Տանել կոնկրետ եւ ագրեսիվ ռազմավարություն հայ կինոյի տարածման հարցում

Տանել կոնկրետ եւ ագրեսիվ ռազմավարություն հայ կինոյի տարածման հարցում

Հայ կինոյի մեկդարյա մեկնարկը կտրվի 2023-ի ապրիլի 16-ին` Կինոյի օրը, եւ կշարունակի տարբեր ծրագրերով նշվել մեկ տարի ու դեռ ավելին։ «Քանի որ 2024-ին Փարաջանովի 100-ամյակն է, այն կփոխանցվի եւ կշարունակվի տարբեր ծրագրերով նշվել նաեւ հաջորդ տարի: Ավելին` մենք ցանկություն ունենք Հայաստանի մարզերում, Երեւանում ամեն շաբաթ ցուցադրել հայկական ֆիլմեր, որոնց մուտքը կլինի ազատ եւ հասանելի բոլորին»,- իր խոսքում նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ով Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ ներկայացրեց, թե ինչ հոբելյանական ծրագրեր ու միջոցառումներ են սպասվում:      

«100-ամյակի հետ կապված Կինոկենտրոնի հիմնական նպատակը մաքսիմալ շատ ֆիլմեր վերականգնելն է: Կան նաեւ պայմանավորվածություններ տարբեր փառատոների հետ` ունենալ հայկական կինոյի օրեր, իսկ Կանն քաղաքում հաջորդ տարի, մեկ շաբաթ շարունակ, տեղի կունենան հայկական կինոյի ցուցադրություններ»: 

Կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանն էլ նկատեց, որ հայ կինոյի 100 ամյակը զուտ տոնելու առիթ չէ։ «Մեր նպատակն այդքան հրավառություններ եւ տոնակատարություններ կազմակերպելը չէ, ինչքան հայ կինոյի պահպանման եւ տարածման հետ կապված շատ կոնկրետ եւ ագրեսիվ ռազմավարություն տանելը, քանի որ այսօրվա համատեքստում դա նաեւ քաղաքական խնդիր է` մեր կինոժառանգությունը դրսում հանրայնացնելը, որին միտված նախագծեր եւ պայմանավորվածություններ արդեն կան»,- ասաց նա ու հավելեց, որ դրսում կա այդ հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ, բայց, ցավոք, հայկական ֆիլմերի 90 տոկոսը չունի ենթագրեր, ինչը նույնպես ռազմավարության հարց է եւ դժվարացնում է դրանց հանրայնացումը միջազգային հարթակներում:   

«Բոլոր այն ֆիլմերը, որ մինչ այս վերականգնվել են ու թվայնացվել, շատ քիչ են, բացի այդ՝ արվել են արտերկրում, քանի որ այստեղ չունեինք այն ներուժը, որը թույլ կտար տեղում իրականացնել այդ աշխատանքը»: Կինոկենտրոնը մեծ հույս ունի եւ աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի Հայստանում հիմնադրվի վերականգնման մասնագիտացված, միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատորիա, որտեղ կթվայնացվեն եւ կվերականգնվեն ոչ միայն հայկական, այլեւ դրսի ֆիլմեր: 

«Համո Բեկնազարյանի վերջին` «2-րդ քարավան» հայկական ֆիլմը գրաքննվել եւ ավարտին չի հասցվել, սակայն նկարահանվել, մոնտաժվել է այնքան նյութ, որը մեզ հնարավորություն է տալիս ինչ-որ առումով վերակառուցել ֆիլմի ամբողջական տեսքը եւ ներկայացնել այն հանրությանը առաջին անգամ: Այս տարվա սկզբին մեզ հաջողվեց ստանալ այդ ֆիլմի թվային պատճենը` ցածր որակով, եւ դրա հիման վրա ձեռք է բերվել համաձայնություն Ամերիկայում ամենակարեւոր արխիվներից մեկի հետ, որը համագործակցելու է մեզ հետ այդ ֆիլմի վերականգնման նախագծի շուրջ: Այս տարի մեզ կհաջողվի թվայնացնել Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» ֆիլմը, աշխատում ենք նաեւ նրա համր ֆիլմերի երաժշտական զուգակցումների վրա, քանի որ դրանց բացակայությունը մեծապես խանգարում էր այդ ֆիլմերի ցուցադրմանը: Ընդհանարպես, մեր նպատակն է՝ ունենալ իր ստեղծագործական ժառանգությունն ամբողջովին, քանի որ համոզված ենք` այն ներկայացնում է համաշխարհային կարեւորություն»: