համահայկական ներուժով: Մենք այլ բարեկամների կարոտ չենք եւ տեսանք, թե այդ բարեկամ կոչվածներն ինչպես վերաբերվեցին մեզ, որովհետեւ հանկարծ պարզեցինք, որ այս կռվում մենք որեւէ դաշնակից չունենք, բացի մեր համահայկական ներուժն օգտագործելուց, որն այդպես էլ չկայացավ, եւ ես այն կարծիքին եմ, որ մեր ամենահզոր ուժը տիեզերքի հանդեպ ճշմարիտ պատգամի, առաքելության կատարումն է: Այսինքն՝ այն կռիվը, որ սկսվել է հազարամյակներ առաջ` Հայկից եւ Բելից, այս ճակատամարտում ցույց տվեց, որ մենք ենք լույսի միակ  կրողները, եւ պատերազմի նման ելքը մեզ պետք է ոչ թե հիասթափեցնի, այլ պետք է գիտակցենք մի շատ կարեւոր բան` ինչքան մեծ ու անհաղթահարելի է խնդիրը, որի դեմ, թվում է, մեր մեջ որեւէ արժեք չենք կրում, բայց, միեւնույն է, տիեզերքում այդ ներդաշնակությունը կա, եւ մեզնից պահանջվում է ոչ ստանդարտ, գերխնդիրներ լուծելուն ուղղված, աշխարհը ցնցող գաղափարներ: Մենք որեւէ ստանդարտ, տրադիցիոն քայլ անելու ի զորու չենք, այսօր պետք է կարողանանք մեր հավաքական ուժով աշխարհին հակադարձել մեր խոսքը, պետք է կարողանանք մեր իրական առաքելությունը գնահատելով՝ ծառայել այդ առաքելությանը, ընդհանուր լույսին ու մարդկությանը: Մենք պետք է կարողանանք հանուն այդ քաղաքակրթության փրկության մեր ինքնուրույն խոսքն ասել` նոր արժեհամակարգ ձեւավորելով, նոր պետություն, նոր պետականություն, ընդ որում՝ դա անպայման պետք է լինի նոր համահայկական հոգեւոր կայսրություն: 

- Այսօր ողջ հասարակությունն իրեն խաբված է զգում, որովհետեւ 45 օր շարունակ մեզ ասվեց, որ զգետնում ենք, հաղթում ենք, կոտրելու ենք թշնամու ողնաշարը, բայց արդյունքում տեղի ունեցավ հակառակը: Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն:

- Բնականաբար, առաջին պատասխանտուն «մեր» իշխանությունն է, ես նույնիսկ կասեի` անմեղսունակ մեղսունակների իշխանությունը, որը, իհարկե, պետք է հեռանա: Մեզ պարտադրում են այն վարկածը, որ եթե իրենք գնում են, գալիս են նախկինները, բայց վերադարձ դեպի հինը` անհնար է․ մենք պետք է այնպիսի մեծ նշաձող վերցնենք, որը պետք է համախմբի բոլոր առողջ ուժերն ամբողջ աշխարհում: Ես հիմա աշխատում եմ մի ուղերձի վրա. «12-ի խորհուրդը»` մենք նման մի միավոր ձեւավորեցինք տարեսկզբին, որը համահայկական մտավորականության միավոր է: Շուտով կհրապարակենք մի ուղերձ, որտեղ հռչակում ենք հենց այդ նոր երկրի տեսլականը, որը, բնականաբար, կարող է կոչվել Հայք՝ ե՛ւ պատմական տարածքի, ե՛ւ համայն հայության իմաստով: Աշխարհում ցրված այդ քաղաքակրթական համակարգը կայացնելն այլընտրանք չունի: Եվ այստեղ նորից հիշում ենք մեր հանճարի խոսքերը` հայ ժողովրդի փրկությունն իր հավաքական ուժի մեջ է: Այսօր մենք դա պետք է իրականություն դարձնենք վայրկյան առաջ, որովհետեւ մեր պետականությունն է վտանգված եւ, ընդհանրապես՝ մեր ազգի գոյությունը: Պետք է անպայման կայացնենք այն միակ ուժը, որը կարող է մեր միակ թիկունքն ու դաշնակիցը լինել, իսկ դա համայն հայությունն է, որը միայն քաղաքական միավոր չի կարող լինել, չնայած դրա անհրաժեշտությունն այսօր կա, որովհետեւ ոչ մի քաղաքական ուժի հանդեպ այսօր վստահություն չկա: Դա նաեւ պատվեր է՝ բոլոր ոլորտներում կայացնել ամենամեծ նշաձողով պայմանավորված որակներ: Ենթադրենք, խոսքը ռազմական գիտությանն է վերաբերում, որտեղ պետք է օրերի ընթացքում կայացնենք ամենանորագույն ռազմական միավորները, որովհետեւ մենք արդեն համոզվեցինք, որ վաղվա պատերազմում կռվելու են նորագույն տեխնոլոգիաները: Մենք ունենք այդ ներուժը բոլոր ոլորտներում, ուղղակի տարիներ շարունակ գլխատել ենք մեր իրական պոտենցիալը՝ մեր իշխանության ապաշնորհության եւ օտարի ձեռքին գործիք լինելով: Այսօր բոլոր ոլորտներում թռիչքաձեւ գերխնդիրներ են մեզ սպասվում, եւ պետք է կարողանանք այդ ամենը կոորդինացնող համահայկական համակարգ ձեւավորել:

- Նշեցիք համահայկական ներուժի համախմբվածության եւ կարեւորության մասին․ Դուք նկատո՞ւմ եք այդ ներուժը մեր մեջ: Օրեր շարունակ Ազատության հրապարակում 17 կուսակցություններ պահանջում են վարչապետի հրաժարականը․ սա ի՞նչ կարող է փոխել ներկայիս իրավիճակում, եւ այդտեղ կա՞ այդ ներուժը: 

- Ես ոչ թե տեսնում եմ դրա հնարավորությունը, այլ դրա անհրաժեշտությունը, մենք այլընտրանք չունենք: Եղածի, հնի, անարժանի դեմ կռիվը դատապարտված է, որովհետեւ մենք մտնում ենք նույն դաշտը: Հնի դեմ հաղթանակ ապահովելու միակ ճանապարհը նրան ավելի բարձրը, վեհը հակադրելն է: Խոսքն այդ նորի կայացումն է, եւ չեմ կարծում, որ մեր ազգն արդեն սպառված է: Պետք է գաղափարի շուրջը համախմբվել, ոչ թե ամեն մեկն իր շահն ու գաղափարն առաջ մղելով՝ ստեղծի այն համակարգերը, որ այսօր իրար ոչնչացնում են: Եթե մենք ստեղծում ենք նորը, թող դրա մեջ անգամ հներից լինեն, նրանք, ովքեր իրենց մեջ ուժ կգտնեն նորին ծառայելու։ Այդ համակարգը, իհարկե, պետք է օգտվի բոլոր ռեսուրսներից: 

- Բայց այս օրերին թե՛ հների, թե՛ նորերի մեջ բոլորը դավաճաններ են փնտրում եւ իրար մեղադրում: Նման մթնոլորտում ինչպե՞ս կարող է նոր գաղափար ի հայտ գալ:

- Գաղափարն այդտեղ ի հայտ չի գալիս, այն հակադրվում է արհեստածին պայքարին: Էլի եմ ասում՝ եթե նա հին է, չի նշանակում, որ վատն է, որովհետեւ հասել է այն պահը, որ եթե որեւէ մեկի մեջ մի չնչին լույս կա, ուրեմն բոլորի լույսը պետք է միավորենք: Այդ լուսեղեն գաղափարի շուրջ պետք է համախմբվեն միայն ծրագրերը: Սիմվոլիկ այսպես ասեմ․ հազարամյակներ շարունակ մենք, լինելով արեւապաշտ, այսօր մեր հավատամքը պիտի լինի այդ լույսը, եւ այս համատարած խավարին միակ արժեքը այդ լույսը հակադրելն է: Եվ եթե կարողանանք այդ բանաձեւումները ճշգրիտ ներկայացնել, մենք բոլոր ժողովուրդների մեջ կգտնենք դաշնակիցներ: Իսկ եթե մենք կռվում ենք հանուն լույսի, այդտեղ պարտություն չկա, ուղղակի պետք է կարողանանք այդ քաղաքակրթական կռիվը նոր թափով շարունակել բոլոր ոլորտներում՝ համահայկական ներուժով: