Պոդոլյակը՝ Զելենսկու և Զալուժնիի միջև կոնֆլիկտի մասին

Պոդոլյակը՝ Զելենսկու և Զալուժնիի միջև կոնֆլիկտի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի միջև որևէ կոնֆլիկտ չկա, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Շատ տարօրինակ է խոսել Զալուժնիի և Զելենսկու կոնֆլիկտի մասին՝ հաշվի առնելով նրանց դերը [այս հակամարտությունում]», - ասել է Պոդոլյակը, որի խոսքերը մեջբերում է Unian-ը։ 

Նրա խոսքով՝ նախագահը պատասխանատու է ռազմավարական կառավարման համար. միևնույն ժամանակ նա ղեկավարում է ռազմական գործողությունները, պատասխանատու է տնտեսության և արտաքին գործընկերների հետ շփումների համար, որոնք ապահովում են Ուկրաինայի գոյատևումը։
Պոդոլյակը հիշեցրել է, որ Զելենսկին գերագույն գլխավոր հրամանատարն է, և նա ունի ենթականեր.

«Այստեղ հնարավոր չէ աշխատել առանց սիներգիայի։ Քննարկումները կարող են լինել կոշտ, իհարկե, ինչպես ցանկացած այլ կառավարման գործընթացում, ուստի այստեղ խոսքը ոչ թե կոնֆլիկտի, այլ նորմալ աշխատանքի մասին է, երբ ղեկավարը որոշակի խնդիրներ է դնում»։

Պոդոլյակի համոզմամբ, տարաձայնությունների մասին հայտարարություններ են հայտնվում նաև երկրի ներսում։ Ըստ նրա, շատ զգայուն, բարդ հարցեր և տեղեկություններ են կուտակվել, ինչը ծանրանում է հասարակական տրամադրությունների վրա, քանի որ «ճակատում բեկում չի եղել»: