Ինչպես են մեկ բուժքույրով ու մի քանի գյուղին՝ մի պոլիկլինիկայով յոլա գնում

Ինչպես են մեկ բուժքույրով ու մի քանի գյուղին՝ մի պոլիկլինիկայով յոլա գնում

Մոլեգնող համավարակի պայմաններում այլևս կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերահսկողությունը ամբուլատոր պոլիկլինիկական համակարգի վրա է։ Գյուղեր կան, որոնք դա էլ չունեն, լավագույն դեպքում՝ ունեն մեկ բուժքույր ու մեկ պոլիկլինիկան սպասարկում է մի քանի գյուղ։ «Հրապարակը» զանգահարել է Տավուշի, Լոռու, Սյունիքի հեռավոր գյուղեր՝ պարզելու, թե ինչպես են յոլա գնում։

Լոռու Սարամեջի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ ոչ հիվանդ ունեն, ոչ պոլիկլինիկա։ «Չէ, մեզ մոտ մի հատ բուժքույր ա, պոլիկլինիկան Ջրաշենում ա»,-ասաց գյուղապետը։

Ջրաշենից Վահան Ուռուսյանը ասաց, որ հիվանդ չունեն, ունեն 4 մեկուսացած, որոնցից 3-ը Երևանում 4 օր մնալուց հետո հետ են եկել գյուղ։ «Մի հոգի ա մնացել»,-ասաց Ուռուսյանը։ Հարցին, թե պոլիկլինիկայի բժիշկներն ունե՞ն հատուկ արտահագուստ՝ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար, վերջինս ասաց՝ չէ, չունեն։ Հիվանդ ունենալու դեպքում էլ զանգահարում են Շտապ օգնություն, գալիս են, հարկ եղած դեպքում՝ հիվանդանոց տեղափոխում։

Քարաբերդից Յուրիկ Շավելյանն ասաց․«Չե, հիվանդ չունենք, պոլիկլինիկա էլ, որ պետք է լինում օգտվում ենք քաղաքի (Վանաձորի) երրորդ պոլիկլինիկայից, նրանց մոտ ենք գրանցված։ Ու Աստված ոչ անի, եթե վարակվենք․․․ մենք վախից սկի քաղաք էլ չենք գնում, եթե վարակվենք, պտի զանգենք, «Սկոռին» գա տանի էլի»։

Տավուշի մարզի Խաշթարակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանն ինքը հիվանդ էր կորոնավիրուսով։ Գյուղում պոլիկլինիկա չունեն, գրանցված են Իջևանի պոլիկլինիկայում։ Այս գյուղում այս պահի դրությամբ միակ ախտորոշված  հիվանդը գյուղապետն է, մեկն էլ մեկ ամիս առաջ էր եղել։

Տավուշի մարզի Ազատամուտի համայնքապետ Արթուր Բեգինյանը հպարտությամբ նշեց՝ առողջության առաջնային կենտրոն ունենք։ Մի քանի գյուղերի սպասարկող պոլիկլինիկան ունի 3 բժիշկ՝ թերապևտ ու  ընտանեկան բժիշկ։ Գյուղում էլ հիվանդ չունեն, ունեն մեկ մեկուսացված։

Սյունիքի մարզից խոսեցինք Տեղի գյուղապետ Ներսես Շադունցի հետ, ով հարցին, թե հիվանդներ ունեն, շատ դիվանագիտական պատասխան տվեց․«Էս պահի դրությամբ հաստատված հիվանդներ չունենք»։ «Ընդհանուր առմամբ էլ, ախտահանումներ ենք անում փոողցներում, փոստային բաժանմունքի մոտ»,-ասում է գյուղապետը։

Նա կարող է հպարտանալ, որովհետև իրենց պոլիկլինիկայում հատուկ արտահագուստ ունեն, ինքն է գնացել ու Երևանից բերել բաժանել։ Գյուղի պոլիկլինիկան սպասարկում է 7 բնակավայրի։ «Ամեն գյուղում էլ մի բուժքույր է աշխատում»,-ասաց Շադունցը։ Նա ասում է՝  եթե դեպքեր են լինում, «Շտապ օգնություն»-ն «արագի մեջ գալիս ա»։

Ներսես Շադունցի հետ մի քիչ էլ ժողովրդի իրավագիտակցության մասին խոսեցինք։ Վարչապետը ամբողջ օրը դժգոհում է մարդկանցից, որ վարակում ու վարակվում են։  Տեղի գյուղապետի խոսքով՝ իրենք կարգապահ են։ Եվ հետո․«Մի հասկացություն կա՝ գյուղական, մեկ էլ քաղաքային համայնքներն իրար հետ համեմատել չի կարելի։ Հիմա մենք նախկինում, որ թաղումներ էր լինում, 300-400 հոգի մարդ էր լինում, հիմա 15-20 հոգով են կազմակերպում»,-ասում է Շադունցը։

Սրան նպաստում է նաև այն, որ նախ գյուղատնտեսական աշխատանքներն էին, հիմա արդեն բերքահավաք է, ամեն մեկն իր դաշտում աշխատում է։