QUAD, գումարած Մեծ Բրիտանիա

QUAD, գումարած Մեծ Բրիտանիա

Անցնող շաբաթվա ընթացքում կամ, ավելի ստույգ` անցյալ շաբաթավերջից երկու էական (գույներ խտացնելով՝ կարելի է ասել` դարակազմիկ) տեղաշարժեր կատարվեցին միջազգային հարաբերություններում: Դրանցից ոչ մեկը կապ չուներ ռուս-ուկրաինական պատերազմի հետ, ինչը վերջին մեկ տարում հազվադեպ է պատահում: Ռուսաստանը սանձազերծել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ռազմական բախումը Եվրոպայի տարածքում, եւ օրինաչափ է, որ այդ հակամարտությունն ազդում է համարյա բոլոր մնացյալ միջազգային գործընթացների վրա: Այդուհանդերձ, այս անգամ երկու տեղաշարժերի կենտրոնում էլ Չինաստանն էր: Տեղաշարժերից մեկը AUKUS-ի համաձայնագրերի կնքումն ու հայտարարումն էր, որ, ըստ էության, ուղղված է Չինաստանին հակակշռելուն, մյուսը Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն էր, որ կնպաստի Մերձավոր Արեւելքում Չինաստանի դերի եւ կշռի բարձրանալուն: 
Ստորեւ՝ նախ միջազգային տեղաշարժի` AUKUS-ի մասին:

Մեծ Բրիտանիան միանում է QUAD-ի՞ն

Այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան հայտարարեցին AUKUS համատեղ պաշտպանական ծրագիրը կյանքի կոչելու մասին, որի շրջանակում Ավստրալիային մատակարարվելու են միջուկային սուզանավեր: AUKUS (Australia, UK, US) անվամբ ծրագրի մասին հայտարարվել էր դեռ 2021-ին, այժմ գործնական փուլի մեկնարկը տրվեց` երեք բաղադրիչով: Դրանցից առաջինը եւ մոտակա շրջանում իրագործվողն ԱՄՆ-ի կողմից երեք միջուկային սուզանավերի տրամադրումն է Ավստրալիային: Չինաստանը, ինչպեսեւ սպասելի է, գործարքի դեմ բողոքեց, քայլը դատապարտեց որպես միջուկային զենքի չտարածման համաձայնությունների խախտում, Հեռավոր Արեւելքում լարվածության մեծացում, սադրանք եւ այլն: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ պատասխանեց, թե գործարքում միջուկային զենքի տարածման խնդիր չկա, Ավստրալիային միջուկային շարժիչով սուզանավեր են տրվում, ոչ թե` միջուկային մարտագլխիկներով (nuclear powered, not nuclear armed): 

Որքան կարելի է տեխնիկական բացատրություններից հասկանալ, միջուկային սուզանավերը միջուկային ռեակտորով աշխատող սուզանավեր են, որոնք եթե որեւէ միջուկային մարտագլխիկ էլ չկրեն, դարձյալ մանյովրային, տակտիկական մեծ առավելություններ ունեն դիզելային-էլեկտրական շարժիչով «սովորական» սուզանավերի նկատմամբ: Միջուկային սուզանավերն ունեն ավելի մեծ արագություն, հարվածների հեռահարություն, դիմացկունություն, բայց ամենաէականը՝ դրանց միջուկային շարժիչի աշխատանքի համար չեն պահանջվում այրում եւ օդ, իսկ օդից կախում չունենալը թույլ է տալիս անհամեմատ երկար մնալ ստորջրյա միջավայրում՝ առանց ջրային ավազանի մակերեւույթին մոտենալու: Ներկայում աշխարհում միայն վեց պետություն ունի այս կամ այն հզորության միջուկային սուզանավեր` ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան: 

Քանի որ միջուկային սուզանավ ունեցող բոլոր երկրները նաեւ միջուկային տերություններ են, Չինաստանը կարող է անհանգստանալ նրանից, որ Ավստրալիան էլ կկանգնի նույն ուղու վրա: Ավստրալիան փոխադարձաբար հայտարարում է, որ միջուկային զենքով սպառազինվել չի պատրաստվում: Իրականում, գուցե դրա կարիքն էլ չկա, քանի որ AUKUS-ի ստորագրված համաձայնագրի երկրորդ բաղադրիչը նախատեսում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ միջուկային մարտագլխիկներով սուզանավերի կայանում Ավստրալիայում, Perth նավահանգստում: Այնպես որ, Ավստրալիայի միջուկային պաշտպանությունն ապահովվում է առանց սեփական միջուկային մարտագլխիկների:

Իսկ համաձայնագրի ամենահեռանկարային եւ հեռավորարեւելյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա ազդող բաղադրիչն այն է, որ Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան միջուկային սուզանավերի գերաժամանակակից արտադրություն են սկսում, որի արդյունքում Ավստրալիան տեսանելի ապագայում կօժտվի միջուկային սուզանավերի ամբողջ տորմիղով: Ավստրալիան AUKUS ծրագրում ներդնում է շուրջ 200 միլիարդ դոլար, եւ հասկանալի է, որ դա Հարավ-չինական ծովում Չինաստանի ծավալվող հավակնությունները շեշտակի զսպելու քայլ է: 
Միեւնույն ժամանակ, AUKUS-ի այս համաձայնագիրն էական աջակցություն է Չինաստանին հակակշռող հիմնական ռազմաքաղաքական դաշինքին Հեռավոր Արեւելքում` QUAD-ին, որը հաճախ Արեւելքի ՆԱՏՕ են կոչում: QUAD-ը ձեւավորվել է համարյա երկու տասնամյակ առաջ, միավորում է չորս երկիր` Ճապոնիա, ԱՄՆ, Հնդկաստան, Ավստրալիա: Ընդունված է կարծել, որ այդ նախաձեռնության հեղինակը եղել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն: 

Իմիջիայլոց, անցյալ տարի, երբ Շինձո Աբեի դեմ ահաբեկչություն եղավ, նա զոհվեց, դրանից հետո օրեր շարունակ միջազգային առաջնորդները, մամուլը Աբեի գործունեությանն էին անդրադառնում, քաղաքական ժառանգությանը եւ այլն, մեկը շատ տպավորիչ եւ հիշվող ֆրազ էր ասել: Թե ով էր` չեմ հիշում, բայց ասել էր հետեւյալը. Շինձո Աբեն երկու բառով փոխեց Հեռավոր Արեւելքի պատմության ընթացքը` նա «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան» արտահայտությունը դարձրեց «Ինդո-խաղաղօվկիանոսյան»: Իմաստն այն է, որ Աբեն գիտակցում էր, որ Հեռավոր Արեւլքում Չինաստանի բնական մրցակիցը եւ հակակշիռը Հնդկաստանն է` թե՛ համեմատելի տարածքի, թե՛ բնակչության քանակի, թե՛ տնտեսական պոտենցիալի, թե՛ ռազմական արսենալի առումով, հետեւաբար, Հնդկաստանի դերը պետք է տարածաշրջանում ընդգծվի եւ բարձրացվի, զարգացումները պետք է պտտվեն Հնդկաստանի շուրջ, դրա համար էլ ոչ թե «Ասիա-Խաղաղ օվկիանոս», այլ՝ «Ինդո-Խաղաղ օվկիանոս»: 

Եվ Աբեի մոտեցումը, որ թելադրված էր Ճապոնիայի անվտանգության շահերով, այլ երկրների էլ համոզիչ թվաց ու վերջնահաշվում աշխատեց: QUAD-ի ձեւավորումը դրա ծիրում պետք է դիտարկել, այժմյան AUKUS-ն էլ անուղղակի դրան է նպաստում, ըստ էության, եւս մի հզոր ռազմաքաղաքական տերություն` Մեծ Բրիտանիան, ինտեգրելով QUAD-ին: Ի վերջո, նաեւ այսօր իսկապես Արեւմուտքում գրեթե չի հանդիպում Asia-Pacific արտահայտությունը, որպես կանոն, ասում են՝ Indo-Pacific: 

Ի՞նչ է անում Չինաստանը AUKUS-ի գործարքի, իրեն հակակշռող QUAD-ի կամ QUAD+ UK-ի դեմ: Երեւի թե ոչինչ չի անում: Մի կողմից` Չինաստանն ի՞նչ պետք է անի, մյուս կողմից՝ իրեն ոչ ոք եւ ոչինչ չի էլ սպառնում, եթե հավակնությունները չափավորի: Իսկ հավակնությունները վաղ կամ ուշ Չինաստանը հարկադրյալ կչափավորի, որովհետեւ ե՛ւ նախկին դեմոգրաֆիկ աճը, ե՛ւ տնտեսական հզորացումը, ե՛ւ ազատականացման վերելքը մնացել են ետեւում: Հիմա բոլոր ճակատներում Չինաստանի համար վայրէջքի շրջան է, ինչով էլ երեւի բացատրվում է հերթական անգամ Սի Ծիապին-Վլադիմիր Պուտին հանդիպման անհրաժեշտությունը: Երեւի տարի չի անցնում, որ այս երկու առաջնորդները մի երկու անգամ չհանդիպեն, մի քանի հազար թուղթ չստորագրեն եւ վերջում ամեն ինչ այդպես էլ թղթի վրա չթողնեն: Երկուսին էլ պետք է սեփական ժողովրդին ցույց տալ, որ իրենք ձիու վրա են, հանդիպումները դրա վիզուալ կողմն ապահովում են, իրենք էլ հանդիպում են: Չեմ կարծում, թե տարիների այդ ավանդույթը հաջորդ շաբաթ Մոսկվայում չգործի:

Դե, իսկ այդ ամենին Հայաստանի հեռավորությունից նայելիս ի՞նչ կարելի է եզրակացնել: Իհարկե, Չինաստանի հետ մենք ունենք ջերմ, բարեկամական հարաբերություններ, անգամ Սերժ Սարգսյանը մարզահագուստով՝ Պեկինում, աշխարհին է ներկայացել, Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ գաստրոնոմիական իրենց չտեսությունն են Պեկինում աշխարհին ի ցույց դրել` սոցցանցային հետեւորդներին պատմելով, թե ինչպես իրենց պեկինյան ձեւով պատրաստված բադ հյուրասիրեցին, ինչպես իրենք այն ըմբոշխնեցին, վերջում էլ բադի հետ լուսանկարները տարածեցին: Բայց Փաշինյանն ու կինն անցողիկ հյուլեներ են, մնայունը, հազարամյակների մեջ գոյատեւողը Չինաստանն է, Հնդկաստանը, Հայաստանը: Եվ եթե Չինաստանի հետ մեր հարաբերությունները ջերմ, բարեկամական են, ապա Հնդկաստանի հետ նույնիսկ ավելի ջերմ են, պատմական, համարյա՝ եղբայրական: Հետեւաբար, ինչպես չինական Ի-Ցզինում է հաճախ ասվում` «վնաս չի լինի», զարգացումները նույնիսկ կարող են բարենպաստ լինել: