Նաիրա Զոհրաբյանն Արփի Դավոյանի հարցով էթիկայի հանձնաժողով կդիմի

Նաիրա Զոհրաբյանն Արփի Դավոյանի հարցով էթիկայի հանձնաժողով կդիմի

Մեր տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի՝ իր հասցեին հրապարակային հայտարարությունների հարցով դիմել ԱԺ առաջիկայում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողով։ Քիչ առաջ Դավոյանն իր էջում տեղադրելով Նաիրա Զոհրաբյանի լուսանկարը՝ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառի հետ նկարվելիս, գրել է․«Շուտով, հիչքոքյան ժանրի մի աշխարհացունց տեքստով, ֆեյսբուքյան տիրույթում։Բաց չթողնեք»։

Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողով դիմելու մտադրությունների մասին՝ ասելով․«Ես միշտ ձեռնպահ եմ մնացել կանանց վերլուծելուց, կանանց մեկնաբանելուց մինչ այն պահը, երբ նրանց՝ իմ հանդեպ սեւեռումն այլեւս դառնում է անտանելի, այլեւս դառնում է վտանգավոր հենց իրենց եւ շրջապատի համար։ Այս անգամ ես օգտվելով իմ այդ իրավունքից եւ ԱԺ-ում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողով ներկայացնելու եմ սույն տիկնոջ՝ իմ անձի վերաբերյալ գրառումները, որոնք խախտում են բարեվարքության եւ բարեկրթության բոլոր սահմանները։ Ես քանիցս ասել եմ, որ  որեւէ պարտավորություն չունեմ հանդուրժելու իմ հանդեպ կանացի խորը եւ անանցանելի բարդույթներ ունեցող սույն կնոջ իմ հանդեպ վարքը այդ հանձնաժողովում քննարկելու համար»։