Շանսեր ունենք, բայց առաջիկա երկու խաղից շատ բան է կախված․ Մանոյանը՝ հավաքականի առաջիկա հանդիպումների մասին

Շանսեր ունենք, բայց առաջիկա երկու խաղից շատ բան է կախված․ Մանոյանը՝ հավաքականի առաջիկա հանդիպումների մասին

«Մենք լավ շանսեր ունենք, բայց գիտեք՝ ինչ բարդ հանդիպումներ են դեռ մեզ սպասվում։ Բացի բարդից, ինչպես գիտենք, երկու խաղն էլ անընդմեջ խաղալու ենք մրցակցի հարկի տակ, ինչը նույնպես մեծ նշանակություն ունի։ Այդ երկու խաղերից իրոք շատ բան է կախված»,- անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Արարատ» ՖԱ-ի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։ Հիշեցնենք՝ այսօր, Երևանի ժամանակով 22։45-ին ԱԱ-2022–ի ընտրական փուլի հերթական տուրի շրջանակում մեր ընտրանին արտագնա խաղում մրցելու է Իսլանդիայի ընտրանու հետ։

Անդրադառնալով հավաքականի վերջին ելույթներին, մասնավորապես մեր ընտրանու անհաջողությանը՝ կապված Հայաստան-Լիխտենշտայն հանդիպման հետ, Մանոյանն ասաց․ «Նման խաղեր լինում են։ Մենք այդ խաղում բազմաթիվ գոլային պահեր ունեցանք, բազմաթիվ հարվածներ կատարեցինք, ուղղակի այդ օրը կարծես և իրենց դարպասապահի օրն էր, որը երևի իր կյանքի լավագույն հանդիպումը անցկացրեց, և նաև մեր տղերքի բախտը միանշանակ չբերեց, այլ հարցեր այս առումով, կարծում եմ, չկան, որովհետև մենք մոտիվացիայի պակաս հաստատ չենք ունեցել, ուղղակի այդ օրը այդպես ստացվեց։ Նման բաներ ֆուտբոլում շատ են լինում։ Նույն Գերմանիան, եթե հիշում եք, Մակեդոնիային պարտվեց, այսինքն՝ նման բաներ լինում են։ Զուտ հիմա պիտի կորցարածը հետ բերենք, որ մեր շանսերը պահպանվի»,- ասաց Մանոյանը։