Բացառապես փլուզումներ

Բացառապես փլուզումներ

ԱՄՆ դեսպանը մեկնել է Սյունիք: ՀՀ վարչապետն ընդունել է դեսպանին, Լին Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Արդարադատության նախարարը մեկնել է Լիտվա: Հայաստանի ֆոնդային բորսան վաճառվել է Վարշավայի ֆոնդային բորսային, ԿԲ-ն համաձայնել է:

Սորոսական մի կազմակերպություն նյութ է տարածել․ «Հավաքների մասնակիցների կողմից փողոցներ փակելու համաչափությունը՝ ՄԻԵԴ որոշումներում»: Հանրայինի եթերում նախկին ընդդիմադիր, այժմ իշխանական ճամբարում հայտնված եւ «հատուկ հանձնարարություններ» կատարող անձն իմաստուն կանխատեսումներ է արել, թե փողոց փակողները «սեպտեմբերից խելոք կգնան խորհրդարան», եւ խորհուրդ է տվել. «Թող գնան՝ Արցախում մի բնակավայր վերցնեն, իրենց անունից մի 50-100 տուն կառուցեն, դրանով կփրկեն Արցախը»:

Շիրակցի մի պատգամավոր, որի մինչօրենսդրական կենսագրությունը կազմված է 3 նախադասությունից` լրագրող եւ երկրորդ, թե երրորդ կարգի խմբագիր հայտնի օլիգարխի կայքում, հարցազրույց է տվել ու հայտարարել, որ ընդդիմությունը մանր խուլիգանություններ է անում եւ շոու սարքում․ «ՀՀ քաղաքացին իրենց ռադ է արել 2018-ին», «պետք է ականջներին մեծ օղ անեն, որ քաղաքացին ամեն ինչ հասկանում է»:

Դե իսկ այս շղթայի պսակն իրենց հավաքական շեֆի հայտարարություններն են ԱԺ-ում`ընդդիմության շարժումը լոգիստիկ իրավիճակ անվանելու եւ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման հետ համեմատելու մասին: Սրան լիովին համամիտ եմ` 2018-ից հետո մեր կյանքը բացառապես փլուզումների հետ է հնարավոր համեմատել` դրանք լինեն քաղաքական ու արժեհամակարգային, թե` Ծիծեռնակաբերդի, կարեւոր չէ: