Սպասել, որ ՔՊ-ի վարկանիշը մի օր դառնալու է 1-2 տոկոս` դա չի լինելու, բայց հիասթափվածներն էլ երբեք չեն վերադառնալու

Երեքշաբթի օրը «Gallup International Association»-ի Հայաստանյան անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է վերջին հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք: Եվ այսպես, հարցվածների 11.5%-ը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այստեղ, ըստ Նավասարդյանի, 0.3% նվազում կա: 8%-ը նշել է «Հայաստան» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, այստեղ էլ բավականին մեծ աճ է գրանցվել, մոտ երկու կամ երեք տոկոս: «Պատիվ ունեմ» դաշինք, «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն՝ 3.7%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.2%, Դոգ, Վարդան Ղուկասյանը՝ 2.9%, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ 2.2%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1.9%, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ 1.5տոկոս: Նավասարդյանը նշեց, որ այս ուժն առաջին անգամ բավականին բարձր ցուցանիշ է գրանցել: Հաջորդիվ «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 0.9%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 0.8%, «Հայ ազգային կոնգրես»՝ կուսակցություն 0.7%, Ազգային ժողովրդավարական բևեռ՝ 0.5% և «Քրիստոնյա ժողովրդավարական» կուսակցություն, Լևոն Շիրինյան՝ 0.3%: Չեմ մասնակցի ընտրություններին նշել է 23.7% -ը, «այլ» նշել են 3.1% -ը, «ոչ մեկին» նշել է 5.5%ը, «կփչացնեմ քվեաթերթիկը»՝ նշել են 4.5%ը, «հրաժարվում են պատասխանել»՝ 6.4% և դժվարացել է պատասխանել 18.5%: Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,101, հետազոտության անցկացման ժամանակահատվածը՝ ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը:
Թեմայի մասին Հրապարակը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
-Ըստ վերոնշյալ հարցման՝ ՔՊ-ի վարկանիշը նվազել է, իսկ ընդդիմության, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինք-ի վարկանիշը փոքր ինչ աճել է, իսկ ՀՀԿ-ի վարկանիշը չի նվազել, ինչը ևս վատ ցուցիչ չէ ընդդիմության համար: Նկատենք, որ ՔՊ-ի վարկանիշին զուգահեռ, ըստ այս հարցման, նվազել է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության վարկանիշը, որը, կարծես, մեծ հավակնություններ ունի առաջիկա ընտրություններում: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ պատկեր է սա, ի՞նչ հետևանքներ կարող է թողնել հայաստանյան ներաղաքական կյանքում:
- Ուզում եմ մի բան ասել նախ, որ բոլոր սոցիոլոգիական հարցումներին պետք է շատ զգույշ մոտենալ, ինչո՞ւ, որովհետև դրանց հանդեպ չունենք 100 տոկոսանոց վստահություն: Սոցիոլոգիական հարցումները մի քանի խնդիր են լուծում, այդ թվում՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների գործառույթ են իրականացնում: Ասածս այն է, որ եթե հրապարակում են ինչ-որ թվեր, դա չի նշանակում, որ իրականությունն այդպես է, միևնույն ժամանակ չի էլ նշանակում, որ այդ թվերը հեռու են իրականությունից: Այնուամենայնիվ մի տոկոս ավել, մի տոկոս պակաս, չի նշանակում, որ հարցման տենդենցը ճիշտ չի արտացոլում իրականությունը: ՔՊ-ն լիդերային կուսակցություն է, ՔՊ-ի վարկանիշը կախված է լիդերի վարկանիշից: Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանին տարանջատում ենք ՔՊ կուսակցությունից, այդ կուսակցությունն ընդհանրապես չունի վարկանիշ: Կուսակցության լիդեր Փաշինյանի վարկանիշի մասին կարող է միայն խոսք լինել, իսկ նրա վարկանիշը իջել, իջել է ու 11.5%- տոկսի վրա կանգնել է, որովհետև կա մի ընտրազանգված, որը երբեք ՔՊ-ից երես չի թեքելու, մոտավորապես Փաշինյանի վարկանիշը հենց այդքան էլ մնալու է, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ասել, որ նրա վարկանիշը դառնալու է զրո, կամ մեկ-երկու, ոչ: Ֆիքսենք, որ իշխանական կուսակցությունն իր այս կայուն ձայները չի կարողանալու ավելացնել: Նրանք այլևս չունեն աճելու տեղ, նրանցից հիասթափված զանգվածը այլևս երբեք չի վերադառնալու իրենց մոտ: Ինչ էլ, որ անեն, ինչ քաղաքագիտական հնարքների էլ, որ դիմեն, միևնույն է՝ կորցրածը հետ չեն կարողանալու բերել:
- Ի՞նչ կասեք ընդդիմության մասին:
- Երկրորդ նախագահի վարկանիշը բարձրացել է: «Հայաստան» դաշինք-ը ևս լիդերային դաշինք է, այստեղ էլ ՔՊ-ի նման ոչ թե թիմի վարկանիշն է աճում կամ նվազում, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի: Ինչու է նրա վարկանիշը աճում, կան մի քանի պատճառներ: Առաջին պատճառն այն է, որ երկրում անկայունություն է տիրում, սահմանների վրա անկայություն է, ամենուր անկայություն է, թեպետ չեն կրակում շատ, սակայն անդադար Ադրբեջանը վտանգավոր իրավիճակներ է ստեղծում, սպառնում է պատերազմով, իսկ մարդիկ ենթագիտակցաբար սկսում են վախենալ, իսկ վախին դիմադրելու գործընթացը բերում է նրան, որ մարդիկ փնտրում են մի գործչի, ով կպաշտպանի իրենց անվտանգությունը: Այդ ուժը Քոչարյանն է, նրա ժամանակ սահմաններին հանգիստ է եղել վիճակը, նա հաղթանակ է տարել պատերազմի ժամանակ և մարդկանց գիտակցության մեջ դա մնացել է: Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը երբեք չի ընտրելու Քոչարյանին, երկրորդ նախագահին սկսել է վստահել չկողմնորոշված ընտրազանգվածը, խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր միացել էին 2018-ի հեղափոխությանը, բայց երբեք հեղափոխականներ չեն եղել, այժմ էլ տեսնում են, որ ոչ մի լավ բան տեղի չի ունենում, երկրի տնտեսական վիճակն էլ սարսափելի է և այլն: 23.7% -ը, որը նշել է, ոչ մեկին չի ընտրելու, կամաց-կամաց սկսելու է ընդդիմության կողքին կանգնել: Մարդիկ կարևորում են երկու բան՝ Ադրբեջանն առաջ այսքան լկտի չի եղել, առաջ տնտեսության վիճակն այսքան վատ չի եղել: Այդ պատճառով մարդիկ հավաքվելու են երկրորդ նախագահի կողին, այլ ոչ թե ասենք երրորդ նախագահի կողքին: Երրորդ նախագահը լիդերային գործիչ չէ, նա այլ կատեգորիայի քաղաքական գործիչ է: Այստեղ ի տարբերություն նախորդ երկու ուժերի, վարկանիշը Հանրապետական կուսակցության վարկանիշն է, որը գրեթե անփոփոխ է մնացել: 2021 թվականի ընտրություններին էլ գրեթե այնքան ձայն էին հավաքել, որքան նշված է այս հարցման մեջ: Հայաստանի ընտրազանգվածը փրկիչ է ման գալիս այսօր, փրկիչը կարող է դառնալ լիդերային ուժը: Բայց այստեղ այլ հարց կա, եթե գումարում ենք երկրորդ և երրորդ նախագահների ձայները, ստացվում է, որ նրանք 11,7 տոկոս ձայն ունեն՝ ՔՊ-ից ու Փաշինյանից շատ: Կարող է աշխատել այստեղ Գյումրու տարբերակը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրանք դեռ աճելու տեղ ունեն: Դաշնակցությունը ասոցացվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե այս հանգամանքը չլիներ, ՀՅԴ-ն ևս կարող էր աճել, բայց քանի որ նրանք ընտրել են Քոչարյանին միավորվելու ճանապարհը, նրանք շատ աճելու տեղ չունեն: Նրանց ընտրազանգվածի մի հսկայական զանգված ընտրելու է Քոչարյանին: Եթե ՀՅԴ-ն առանձին մասնակցեց ընտրություններին, գրեթե անհնար է, որ անցնի խորհրդարան: Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանն ու Արամ Սարգսյանին, ապա ասեմ, որ Արցախի ամբողջական հայաթափումից հետո մի կարծիք կար, որ Հայաստանում ուժգնանում են հակառուսական տրամադրությունները: Այս ամենի շնորհիվ «Հանրապետություն» կուսակցությունը 2023-ին մտավ Երևանի ավագանի, բայց այսօր Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ իրականում հակառուսականությունն այնքան էլ մեծ չէ մեզանում, իսկ մարդիկ Ռուսաստանին չեն ընկալում որպես թշնամի, ինչպես պրոարևմտյան ներկայացող ուժերն են պնդում: Գյումրիում Եվրադաշինքը հազիվ 4,5 տոկոս ձայն ստացավ, իսկ Գյումրին լուրջ ընտրական ռեսուրսներ ունի: Պարզվեց, որ հայ ժողովրդի արևմտամետությունը հեքիաթ է: Մեկ նկատառում ևս՝ վերջերս Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը նույնպես անպայման ազդելու է «Հանրապետություն» կուսակցության վրա: Ինչու, որովհետև այդ կուսակցությունն ի լուր աշխարհի ցույց տվեց, որ բնավ չի կրում արևմտյան արժեհամակարգ, իսկ հակառուս լինել, չի նշանակում լինել պրոարևմտյան: Թաղապետը պայթեցրեց «Հանրապետություն» կուսակցության արևմտամետության միֆը:
Կարծիքներ