Աղազարյանը վտանգում է Փաշինյանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն արդեն մի քանի օր է՝ չի կատարում Փաշինյանի հրահանգը եւ հրաժարվում է վայր դնել պատգամավորական մանդատը: Նրա դրսեւորած վարքը համարժեք է սխրանքի եւ ինչ-որ իմաստով արժանի է հարգանքի: Չի բացառվում, որ նա չկարողանա երկար դիմադրել, բայց որ առայժմ դիմադրում է, դա արդեն լավ է: Համենայնդեպս, նա ցույց է տալիս, որ կարելի է չլինել Նիկոլ Փաշինյանի ստրուկը, եւ եթե դու հայտարարում ես, որ Նիկոլի ստրուկը չես, դրանով կյանքը չի ավարտվում: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը կփորձի ամեն գնով ոչնչացնել Հովիկ Աղազարյանին, չի բացառվում, որ նրան անգամ փորձեն ֆիզիկապես ոչնչացնել, եթե նա շարունակի համառել: Որովհետեւ նույնիսկ մեկ ստրուկի ազատագրումը հարցեր կարող է առաջացնել մյուս ստրուկների մոտ. իսկ, ինչ է` այդպես է՞լ է կարելի: Կա նաեւ խնդրի արտաքին քաղաքական կողմը:
Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ պետք է պատժվեն խորհրդարանական հայտնի միջադեպի երկու կողմն էլ` Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ, այն հրահրած պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ, Նարեկ Զեյնալյանն էլ՝ որպես այդ կոնֆլիկտին կողքից մասնակցած անձ: Քյարամյանն ու Նարեկ Զեյնալյանը խելոք ենթարկվել են Փաշինյանի հրահանգին եւ հրաժարականի դիմումներ գրել, մեկը՝ Քննչական կոմիտեի նախագահի, մյուսը՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Հովիկ Աղազարյանին եւս ասել են, որ պետք է մանդատը վայր դնի, նույնիսկ կուսակցական ժողովում են նրա հարցը քննարկել եւ որոշում կայացրել, բայց նա դիմադրում է փաշինյանական «արդարադատությանը»` չի ենթարկվում: Ամենայն հավանականությամբ, Աղազարյանը կուսակիցների մոտ նախապես հայտարարել է, որ մտադիր չէ մանդատը վայր դնել, հրաժարականի դիմում գրել, այլապես նրան չէին կանչի Հակակոռուպցիոն կոմիտե եւ չէին հարցաքննի ինչ-որ մի անհեթեթ եւ ակնհայտորեն սարքված գործով, ըստ որի՝ Աղազարյանը երկու անձից կաշառք է ուզել, որ նրանք կարողանան զբաղվել մանր եղջերավոր անասունների արտահանմամբ: Աղազարյանը վարչապե՞տ է, թե՞ ՊԵԿ նախագահ, որ նրան այդ գործով դիմեին, նա էլ կարողանար այդ գործը գլուխ բերել: Բիզնեսով զբաղվողները գիտեն, որ երկրում կաշառքի գործով ամենահուսալի միջնորդը Նիկոլ Փաշինյանն է, նրա ասածն է, որ ամեն տեղ անցնում է: Ինչ վերաբերում է ցուցմունք տալուն, Փաշինյանը որ ուզենա, կարող է այնպես անել, որ ինչ-որ մարդիկ ցուցմունք տան, որ Արցախը եւս Աղազարյանն է վաճառել, հանձնել: Բայց դե՝ դրանից իրականությունը չի փոխվի:
Նույնիսկ Հակակոռուպցիոն կոմիտե կանչվելուց հետո Աղազարյանը, խոսելով մանդատը վայր դնելու հնարավորության մասին, հրապարակային հայտարարեց. «Ես այդ հարցը չեմ քննարկում, իմ օրակարգում նման հարց չկա»: Ստացվում է, որ Աղազարյանի եւ Փաշինյանի օրակարգերը տարբեր են, այն, ինչ քննարկում եւ որոշում է Փաշինյանը, Աղազարյանի համար քննարկման հարց չէ: Բա սխրանքն էլ ո՞նց է լինում, ուրիշ մեկը կա՞, որ նման բան կարող է հայտարարել ՔՊ-ում:
Փաշինյանի եւ Հովիկ Աղազարյանի օրակարգերը միայն այդ հարցում չէ, որ տարբեր են: Կան նաեւ գաղափարախոսական տարբերություններ, որոնք դրսեւորվել են վերջին ժամանակներում: Ընդամենը 10 օր առաջ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից եւ իր խոսքն ուղղելով դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանին՝ նախկին դաշնակցական Աղազարյանն ասում էր. «Կիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր։ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ, Վանն իմ պատմական հայրենիքն է, Կարսն իմ պատմական հայրենիքն է։ Էն ժամանակ ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերքը թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին։ Փառք Աստծո, որ դուք չեք թողնում հայրենիքը, պայքարում եք իշխանության գալու համար։ Մենք էլ, էդ ամեն ինչը հաշվի առնելով, փորձում ենք այնպես անել, որ սխալներ թույլ չտանք, ձեր դիրքորոշումը ճիշտ դիրքորոշում է»:
Դեռ այն ժամանակ, երբ լսեցի Աղազարյանի այս հայտարարությունը, մտածեցի. պահո՜, Աղազարյանի բանը բուրդ է, նա շեղվել է փաշինյանական գծից, լինելով նախկին դաշնակցական եւ միանալով «Քաղաքացիական պայմանագրին», նա ամբողջությամբ չի ջնջել իր հիշողությունը, Կիլիկիայից հրաժարվել է, բայց Վանն ու Կարսը դեռ համարում է իր պատմական հայրենիքը: Փաշինյանի համար պատմական հայրենիք չկա, նրա համար կա իրական Հայաստան, այնտեղ, որտեղ իր իշխանությունը տարածվում է, դա է Հայաստանը, որտեղ նա կարողանում է պաշտոնյա նշանակել-ազատել, որտեղից ինքը հարկ է հավաքում` եկամուտ ստանում, դա է իրենը, ինքը պատմության եւ պատմականի հետ կապ չունի:
Ինչ ուզում եք, ասեք, բայց մարդը բարդ օրգանիզմ է, ինչքան ուզում ես ուղեղը լվա, ինչքան ուզում ես տարբեր թեստեր անցկացրու, որ համոզվես, որ նա մոռացել է իր անցյալը, իր ապրած նախորդ կյանքը, մեկ էլ տեսար՝ ուղեղի ծալքերից, մի ինչ-որ անհասկանալի տեղից կարող է դուրս պրծնել հիշողությունը եւ ասել, որ Վանը եւ Կարսն իմ պատմական հայրենիքն են: Բա որ վաղն էլ ինչ-որ մի ՔՊ-ական հայտարարի, որ Արցա՞խն է մեր հայրենիքը, հետո ինքը դրա տակից ո՞նց է դուրս գալու, Էրդողանին կամ Ալիեւին ի՞նչ պատասխան է տալու: Որ Էրդողանը Փաշինյանին հարցնի, թե էդ Հովիկ Աղազարյանն ինչ գործ ունի քո խմբակցությունում, Փաշինյանը նրան ի՞նչ է ասելու կամ ի՞նչ երեսով է գնալու նրա հետ հանդիպման:
Աղազարյանի հարցն ամեն գնով պետք է լուծվի եւ շատ արագ, քանի որ ՔՊ խմբակցությունում Աղազարյանի գոյությունը վտանգում է Փաշինյանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, իսկ նման խոչընդոտները ենթակա են վերացման, ծայրահեղ դեպքում՝ նաեւ ֆիզիկական ոչնչացման: Հանուն փաշինյանական իրական Հայաստանի կերտման հազարավոր զոհեր են եղել, մեկն ավել կամ պակաս` էական չէ։
Կարծիքներ