Դաժան, բայց օգտակար

Դաժան, բայց օգտակար

Պարոն Վարդանյան, ես Ձեզ շնորհավորում եմ: Դուք այլևս քաղաքական դպրոց անցած միակ ՔՊ-շնիկ պատգամավորն եք: Ձեր շարքերում տարատեսակ դպրոցներ անցած պատգամավորներ շատ կան, իհարկե, բայց Դուք միակն եք, որ քաղաքական դպրոց անցաք և այն էլ ԱԺ շենքում: Էն Միսակն, օրինակ, Դեմիրճյան փողոցում ծեծ կերավ: Այնքան ձու ջարդեցին վրան, որ դարձել էր «հացով ձվածեղ»: Չասեմ, որ դա քաղաքական դաս չէր, բայցևայնպես հետևություններ անելու իմաստով խիստ անբավարար էր:

Ինչ վերաբերում է Ձեր անցած շկոլային, ապա պետք է ասեմ, որ ձեզ հետ տեղի ունեցածը բարձրագույն քաղաքական պիլոտաժ էր: Դրան քիչ թվով իշխանական պատգամավորներ են արժանանում,  բայց երբ մեկ անգամ արժանանում են, այն այլևս իշխանական պատգամավորին բավարարում է ողջ քաղաքական կարիերայի ընթացքում: Մի խոսքով` ամեն ինչ անսպասելի էր, բայց Դուք ճիշտ պահին էիք հայտնվել ճիշտ տեղում: Ոնց որ մարդու «լատարյան» շահեր: Դուք առավոտյան հո չգիտեի՞ք, որ Ձեր «լատարյան» շահելու է: Մտածում էիք` գնամ, գործս անեմ, գամ տուն: Բայց եղավ այն, ինչ եղավ: Եվ Դուք հիմա դրական իմաստով տարբերվում եք ձեր բոլոր ՔՊ-շնիկ գործընկերներից:

Հարվածն էլ վատը չէր: Ռուսները դրան ասում են` «аккуратно, но сильно»: Վստահ եմ` ցավ էլ եք զգացել, բայց Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանն այնպես էին ներկայացրել իրավիճակը, ասես Ձեզ քացու տակ էին գցել: Փառք Աստծու, հարվածը եղել է մեկը և, ինչպես ասացի` դիպուկ ու ցավոտ: Բա չէ, էն Վահագն Ալեքսանյանի աքացիների պես... որոնք ուղղված են մարդու այնպիսի տեղերի, անհարմար է ասելը: Ամեն մարդ իր ուղեղի պլանկայի բարձրության համեմատ է հարվածում: Այս աքսիոմատիկ ճշմարտությունը, խնդրում եմ, կազդուրվելուց հետո փոխանցեք «կույր խոճկոր» մականունով ձեր գործընկերոջը:

Իսկ հիմա` ավելի լուրջ: Կարո՞ղ էր, արդյոք, Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը չհարվածել Վլադիմիր Վարդանյանին: Տեսականորեն` այո, իսկ գործնականում` ոչ: Արդեն զզվեցրել էիք, պարոն Վարդանյան, Մհերի փոխարեն մեկ ուրիշը լիներ, երևի, դարձյալ հարվածելու էր: Ավելին ասեմ` Մհերը հարվածելու էր, անգամ եթե Ձեր փոխարեն, պարոն Վլադիմիր Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը լիներ: Մարդու բախտը պիտի իսկապես բերի, որ նա հայտնվի ճիշտ պահին` ճիշտ տեղում: Այս անգամ բախտը Ձեր կողմից էր, պարոն Վարդանյան: 

Հաջողությունը միշտ պետք է զարգացնել, մանավանդ ցավի ու տառապանքի գնով ձեռք բերվածը: Բայցև կարիք չկա դրա համար ՔՊ-շնիկներին շարել ու մեկիկ-մեկիկ «բոքսել»: Բավական է Վլադիմիր Վարդանյանը հավաքի նրանց ու որոշ բաներ բացատրի, պատմի իր ապրումներն ու զգացողությունները: Հնարավոր է` ՔՊ-շնիկները հասկանան, որ չի կարելի բոլուկով վրա տալ ընդդիմադիր պատգամավորներին ու քացի գցել նրանց ուղղությամբ, բարձրանալ ամբիոն, ու թեք նայելով ընդդիմության կողմը, բացականչել` դուք ո՞վ եք, արա: Եվ ամենակարևորը` ՔՊ-շնիկ պատգամավորները գուցե վերջապես հասկանան, որ իրենք քաղաքական գործիչներ են ու չի կարելի դեռ մի բան չեղած ոստիկանություն կանչել խորհրդարան: Ի դեպ, խորհուրդ կտայի այս հարցում հետևել ընդդիմության օրինակին: