Վաղը ուշ կլինի

Վաղը ուշ կլինի

Երբ մարդը հայտնվում է նեղ վիճակում, երբ անելանելի դրության եւ բարդ լուծումների առաջ է կանգնում, ի՞նչ է անում: Ճիշտ է` մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները, դիմում է ընկեր-բարեկամների օգնությանը, խելացի մարդկանցից խորհուրդ է հարցնում, թե ինչպես լուծի այդ թնջուկը: Ընդ որում, երբ տեղը շատ նեղ է լինում, պատրաստ է դիմել անգամ օտարներին, անծանոթներին, միայն թե մի լուծում գտնվի: Այս իշխանությունը, պարզվեց, ո՛չ ի վիճակի է մոբիլիզացնել իր ունեցած ռեսուրսները, ո՛չ դիմել ծանոթ-բարեկամներին, ո՛չ էլ խելացի մարդկանց խորհուրդները լսել: Ռեսուրսն այս պարագայում հայ ժողովրդի պոտենցիալն է, ընդ որում` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում:

Հիմա յուրային-թշնամի, սեւ-սպիտակ անելու ժամանակը չէ, պետք է հրաժարվել թշնամանք ու պառակտում մտցնելու վեցամյա մարտավարությունից, հայ ժողովրդի ամբողջ պոտենցիալը մոբիլիզացնել, որ ազգովի ելքեր գտնենք, որ ստիպենք Ադրբեջանին՝ ախորժակը փակել, գերիներին հետ բերենք, նոր կտորներ չտանք մի բուռ դարձած մեր հայրենիքից: Բայց, դատելով այս իշխանությունների կեցվածքից, նրանք չեն համարում, որ Հայաստանի գլխին վտանգ կա կախված: Այնպես, ինչպես 2020-ի պատերազմից առաջ կամ 2023-ին` Արցախի դատարկվելուց առաջ չէին համարում: Այն, թե ինչ հեշտությամբ Տավուշից հողեր հանձնեցին եւ Կիրանցը երկու կես անելը հռչակեցին որպես հաղթանակ, նույնն անելու են մնացյալ Հայաստանի հետ: Սրանք ունակ չեն խելոք խորհուրդներ լսելու, օգնության առաջարկներ ընդունելու: Լավագույն ապացույցը Վարդան Օսկանյանի հարյուրավոր առաջարկներն ու խորհուրդներն անտեսելն է: Հայրենիքի հանդեպ մեկ գրամ իսկ սեր ունեցող իշխանությունը վաղուց Վարդան Օսկանյանին ներգրաված կլիներ բանակցային պրոցեսում եւ կօգտագործեր նրա պոտենցիալը: