Հանրությանը մեղադրել չի կարելի, նա գտնվում է սիստեմատիկ քարոզչական տեռորի տակ

Հանրությանը մեղադրել չի կարելի, նա գտնվում է սիստեմատիկ քարոզչական տեռորի տակ

«Հրապարակի» զրուցակիցն է 5165 շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

-ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատասխանատու են միայն Հայաստանի 3 միլիոն բնակչության համար։ Փաշինյանն էլ պարբերաբար հայտարարում է, որ արցախցիները իրենք պետք է լուծեն իրենց հարցերը։ Այդ պարագայում ինչո՞ւ է Հայաստանի ներկայիս իշխանությունը վճռում Արցախի ու արցախցիների ճակատագիրը։

-Գուրգեն Արսենյանի այդ արտահայտությունն առաջին հերթին բարոյական տեսանկյունից է դատապարտելի․ դա նույնն է, ինչ հայտարարելը, թե Հայաստանի Հանրապետությունը չպետք է միջամտի, նույնիսկ եթե ադրբեջանցիները կոտորեն 120․000 մարդու։ Այս հայտարարությամբ փաստորեն Հայաստանի գործող իշխանությունները համապատասխան ուղերձ են տալիս Բաքվին և խրախուսում նրա ցեղասպան գործունեությունը։ Երկրորդ հերթին, իմ կարծիքով, իրավական պատասխանատվության հարց կա այստեղ։ Այս հայտարարությունը հարված է մեր պետության սահմանադրաիրավական հիմքերին։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է այդ թվում այն բանի համար, որ երաշխավորվի Արցախի ազատ գոյությունն ու զարգացումը՝ վերջնարդյունքում այն վերամիավորելու Հայաստանի Հանրապետությանը։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ անկախության հռչակագիրը հիմնվում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման վրա։ Նույն գնահատականը վերաբերում է նաև Փաշինյանի գործողություններին ու հայտարարություններին։ Ցանկանում եմ հիշեցնել նաև ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումն այն մասին, որ ՀՀ իշխանություններն իրավունք չունեն ստորագրելու փաստաթուղթ, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։ Մեր հանրության համար կարծես սովորական է դարձել Փաշինյանի ելույթների հակասականությունը, դրանց ադրբեջանամետ բնույթը, ստի, կեղծիքի ու մոլորության մեծ չափաբաժինները։ Պետք է գիտակցել, որ պետության գլխի հայտարարությունները միջազգային իրավունքի աղբյուր են։ Այսինքն՝ պետության գլխի հայտարարությունները կարող են տարբեր գործընթացների համար իրավական հիմքեր ստեղծել։ Ահա այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի արած հակապետական ու հակազգային յուրաքանչյուր հայտարարություն մեզ համար անդառնալի բացասական շեմեր է սահմանում՝ գնալով դժվարացնելով հետագա իշխանությունների գործը՝ վերականգնելու Հայաստանի միջազգային իրավաքաղաքական դիրքերը։  

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը տարիներ շարունակ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, բուռն քննարկումների առիթ է հանդիսացել։ Ի՞նչն է մղում Հայաստանի դաշնակից Ռուսաստանին նման հայտարարությամբ հանդես գալու։ Արդյոք սկսվու՞մ է հայ-ռուսական հարաբերությունների սրացման նոր փուլ և արդյոք դրա պատճառը Հայաստանի իշխանությունների պահվածքն է նաեւ։

- Լավրովի արտահայտությունը միանշանակ դատապարտելի է և չի բխում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ոգուց։ Մեծ տերություններին բնորոշ է իրենց քաղաքական ազդեցության դաշտում գտնվող երկրների հանդեպ քաղցրաբլիթի և մահակի քաղաքականություն վարելը։ Այս արտահայտությունը դիվանագիտական ապտակ էր Հայաստանին, ինչը դեռ երկար ժամանակ մեր թշնամիների կողմից կարող է հօգուտ իրենց օգտագործվել։ Բաքուն, օրինակ, կարող է տարբեր առիթներով Մոսկվային հիշեցնել իր իսկ տված գնահատականը։ Լավրովի այս արտահայտությունն, իհարկե, փայլուն առիթ էր մեր երկրի հակառուսական տարրերի համար՝ նոր թափով իրականացնելու իրենց օրակարգը։ Այս առումով մենք սթափության կոչ ենք անում մեր հայրենակիցներին։ Իրերն իրենց անունով է պետք կոչել, սակայն հայտարարությունների, պահանջների ու գործողությունների մեջ չի կարելի անցնել բանականության ու ազգային-պետական շահերի շեմը։ Օրինակ՝ չի կարելի տրվել այն սադրանքին, ըստ որի «Լավրովի հայտարարությունը վկայում է, որ ռուսը մեր թշնամին է»։ Պետք է հասկանալ նաև, որ Լավրովը թեև Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրականացման թիվ մեկ պատասխանատուն է, այդուհանդերձ նրա դիրքորոշումները չպետք է նույնացնել Ռուսաստանի ազգային-պետական շահերի համախումբ արտահայտության հետ. Ռուսաստանի պարագայում արտաքին քաղաքական շահերի ձևակերպումն ու որոշումների կայացումը բազմաբարդ գործընթաց է և կապված է ազդեցության մի քանի կենտրոնների հետ։ Այս ամենի մեջ ծանրակշիռ նշանակություն ունի Հայաստանի գործող իշխանությունների մեղքը։ Եթե ռազմավարական դաշնակիցդ թույլ է տալիս նման արտահայտություններ, նշանակում է, ամենաքիչը ճիշտ չես աշխատում նրա հետ։ Լավրովի այս արտահայտությունը ցավոք ցույց է տալիս, որ Հայաստանի՝ որպես դաշնակցի, գործընկերոջ սուբյեկտայնությունը ցածր մակարդակի վրա է, ինչը նշանակում է, որ նախ՝ ցածր է  Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը, երկրորդ՝ Հայաստանը քիչ նշանակություն է տալիս արտաքին քաղաքականության ռուսական ուղղությանը, երրորդ՝ չի իրականացնում նվազագույն մակարդակի դիվանագիտական հաղորդակցություն։   

-Ինչո՞ւ է Սերգեյ Լավրովի հայտարարությունն այդքան ցավագին ընկալվում այն դեպքում, երբ Փաշինյանի ու Ալիևի ստորագրած վերջին պայմանագրում Հայաստանը փաստացիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

- Ցավագին կարող է ընկալվել իմ կողմից, Ձեր կողմից, հանրության կողմից։ Իսկ իշխանությունները, նրանց մերձավոր շրջանակները, նրանց սպասարկող լրատվամիջոցներն ու հանրային կարծիքի «լիդերները» Լավրովի հայտարարությունը ոչ թե ցավագին են ընդունել, այլ, ընդհակառակը, ցնծությամբ են ընդունել, քանի որ սա նրանց համար առիթ է՝ հակառուսական օրակարգն առաջ տանելու համար։ Հանրությանը մեղադրել չի կարելի, նա գտնվում է սիստեմատիկ քարոզչական տեռորի տակ։ Դժվար է, բայց իսկապես պետք է մեր հայրենակիցներին ասել, որ իշխանական ու իշխանամերձ շրջանակների այս ջղաձգումներն իսկապես կեղծ են, կեղծ են, քանի որ իրենք արդեն քանիերորդ անգամ հայտարարել են, որ Արցախը Ադրբեջանի կազմում են տեսնում։ Նրանք թույլ են տալիս, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիները դնեն ուղեկալ, իբր այն նկատառումով, որ դա Ադրբեջանի տարածք է, և դա այն դեպքում, երբ այդ ճանապարհն ամբողջությամբ կառուցվել է ՀԽՍՀ-ի կողմից, ՀԽՍՀ-ի հողի վրա։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեն այս իշխանությունները օգտագործեն նման առիթները․ ոչ մի։ 

-Լավրովի հայտարարությունը, սակայն, որոշ քաղաքագետներ, կարծում են, ուղերձ էր, քանի որ բացի յոթ շրջանները հիշատակելուց, Լավրովը շեշտեց Լեռնային Ղարաբաղ տերմինը։ Դուք ինչ շեշտադրում տեսաք այդ հայտարարության մեջ։

- Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի հայտարարել, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները հայտարարել են, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ։ Սա նշանակում է, որ նրանք առնվազն տեսականորեն ըմբռնումով են մոտենում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարին, ուստի Հայաստանի դիվանագիտության խնդիրը պետք է լինի ամուր կառչելը բարենպաստ հիմքերից և շեշտը դնել ընդհանրությունների վրա։  

-ԱԺ-ում Ձեր ելույթում նշեցիք, որ կարող ենք հասնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, թեեւ Հայաստանի Հանրապետությունը չի զբաղվում այդ հարցով։ 

- Իմ խոսքի շեշտադրումը հետևյալն է եղել․ լսումները նվիրված էին Արցախի շրջափակմանը, ԱԺ հայտարարության նախագիծն էլ այդ մասին էր։ Իմ ասելիքն այն էր, որ հայտարարության մեջ բերված կոչերը ոչ միայն պետք է վերաբերեն ապաշրջափակմանը, այլև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Շրջափակումը ծանր ազդեցություն է թողնում Արցախում հումանիտար իրավիճակի վրա, սակայն Արցախի մեր եղբայրների ու քույրերի համար առավել ծանր է նրանց անորոշ ապագան, այդ անորոշությունը սրվում է, երբ նրանք տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն գործադրում Արցախի ինքնորոշմանը նպաստելու ուղղությամբ։ Ուստի ՀՀ ցանկացած պետական մարմնի հնարավոր յուրաքանչյուր նախաձեռնություն առաջին հերթին պետք է թիրախավորի Արցախի ինքնորոշումը։ Այս տեսանկյունից հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի Արցախի հարցով միջնորդական բանակցային ձևաչափը (ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահություն) կա՛մ վերագործարկվի, կա՛մ նոր ձևաչափ ստեղծվի։ Դրա իրավական հնարավորությունն այն է, որ ԵԱՀԿ-ն կամ Մինսկի Խմբի համանախագահությունը երբեք չեն հայտարարել, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված է, ընդհակառակը, նրանք հայտարարել են, որ չի լուծվել այդ հարցը։ Ուստի, իմ կարծիքով, այս առնչությամբ ՀՀ ԱԺ-ն ունակ է քայլ անել՝ դիմելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին՝ ձեռնարկելու միջնորդական ֆորմատի վերագործարկման կամ նոր ֆորմատի ստեղծման գործընթաց։ Իսկ, ինչպես տեսնում ենք, Հայաստանի գործող իշխանություններն են փաստացի ասում, որ Արցախը Ադրբեջանի կազմում են ճանաչում․ վերջին վառ օրինակը Գուրգեն Արսենյանի տխրահռչակ հայտարարությունն էր։ Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավորություն ունե՞նք պատերազմից հետո Արցախի ինքնորոշմանը հետամուտ լինելու, ապա պետք է ասել, որ նման հարցեր չպետք է առաջանան։ Իհարկե, կա հնարավորություն և, իհարկե, պետք է նպատակաուղղված աշխատանքներ տանել։ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ, թույլատրել է պատերազմական հանցագործություններ, օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքները, Հայաստանի Հանրապետության տարածքները․ այս ամենը միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ են և պետք է հասնել նրան պատժելուն։ Հե՞շտ է լինելու դա, իհարկե, ոչ։ Սակայն անհնար չէ։ Եթե մենք կառուցենք կենսունակ պետություն, ունենանք հզոր ռազմական ու տնտեսական ներուժ, բարձրացնենք մեր աշխարհաքաղաքական կշիռն ու վարենք ճիշտ դիվանագիտություն, մենք անկասկած կհասնենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը կամ ՀՀ-ի հետ նրա վերամիավորման միջազգային ճանաչմանը։  

- Ընդդիմությունն ի՞նչ կարող է անել, արդյոք անում է այն ամենը, ինչ կախված է իրենից եւ բնակչության հետ աշխատանքներ տարվո՞ւմ են։

- Ընդդիմության առանձին գործիչներ ամենօրյա տքնաջան աշխատանք են տանում հատկապես հանրային ճիշտ հաղորդակցության ուղղությամբ։ Սակայն որպես միասնական ինստիտուցիոնալ կառույց՝ խորհրդարանական ընդդիմությունը ցավոք դեռևս չի կարողանում օրակարգ թելադրել և արդյունավետորեն հակակշռել գործող իշխանություններին։ Առանձին գործիչներ, հատկապես երիտասարդ, բավական ընկալելի են հանրության շրջանում, ուստի կոնսոլիդացիայի հնարավորություններ տեսնում եմ։ Միևնույն ժամանակ շատ խնդիրներ կան, որոնք հստակ տեսանելի են հանրության կողմից։ Օրինակ՝ խորհրդարանական ընդդիմության դե ֆակտո առաջնորդների հարցը․ մի կողմից նրանք ունեն որոշակի ռեյտինգ և ավելի բարձր հակառեյտինգ, մյուս կողմից նրանք ո՛չ հեռանում են ասպարեզից, ո՛չ էլ միավորվում, ընդհանուր հայտարարի գալիս։ Այս խնդրին լուծում է պետք տալ։ Ինչ վերաբերում է ընդդիմության (խորհրդարանական կամ արտախորհրդարանական) մյուս անելիքներին, ապա նկատենք, որ քաղաքագիտական, փորձագիտական հանրույթը քանիցս փորձել է դեղատոմսեր առաջարկել, օրինակ՝ ձևավորել միասնական օրակարգ, մեկնարկել կոլեկտիվ լիդերության գործընթաց, մշակել հանրային հաղորդակցության արդյունավետ թեզեր և այլն։ Այս հարցում խորհրդարանական ընդդիմությունն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան մյուս գործողները։ Եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ հայտնվի իշխանության հայտ ներկայացնող կոլեկտիվ լիդերություն, որը կբավարարի հանրության նվազագույն պահանջները, ապա իշխանափոխությունն անխուսափելի կլինի։  

-Իրանի վրա հարձակումը ինչ նոր իրողությունների մասին է խոսում։ Հավանական համարու՞մ եք, որ այդ բախումների ֆոնին Հայաստանը կդառնա պատերազմի անմիջական գոտի։

- Հավանաբար հիշում եք, որ վերջին երկու տարվա ընթացքում Սյունիք ներխուժումը կասեցվեց, ի թիվս այլ հանգամանքների, առաջին հերթին Իրանի վճռական գործողությունների շնորհիվ։ Ուստի եթե Իրանը, Աստված մի արասցե, ներքաշվի պատերազմի մեջ, կնշանակի, որ նա ավելի քիչ հնարավորություններ կունենա Սյունիքի ուղղությամբ թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու համար։ Իսկ ռազմագործողությունների՝ Հայաստանում լինելը հավանական է, քանի որ գործող իշխանությունները երկիրը ցավոք տանում են դեպի աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմի հանգրվան։