Հասարակություն

Զորահավաք և ՀՀ ԶՈՒ տեղաշարժ սկսեք դեպի Լաչինի միջանցք

Զորահավաք և ՀՀ ԶՈՒ տեղաշարժ սկսեք դեպի Լաչինի միջանցք

Դրանից հետո միջազգային տարբեր կառույցներ և պետություններ կբավարարվեն ոչ միայն սրտաճմլիկ հայտարարություններով, այլ իրականում գործի կանցնեն: Եթե չանցնեն էլ, մենք արժանապատիվ քայլ արած կլինենք: Հումանիտար աղետի մեջ հայտնված հայրենակիցներին օգնության հասնելը, կարծես, արժանապատվության հարց է, գոյաբանական՝ բոլոր հայերիս համար:

Թե չէ այդ հայտարարությունները վերջնականապես կվարկաբեկեն դրանք անողներին: Օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի շուրջ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը: Ինչ է նշանակում «կողմերին»: Առայժմ հայտնի է մեկ կողմը՝ Ադրբեջանը: Գուցե ՄԱԿ-ն այլ տեղեկություննե՞ր ունի, նախ, ճանապարհը փակել է Արցախի Հանրապետությունը, հետո՝ ՀՀ-ն:

Հստակ ու հասցեավորված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կոչը Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, վերականգնել գազամատակարարումը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, թեև հստակ է ձևակերպել ուղերձը, բայց բաց է թողնված մեկ բառ. «Մենք անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով»։ Հիմնախնդրի անտեղյակ մեկը կկարծի, թե Արցախի Հանրապետությունը և ՀՀ-ն են միմյանց շրջափակել:

Ինչևէ, ոչ մեկին ոչ պետք է մեղադրել՝ ազերի բաշիբոզուկների էժանագին սադրանքների վերաբերյալ հայտարարելու կամ չհայտարարելու, ոչ էլ այդ թյուրիմացություն-պետության ղեկավարին չսաստելու համար: Հավանաբար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵՄ-ի ինչ-որ դեմքեր (հատկապես գազ մուրացող), թեկուզև Վլադիմիր Պուտինը, կարող են զանգահարել ու ասել՝ վերջացրու, Իլհամ, թե չէ «շահումդ» կորցնելու ես: Նրանք այդպես էլ կանեն, եթե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մոտենան սահմանին, եթե ՀՀ-ում զորահավաք հայտարարվի: Նկատի ունենալով «բնապահպանների» վերջին պահանջները՝ կապված ինչ-որ վերահսկողական գործառույթներ Ադրբեջանի պետական կառավարման մարմինների հետ համատեղ իրականացման հետ: Ասվածը թվում է նպատակահարմար, չնայած այդ քայլերը կարող են հանգեցնել ռազմական ընդհարման, պատերազմի: Այլընտրանքն արցախահայերի տարհանումն է, եթե չենք ցանկանում, որպեսզի նրանց սրի քաշեն, ինչպես արեցին սեպտեմբերին՝ խոշտանգելով և անդամահատելով հայուհուն և գնդակահարելով հայ ռազմագերիներին: Այդպիսի ցուցադրական գործողությունները (որոնց իբր ժողովրդավարական, իբր մարդասիրական աշխարհն այդպես էլ չարձագանքեց, պատասխանատվության չենթարկեց) նախատեսված են եղել հենց այսպիսի քայլեր նախապատրաստելու համար, որ իրենք կանգ չեն առնելու: Լաչինից հետո հերթը հասնելու է իրենց երազած միջանցքին: 

Հասկանալի է, այս տողերն ընթերցելիս, որոշները կասեն՝ քեզ չվերաբերող գործերին մի խառնվիր, քո խորհուրդներն էլ քեզ պահիր. մենք չգիտե՞նք ինչ անել, երբ հայտարարել զորահավաք կամ զորաշարժ: Անշուշտ, գիտեք՝ 5 հազար զոհ, 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ, մի քանի միլիարդ դոլարի սպառազինության ոչնչացում՝ փաթեթավորված:

Գագիկ Վարդանյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image