Էդմոն Մարուքյանը դիմել է Գեղամ Գեւորգյանին

Էդմոն Մարուքյանը դիմել է Գեղամ Գեւորգյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանույան հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով՝ իրեն տրամադրել «զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները»։ Նաեւ խնդրել է հայտնել, թե «ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները» եւ պարզաբանել ուսումնասիրության նպատակները։ 

Հիշեցնենք, որ մի խումբ ոչ իշխանական լրատվամիջոցներ ՏՄՊՊՀ-ից գրություններ են ստացել՝ ծավալուն հարցերի պատասխանելու առաջարկով։ ԶԼՄ-ները դա գնահատել են որպես առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու փորձ եւ իրենք եւս դիմել են ՏՄՊՊՀ-ին՝ առաջադրելով մի շարք հարցեր, մասնավորապես, թե որ ԶԼՄ-ներն են ընդգրկվել այդ ուսումնասիրության տիրույթում։ Հիշեցնենք նաեւ, որ ՏՄՊՊՀ-ն այս գործընթացը պատճառաբանում է իբրեւ թե գովազդային դաշտն ուսումնասիրելու անհրաժեշտությամբ։ Հանձնաժողովը միեւնույն ժամանակ սպառնում է լրատվամիջոցներին՝ չպատասխանելու դեպքում վարույթ հարուցել եւ 5 միլիոն դրամով տուգանել իրենց հարցում չպատասխանած յուրաքանչյուր լրատվամիջոցի։