Նույն բանը քանի՞ անգամ կարելի է ասել

Նույն բանը քանի՞ անգամ կարելի է ասել

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ Գեւորգ Տեր-Գեւորգյանը, գնահատելով իրավիճակը որպես ՊԵՏՈՒԹՅԱՆ հեռացում-հոսք՝ ինչպես բաց մատների արանքից հոսող ջուր, կտրուկ անցնում է Արցախին եւ հիշեցնում փաստացի պատերազմական իրավիճակը, որտեղ, սակայն, մենք «դարձյալ կասկածելի կենսագրությամբ, անհետագիծ ու պետական մտածողությունից զուրկ գործիչների միջեւ փորձում ենք ընտրություն կատարել, փորձում ենք դրանցից «առաջնորդներ» ձուլել, մինչդեռ իրական պետական ու ռազմա-քաղաքական գործիչ, Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը, ում հմուտ հրամանատարությամբ կռվեցին Արցախյան հերոսամարտի բազմաթիվ հաղթանակները եւ ով անուրանալի Արցախի պետականաշինության ու բանակաշինության գործում, պարզվում է արցախցի չէ, եւ Արցախում ընտրվելու իրավունք չունի»:

Կարդում ես եւ ակամայից հիշում հայտնի արտահայտությունը. «Այո, Մակեդոնացին մեծ զորավար է, բայց ինչու՞ աթոռներ ջարդել»: Ոչ ոք չի ուրանում պատերազմին Սամվել Բաբայանի ներդրումը, չի ժխտում նրա նշանակալի դերակատարությունը, բայց ի՞նչ անես, եթե Արցախի սահմաանդրությունը նախագահի թեկնածուի համար սահմանում է քաղաքացիության եւ տասը տարվա մշտական բնակության ցենզ: Վերցնենք, ա՞չք փակենք երկրի հիմնական օրենքի առաջ: Նույն բանը քանի՞ անգամ կարելի է ասել, երբ պատասխանն ակնհայտ է: Սամվել Բաբայանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, դրանք քննարկման դնելու համար կազմակերպել ստորագրահավաք: Հարցն Ազգային ժողովի օրակարգում է: Ինչու՞ չսպասել օրենսդիրի որոշմանը: Գուցե խորհրդարանը փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշու՞մ է ընդունելու: Գուցե ժողովուրդն իր մեծամասնությամբ պաշտպանելու՞ է այդ նախաձեռնությունը, եւ Սամվել Բաբայանի համար նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությու՞ն է բացվելու: Եւ հետո՝ ո՞ր իրավունքով է Տեր-Գեւորգյանն Արցախի նախագահի մյուս հավանական թեկնածուներին անվանում «կասկածելի կենսագրությամբ, անհետագիծ ու պետական մտածողությունից զուրկ»:

Նրանցից Վիտալի Բալասանյանը նույնպես Արցախի հերոս է, պատերազմ անցած ռազմա-քաղաքական գործիչ: Արայիկ Հարությունյանը տասը տարի գլխավորել է Արցախի կառավարությունը, 17 տարեկանում զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, անցել իր բաժին մարտական ճանապարհը: Մասիս Մայիլյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, դեռեւս 90-ականներին մասնակցել է կարգավորման բանակցություններին, երրորդ տարին է՝ զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Նրանք նախագահի արժանի թեկնածուներ են, հայրենասեր ու ունեն Արցախի զարգացման եւ հզորացման իրենց տեսլականը: Ինչու՞ կասկածել, որ Արցախի ժողովուրդը չի կարող կողմնորոշվել եւ լավերից ընտրել լավագույնին: Եթե Ազատամարտիկների Դաշինքն Արցախի նախագահի պաշտոնում տեսնում է Սամվել Բաբայանին՝ իր ընտրությունն է, բայց վերջնական վճիռ կկայացնի ժողովուրդը, եւ բոլորը պարտավոր կլինեն ընդունել դա եւ անվերապահորեն հարգել: