«Սերժ Սարգսյանի գործում հանցագործության դեպքը չի հիմնավորվել»

«Սերժ Սարգսյանի գործում հանցագործության դեպքը չի հիմնավորվել»

Դատախազությունը հաստատել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։ Դեռեւս հայտնի չէ՝ ում է մակագրվել գործը։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով նախաքննությանը՝ նշեց․ «Դատաքննության ընթացքում մենք շատ ավելի մանրամասնությամբ կներկայացնենք։ Այս քրեական գործում անգամ հանցագործության դեպքը չի հիմնավորվել, ուր մնաց խոսք լիներ մեղադրանքի կամ մեղադրանքի հիմնավորվածության մասին։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք»։

Մեղադրականը հաստատելու դատախազության որոշան մասին էլ ասաց․ «Ցավում եմ, որ դատախազությունն այդ աղաղակող խախտումները չի նկատել»։

Հիշեցնենք․ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: