Ես պաշտոնի համար չեմ գնում էդ պաշտոնին․ Մարզպետի քրոջ որդին՝ իր կողմից ճնշումների, առաջադրվելու մասին

Ես պաշտոնի համար չեմ գնում էդ պաշտոնին․ Մարզպետի քրոջ որդին՝ իր կողմից ճնշումների, առաջադրվելու մասին

Սյունիքի մարզի Տեղ համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ընտրություններ՝ առաջին անգամ համամասնական ընտրակարգով։  Տեղ գյուղում իշխանական ցուցակի առաջին համարը անհատ ձեռներեց, մասնագիտությամբ իրավաբան Դավիթ Ղուլունցն է։ Նա Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, մյուս թեկնածուն՝ Արավուս համայնքի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանն է, որը առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունից։

Իշխանությունը, Սյունիքի մարզպետն ամեն ինչ անում են, որ Ղուլունցի «ճամփեն բացեն»՝ հեռացնելով մյուս թեկնածուներին։ Օրերս մենք հրապարակում արեցինք, որ Հովսեփյանին չեզոքացնելու «օպերացիա» է սկսվել, որպեսզի իշխանական Ղուլունցը ընտրվի համայնքապետ։ Կարելի է ասել, որ Արգամ Հովսեփյանը ընդունել էր, որ իր նկատմամբ ճնշումներ կան։

Ավելի ուշ, Տեղ գյուղից Սեւակ Ավետիսյանը, ըստ մեր տեղեկությունների, իշխանության ճնշումների ազդեցության տակ չէր առաջադրվել՝ որպես թեկնածու, նրան սպառնացել էին գեներալ եղբոր նկատմամբ քրեական հետապնդումներով։

Դավիթ Ղուլունցը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի թեկնածուի չեն ճնշել․ «Նման անհեթեթություն չկա, չի էլ կարող լինել։ Կարող եք եւ Արգամ Հովսեփյանից հարցնել, եւ Սեւակ Ավետիսյանից, իրենց հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, հնարավոր չի, որ նման բան լինի, կարաք իրենցից հարցնեք»։

Նա նշեց, որ իր մարզպետ քեռին իրեն չի աջակցում այս ընտրություններում․ «Ինձ ժողովուրդն է աջակցում»։

-Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։

-Վերջում կերեւա։

-Յուրաքանչյուր թեկնածու մինչեւ ընտրությունը մոտավորապես պատկերացում է ունենում, թե քանի հոգի է իրեն ձայն տալու։

-Իմ շանսերը ժողովուրդը կասի, բայց ժողովրդի կարծիքով՝ ես մեծ շանսեր ունեմ, ժողովուրդն իր գնահատականը կտա։

-Ինչո՞ւ առաջադրվեցիք, ինչո՞ւ եք ցանկանում գյուղապետ լինել։

-Պաշտոնի համար չէ, զուտ համայնքի զարգացման համար, կյանքում ինձ պաշտոն պետք չի եղել, ես պաշտոնի համար չեմ գնում էդ պաշտոնին։

-Չէի՞ք կարող որպես անհատ աջակցել համայնքին։

-Ես աջակից եմ եղել համայնքին, թե՛ հետպատերազմյան շրջանում, թե 44-օրյա պատերազմում, թե՛ դրանից առաջ,ես միշտ աջակից եմ եղել համայնքին։