Ովքեր են իրենց երեխաներին վաճառել թուրքերին. քննարկում են գյումրեցիները

Ովքեր են իրենց երեխաներին վաճառել թուրքերին. քննարկում են գյումրեցիները

Գյումրիում երեկվանից քննարկվում է Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի ասուլիսը: Վերջինս երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նորից բարձրացրեց մանկավաճառության հարցը, անդրադարձավ նաև ԱԱԾ-ի կողմից բացահայտված՝ մանկատներից երեխաների ապօրինի որդեգրման դեպքին, նշեց, որ ինքը ստացել է ահազանգեր, որոնց համաձայն՝ Գյումրու տնակներում ապրող շատ երեխաների վաճառում են Թուրքիա: Ինչո՞ւ Գյումրու տնակներ, ինչո՞ւ գյումրեցի երեխաներ: Հարցը քննարկվում է ե՛ւ Գյումրու փողոցներում, ե՛ւ համացանցում: Գյումրեցիների ինքնասիրությունը խոցված է. չէ՞ որ տնակում ապրելը պիտակ չէ:

«30 տարի և ավել ապրել ենք, դեռ ապրում ենք դոմիկներում, աշխարհում մեզ ճանաչում են որպես լավ մարզիկների, լավ նկարիչների, լավ դերասանների, լա՛վ, լա՛վ, լա՛վ, էլ ո՞րն ասենք: Գյումրին կա ու կմնա թասիբով, ավանդապաշտ, հյուրասեր, հացով, ջրով…, ինչ պայմանում էլ ապրի գյումրեցին»,- վիրավորված են  թասիբով գյումրեցիները: Արդյոք եղե՞լ են նման դեպքեր Գյումրիում, եւ արդարացի՞ է  գյումրեցիների ցասումը: Փորձում են մտաբերել, բայց որքան ջիգ են գործադրում, այնքան զայրույթը սաստկանում  է: «Ես չգիտեմ մեկ այլ վայրում բնակվող մարդկանց, որ այդքան զրկանքներ կրեն և պաշտեն իրենց երեխաներին, քան գյումրեցիները... մտածում են՝ Գյումրին կարելի է շահարկել... »,-Մարինա Խաչատրյանի հայտարարությունից ամենից շատ վրդովված  է «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, ով տնակային ավանների բոլոր բնակիչներից յուրաքանչյուրին գրեթե ճանաչում է:

Գյումրեցի Ղևոնդ Մարտիկյանն էլ հարազատ քաղաքում կատարված մի պատմություն է աղոտ հիշում. «Գյումրին փոքր քաղաք է, ու մեծամասամբ մենք բոլորս մեկմեկու ճանաչում ենք։
Անկախության օրերից ի վեր մեծամասնություն կազմող գյումրեցիներն անհատապես ճանաչում են մուրացկաններին, անառակաբարոներին, թմրամոլներին և, ինչո՞ւ չէ՝ իր երեխային վաճառողին։ Ըստ թևածող լուրերի, որը մոտ 20 և ավելի տարվա վաղեմության է, լսել եմ միայն երկու, թե երեք դեպք, մեկը՝ Գյումրու բնակիչ, սակայն ազգությամբ ոչ հայուհի, միայնակ մայր է եղել, իսկ մյուսը՝ հայուհի, բայց գյումրեցի չէր, միայնակ մայր էր, ուներ մի քանի երեխա, և ամենակարևորը՝ այդ դեպքերն իրավապահ մարմինները չեն ստուգել, և ոչ ոքի հանցանքն ապացուցված չէ»։

Մի բանում գյումրեցիները վստահ են: Եթե երկրաշարժի տարիներին երկկողմանի որբ երեխաներին հարազատները որդեգրեցին, պահեցին, փորձեցին մանկատուն չհանձնել, միթե հիմա են նման բաներ անելու:

Ինչևէ, բանախոսի երեկվա հայտարարությունից հետո մտահոգ են նաև գյումրեցի մտավորականներն ու պատգամավորները: Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կարծում է, որ թեեւ անիմաստ է այդ հայտարարությանն անդրադառնալը, բայց մի ողջ քաղաք է պիտակավորվել։ Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ շտապել է դիմել մարզի դատախազին: «Մարզի դատախազը փոխանցեց, որ ասուլիսի այդ հատվածն արդեն իր կողմից ուղարկվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որպեսզի ձեռնարկեն ստուգողական, օպերատիվ գործողություններ՝ ասուլիսում հայտարարված հանգամանքները պարզելու համար։ Արդյոք այս հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը՝ կպարզի ոստիկանությունը»,- տեղեկացնում է նա։ Քանդակագործ, նկարիչ Արթուր Գևորգյանն էլ նշում է, որ մտավորականների արձագանքը չի ուշանա. «Սպասում եմ՝ օրինապահների արձագանքը լինի, նոր կխոսանք, թե ինչ է նշանակում մեր քաղքի հետ կապված անհիմն խոսալը էդ կնոջ կողմից»: