Խավարում խարխափող Հայաստանի ուրվականը

Խավարում խարխափող Հայաստանի ուրվականը

Երկրի ինքնիշխանությունը դրսեւորվում է ինքնիշխան որոշումներ կայացնելու եւ դրանք իրականացնելու կարողությամբ եւ ոչ թե ինքնիշխանության մասին հայտարարություններով, որոնք այնքան զավեշտալի են, որ արդեն նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում: Մենք արդեն գրել ենք, որ Ուզբեկստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը կարող է փոքր հզորության մոդուլային ռեակտորներ կառուցել: Եվ, ահա, սեպտեմբերի 10-ին Ուզբեկստանի եւ Ռուսաստանի համապատասխան կառույցները շինարարության մեկնարկի մասին արձանագրություն են ստորագրել. պայմանավորվածությունը կայացվել էր այս տարվա մայիսին: «Ռոսատոմը» շինհրապարակում կառուցել է բետոնի արտադրության գործարան, եւ առաջիկա օրերին կսկսվի առաջին ռեակտորի շինարարությունը, որը նախատեսվում է շահագործման հանձնել հինգ տարվա ընթացքում, հետո յուրաքանչյուր երկու տարին մեկ եւս մեկ մոդուլային կայան կմիանա ցանցին: Ընդհանուր առմամբ, վեց փոքր ռեակտոր է շահագործման հանձնվելու, յուրաքանչյուրը՝ 55 մեգավատ հզորությամբ: 

Ինչո՞ւ Միացյալ Նահանգները չարգելեց Ուզբեկստանին ատոմային էներգետիկայի բնագավառում նման ծրագիր իրականացնել Ռուսաստանի հետ, ինչո՞ւ չառաջարկեցին փոքր ատոմային էլեկտրակայան կառուցել ամերիկյան տեխնոլոգիայով: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի աջակցության համակարգող Մարիա Լոնգին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել էր. «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման իրագործելիությունը, որոնք կարող են նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը»: Այլ երկրներ ասելով Լոնգին երեւի նկատի էր ունեցել նաեւ Ուզբեկստանին, քանի որ այդ երկիրը գտնվում է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ, Ղազախստանն է բաժանում Ուզբեկստանը Ռուսաստանից եւ Չինաստանից։ Ինչո՞ւ ամերիկացիները չառաջարկեցին Ուզբեկստանին՝ օգտվել իրենց տեխնոլոգիաներից, կախման մեջ չընկնել Ռուսաստանից, իսկ, ահա, Հայաստանին առաջարկում են: Չլինի՞ թե ԱՄՆ-ն Հայաստանն ավելի է կարեւորում, քան Ուզբեկստանը, որը Կենտրոնական Ասիայում ամենադինամիկ զարգացող երկիրն է, ամենամեծ բնակչությամբ, տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշներով: Հաստատ, առաջարկել են հրաժարվել Ռուսաստանի հետ ատոմակայան կառուցելու գաղափարից, տեղը իրական ոչինչ չառաջարկելով, քանի որ առաջարկելու առանձնապես որեւէ բան չկա էլ, ամերիկյան տեխնոլոգիայով փոքր միջուկային ռեակտոր այս պահին չկա, իսկ Ուզբեկստանը չի կարող նստել ու սպասել, թե երբ այդ տեխնոլոգիան կլինի` կլինի՞, թե՞ չի լինի: Ուզբեկստանն այնքան ինքնիշխանություն է ունեցել, որ որոշել է կառուցել առաջին ատոմակայանը, քանի որ երկրի էներգետիկ պահանջներն անընդհատ ավելանում են, դրանք բավարարելու համար պետք են արտադրական հզորություններ: 

Հայաստանը 70-ականներին` դեռ 50 տարի առաջ է ատոմակայան կառուցել: Բայց այն ժամանակ Հայաստանն ինքնիշխան պետություն չէր, ԽՍՀՄ կազմում էր, բայց Խորհրդային Հայաստանի իշխանություններն այնքան խելք ու բանականություն ունեին, որ հասկացել էին, որ բնական հանածոներից աղքատ Հայաստանի էներգետիկ կարիքները կարող է ապահովել միայն ատոմային կայանը, եւ մեկի փոխարեն երկու էներգաբլոկ էին կառուցել, որոնցից այսօր, ցավոք, շահագործվում է միայն մեկը: Հիմա անկախ եւ ինքնիշխան Հայաստանի իշխանությունները չեն կարող նոր ատոմակայան կառուցելու որոշում կայացնել, քանի որ Հայաստանը, ըստ ամերիկացիների, չպետք է կախվածություն ունենա Ռուսաստանից, Չինաստանը մեզնից չափազանց հեռու է, նրանք դժվար էլ թե այստեղ ինչ-որ բան կառուցելու ցանկություն կամ մտադրություն ունենային: Ահա թե որն է խորհրդային կախյալ Հայաստանի եւ անկախ ու ինքնիշխան Հայաստանի իրական տարբերությունը, որն է իրական Հայաստանը, եւ որն է վասալային կախվածություն ունեցող Հայաստանը:

Ամերիկացիներն Ուկրաինային եւ Մոլդովային եւս անկախություն պարգեւեցին Ռուսաստանից, այդ թվում՝ եւ էներգետիկ: Մոլդովան այլեւս ռուսական գազ չի գնում, իսկ Ուկրաինան փականը կփակի այդ տարվա դեկտեմբերի 31-ին եւ վերջնականապես կանկախանա: Մոլդովայում եւ Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամ է, այդ երկրները չեն կարողանում ապահովել իրենց էլեկտրաէներգիայի պահանջարկը: Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի՝ գազով եւ ածուխով աշխատող էլեկտրակայանները, նաեւ ՀԷԿ-երի ամբարտակներն է ոչնչացրել, մնացել են միայն ատոմային էլեկտրակայանները, դրանք անձեռնմխելի են, քանի որ դրանց վրա հարձակումը հավասարազոր է ատոմային զենքի կիրառման, որը կարող է բերել գլոբալ աղետի: Ստացվում է, որ նույնիսկ պատերազմի դեպքում ատոմային էլեկտրակայաններն ամենաանվտանգն են, դրանք չեն դիտարկվում հարվածի թիրախ: 

Մոլդովան, Հայաստանի նման, արդյունահանվող վառելիքի պաշար չունեցող երկիր է, այդ երկրում էլեկտրաէներգիան արտադրվում էր ջերմակայաններում, որոնք աշխատում էին ռուսական գազով: Հիմա Մոլդովան այլեւս գազ չի գնում Ռուսաստանից, այդ երկրից էներգետիկ կախվածությունը վերացել է, բայց էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ է, որը փակվում է հարեւան Ռումինիայից մատակարարումներով: Ռումինիան էլեկտրաէներգիա է մատակարարում նաեւ իր մյուս հարեւանին` Ուկրաինային, որը մինչեւ պատերազմն ինքն էր էլեկտրաէներգիա արտահանում Եվրոպա: Օրերս Ռումինիայի էներգետիկայի նախարար Սեբաստիան Բուրդուժան հայտարարել էր, որ իր երկիրն այլեւս չի կարող նույն քանակով էլեկտրաէներգիա մատակարարել Մոլդովային եւ Ուկրաինային, Բրյուսելը պետք է իր վրա վերցնի այդ ծախսերի գոնե մի մասը: Բրյուսելից որեւէ արձագանք չկա. նրանք միայն կարող են ապահովել էներգետիկ անկախությունը Ռուսաստանից եւ Չինաստանից, իսկ երկիրը կմնա առանց էլեկտրաէներգիայի, թե կխարխափի խավարի մեջ, արդեն կարեւոր չէ: 

Վաղը այդ նույն վիճակում կարող է հայտնվել նաեւ Հայաստանը. ՀԱԷԿ-ի կյանքը երկարաձգվել է մինչեւ 2036 թվականը, բայց Փաշինյանը նոր ատոմակայան կառուցելու մասին որոշում մտադիր է կայացնել միայն երկու տարի հետո, իրենց մի քանի տարի է պետք կողմնորոշվելու համար, մինչդեռ արդեն այսօր Հայաստանի էլեկտրաէներգիան չի հերիքում, իսկ պահանջարկն ավելանում է: Երբ էներգետիկ ճգնաժամը սուր դրսեւորումներ ստանա, Փաշինյանը կարող է դրա համար մեղադրել Ռուսաստանին եւ ՀԷՑ-ի ռուսաստանցի սեփականատերերին եւ որպես լուծում՝ նրանցից խլի ՀԷՑ-ը: Էլեկտրաէներգիա էլի չի լինի, բայց գոնե ՀԷՑ-ը մերը (Փաշինյանինը) կլինի:

Ավետիս Բաբաջանյան